ԴԱՍ 14
Ինչպե՞ս Եհովային հաճելի երկրպագություն մատուցենք
Ինչպես քննարկեցինք նախորդ դասում, ոչ բոլոր կրոններն են ընդունելի Աստծուն։ Սակայն մենք կարող ենք այնպես պաշտել մեր Ստեղծչին, որ նա ուրախ լինի։ Ո՞ր կրոնը կամ երկրպագությունն է հաճելի Աստծուն (Հակոբոս 1։27)։ Նկատի առ, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։
1. Ինչի՞ վրա պետք է հիմնված լինի մեր երկրպագությունը
Մեր երկրպագությունը պետք է հիմնված լինի Աստվածաշնչի վրա։ Հիսուսն ասաց Աստծուն. «Քո խոսքը ճշմարտություն է» (Հովհաննես 17։17)։ Որոշ կրոններ արհամարհում են Աստծու Խոսքում պարփակված ճշմարտությունը։ Նրանք այն փոխարինում են մարդկային ուսմունքներով ու ավանդույթներով։ Սակայն Եհովան հավանություն չի տալիս նրանց, ովքեր «արհամարհում են Աստծու պատվիրանը» (կարդա Մարկոս 7։9)։ Բայց եթե Աստվածաշնչով առաջնորդվենք, կուրախացնենք նրա սիրտը։
2. Ինչպե՞ս պետք է պաշտենք Եհովային
Լինելով մեր Ստեղծիչը՝ Եհովան արժանի է մեր բացարձակ նվիրվածությանը (Հայտնություն 4։11)։ Դա նշանակում է, որ մենք պետք է սիրենք նրան և միայն նրան պաշտենք առանց որևէ կուռք կամ նկար օգտագործելու (կարդա Եսայիա 42։8)։
Մեր երկրպագությունը պետք է լինի «սուրբ և [Եհովային] ընդունելի» (Հռոմեացիներ 12։1)։ Դա նշանակում է, որ մենք պետք է ապրենք նրա բարոյական չափանիշներով։ Օրինակ՝ նրանք, ովքեր սիրում են Եհովային, սիրում են ամուսնության վերաբերյալ նրա սահմանած չափանիշները և հետևում են դրանց։ Նրանք նաև խուսափում են վնասակար սովորություններից, ինչպիսիք են, օրինակ, ծխախոտի, թմրանյութերի օգտագործումը և ալկոհոլի չարաշահումը։ a
3. Ինչո՞ւ պետք է Եհովային պաշտենք մեր հավատակիցների հետ
Մեր շաբաթական հանդիպումները մեզ հնարավորություն են տալիս «գովերգելու Եհովային.... ժողովի մեջ» (Սաղմոս 111։1, 2)։ Աստծուն երգով փառաբանելը մեր երկրպագության ձևերից մեկն է (կարդա Սաղմոս 104։33)։ Եհովան ուզում է, որ հաճախենք հանդիպումներին, քանի որ սիրում է մեզ և գիտի, որ դրանց օգնությամբ կարող ենք վայելել կյանքը հավիտյան։ Հանդիպումներին մենք փոխադարձ քաջալերություն ենք ստանում։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե Եհովան ինչու չի ուզում, որ իրեն պաշտենք պատկերների միջոցով։ Նաև իմացիր, թե հիմնականում ինչ կերպերով կարող ենք գովաբանել Աստծուն։
4. Մենք չպետք է պատկերներ գործածենք մեր երկրպագության մեջ
Որտեղի՞ց գիտենք, որ այդպես վարվելը տհաճ է Աստծուն։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
-
Ի՞նչ պատահեց, երբ աստվածաշնչյան ժամանակներում Աստծու ժողովրդից ոմանք փորձեցին նրան կուռքի միջոցով երկրպագել։
