Հավելյալ տեղեկություններ
1. Ի՞նչ է խորհրդանշում Մեծ Բաբելոնը
Որտեղի՞ց գիտենք, որ «Մեծ Բաբելոնը» բոլոր կեղծ կրոնների ամբողջությունն է (Հայտնություն 17։5)։ Քննիր հետևյալ փաստերը։
-
Մեծ Բաբելոնը համաշխարհային ազդեցություն ունի։ Աստվածաշնչում ասվում է, որ Մեծ Բաբելոնը նստած է «բազմությունների, ազգերի» վրա։ Նա նաև «թագավորում է երկրի թագավորների վրա» (Հայտնություն 17։15, 18)։
-
Մեծ Բաբելոնը քաղաքական կամ առևտրային կազմակերպություն չէ։ «Երկրի թագավորները» և «վաճառականները» սգալու են նրա մահը (Հայտնություն 18։9, 15)։
-
Մեծ Բաբելոնը վարկաբեկում է Աստծուն։ Նա կոչվում է պոռնիկ, քանի որ շահադիտական նկատառումներով սերտորեն համագործակցում է իշխանությունների հետ (Հայտնություն 17։1, 2)։ Նա մոլորեցնում է բոլոր ազգերի մարդկանց և պատասխանատու է շատերի մահվան համար (Հայտնություն 18։23, 24)։
Վերադառնալ 13-րդ դասի 6-րդ կետը
2. Ե՞րբ էր հայտնվելու Մեսիան
Աստվածաշնչում մարգարեացվել էր, որ Մեսիան հայտնվելու էր մի ժամանակահատվածի վերջում, որը կոչվում է 69 շաբաթ (կարդա Դանիել 9։25)։
-
Ե՞րբ սկսվեցին 69 շաբաթները։ Մ. թ. ա. 455 թ.-ին՝ այն նույն տարում, երբ Նեեմիան եկավ Երուսաղեմ և սկսեց «վերականգնել և վերաշինել» ավերված քաղաքը (Դանիել 9։25; Նեեմիա 2։1, 5–8)։
-
Որքա՞ն տևեցին 69 շաբաթները։ Աստվածաշնչյան որոշ մարգարեություններում մեկ օրը ներկայացնում է մեկ տարի (Թվեր 14։34; Եզեկիել 4։6)։ Այսպիսով, եթե մեկ շաբաթը յոթ տարի է, ուրեմն 69 շաբաթը 483 տարի է (69 x 7)։
-
Ե՞րբ ավարտվեցին 69 շաբաթները։ Եթե մ. թ. ա. 455 թ.-ից հաշվենք 483 տարի, կհասնենք մ. թ. 29 թ.։ a Հենց այդ տարի Հիսուսը մկրտվեց և դարձավ Մեսիա (Ղուկաս 3։1, 2, 21, 22)։
Վերադառնալ 15-րդ դասի 5-րդ կետը
3. Արյուն պարունակող բժշկական պրոցեդուրաներ
Կան բժշկական պրոցեդուրաներ, որոնց ժամանակ մարդու սեփական արյունն է օգտագործվում։ Դրանցից մի քանիսն անընդունելի են քրիստոնյաների համար, օրինակ՝ մենք արյուն չենք նվիրաբերում, նաև չենք պահեստավորում մեր արյունը վիրահատությունից առաջ, որ հետո կրկին մեզ ներարկվի (2 Օրենք 15։23)։
Սակայն կան պրոցեդուրաներ, որոնք կարող են ընդունելի լինել։ Օրինակ՝ արյան ախտորոշումը, հեմոդիալիզը (արյունատարրալուծում), հեմոդիլյուցիան (արյունանոսրացում), ռեինֆուզիան (սել սելվիջը) կամ արյան արհեստական շրջանառության սարքավորման օգտագործումը։ Յուրաքանչյուր քրիստոնյա ինքը պետք է որոշի, թե իր արյունը ինչպես է օգտագործվելու վիրաբուժական պրոցեդուրաների, ախտորոշման և բուժման ընթացքում։ Հնարավոր է՝ բժիշկները փոքր-ինչ այլ ձևով կիրառեն այս պրոցեդուրաները։ Ուստի նախքան որևէ վիրաբուժական պրոցեդուրայի, ախտորոշման կամ բուժմեթոդի համաձայնություն տալը քրիստոնյան պետք է մանրամասնորեն ճշտի, թե կոնկրետ ինչպես է օգտագործվելու իր սեփական արյունը։ Մտածիր հետևյալ հարցերի շուրջ։
-
Եթե իմ արյան մի մասը դուրս է բերվելու իմ օրգանիզմից, և արյան հոսքը, հնարավոր է, նույնիսկ դադարեցվելու է որոշ ժամանակով, արդյոք խիղճս թույլ կտա՞, որ այդ արյունը համարեմ իմ օրգանիզմի մի մասը, որը պետք չէ «գետին թափել» (2 Օրենք 12։23, 24)։
-
Աստվածաշնչով դաստիարակված իմ խիղճը չի՞ տանջի, եթե բժշկական պրոցեդուրայի ժամանակ իմ արյան որոշ մասը վերցվի, բուժական նպատակներով որոշակի փոփոխության ենթարկվի ու կրկին վերադարձվի իմ օրգանիզմ կամ օգտագործվի վիրահատական վերքի բուժման համար։
Վերադառնալ 39-րդ դասի 3-րդ կետը
4. Անջատ ապրել
Աստծու Խոսքը չի խրախուսում ամուսիններին անջատ ապրել, իսկ անջատ ապրելու դեպքում էլ արգելում է նորից ամուսնանալ (1 Կորնթացիներ 7։10, 11) Քրիստոնյան գուցե որոշի անջատ ապրել հետևյալ դեպքերում։
-
Երբ կողակիցը միտումնավոր հոգ չի տանում ընտանիքի մասին։ Ամուսինը հրաժարվում է հոգալ ընտանիքի նյութական կարիքները՝ ընտանիքին թողնելով առանց անհրաժեշտ դրամական միջոցների և ուտելիքի (1 Տիմոթեոս 5։8)։
- Երբ կողակիցը ծայրահեղ ֆիզիկական բռնություն է գործադրում։ Այդ բռնությունը այն աստիճանի է, որ կնոջ կամ ամուսնու առողջությանը կամ կյանքին վտանգ է սպառնում (
-
Երբ Եհովայի հետ փոխհարաբերությունները ծայրաստիճան վտանգված են։ Կինը կամ ամուսինը կողակցի համար անհնարին է դարձնում Եհովային ծառայելը (Գործեր 5։29)։
5. Տոներ և տոնակատարություններ
Քրիստոնյաները չեն մասնակցում այնպիսի տոների, որոնք տհաճ են Եհովային։ Այսպիսի տոների հետ կապված որոշումներ կայացնելիս յուրաքանչյուր քրիստոնյա պետք է առաջնորդվի Աստվածաշնչով կրթված իր խղճով։ Քննենք մի քանի