Որոշ մարդիկ մտածում են, որ եթե պատկերներ գործածեն երկրպագության մեջ, իրենց ավելի մոտ կզգան Աստծուն։ Իսկ հնարավո՞ր է, որ այդպես անելը նրանց հեռացնի Աստծուց։ Կարդացեք Ելք 20։4–6 և Սաղմոս 106։35, 36 համարները և քննարկեք հետևյալ հարցերը։
-
Նկատե՞լ ես՝ ինչ առարկաներ կամ պատկերներ են մարդիկ գործածում իրենց երկրպագության մեջ։
-
Եհովան ինչպե՞ս է վերաբերվում պատկերների գործածությանը։
-
Իսկ դու ինչպե՞ս ես վերաբերվում դրան։
5. Երկրպագելով միայն Եհովային՝ մենք ազատվում ենք սխալ գաղափարներից
Տես, թե Եհովային ընդունելի երկրպագությունն ինչպես կարող է ազատել մեզ սխալ գաղափարներից։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Կարդացեք Սաղմոս 91։14 և քննարկեք հետևյալ հարցը։
-
Եհովան ի՞նչ է խոստանում մեզ, եթե միմիայն նրան երկրպագենք՝ այդպիսով ցույց տալով մեր սերը։
6. Մենք երկրպագում ենք Աստծուն ժողովի հանդիպումներին
Ժողովի հանդիպումներին երգելով և մեկնաբանություններ տալով՝ մենք գովաբանում ենք Եհովային և քաջալերում միմյանց։ Կարդացեք Սաղմոս 22։22 և քննարկեք հետևյալ հարցերը։
-
Ժողովի հանդիպումների ժամանակ հաճելի՞ է մեկնաբանություններ լսելը։
-
Կցանկանա՞ս պատրաստվել ու մեկնաբանություն տալ։
7. Եհովային հաճելի է, երբ ուրիշներին պատմում ենք մեր սովորածի մասին
Աստվածաշնչյան ճշմարտությունները մարդկանց հայտնելու շատ ձևեր կան։ Կարդացեք Սաղմոս 9։1 և 34։1 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
-
Կա՞ այնպիսի բան, որ սովորել ես Աստվածաշնչից և ցանկանում ես պատմել ինչ-որ մեկին։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ինչ էլ անես, Աստծուն չես հաճեցնի»։
-
Իսկ դու ի՞նչ ես կարծում։
ԱՄՓՈՓՈՒՄ
Մենք հաճեցնում ենք մեր Ստեղծչին, երբ միայն նրան ենք պաշտում, գովաբանում ենք նրան ժողովի հանդիպումների ժամանակ և պատմում ենք ուրիշներին մեր սովորածի մասին։
Վերհիշենք
-
Որտեղի՞ց կարող ենք իմանալ, թե որն է Աստծուն ընդունելի երկրպագությունը։
-
Ինչո՞ւ պետք է միայն Եհովային պաշտենք։
-
Ինչո՞ւ պետք է երկրպագենք Աստծուն ոչ թե մենակ, այլ այն մարդկանց հետ, որոնք ցանկանում են հաճեցնել նրան։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
«Այլևս կուռքերի գերին չեմ» պատմությունը ընթերցելիս տես, թե մի կին ինչպես ազատվեց կռապաշտությունից։
«Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը» («Դիտարան», 2011 թ. հուլիսի 1)
Տես, թե ինչը կարող է օգնել քեզ մեկնաբանություն տալ ժողովի հանդիպման ժամանակ։
«Գովաբանիր Եհովային ժողովի մեջ» («Դիտարան», 2019 թ. հունվար)
Դիտիր տեսանյութ մի տղամարդու մասին, որը շատ օգուտներ քաղեց ժողովի հանդիպումներից, չնայած իր համար դժվար էր դրանց հաճախելը։
Շատ մարդիկ կարծում են, որ խաչը քրիստոնեության խորհրդանիշն է։ Արդյո՞ք այն ճիշտ է օգտագործել երկրպագության մեջ։
a Այս թեմաներին կանդրադառնանք հետագա դասերում։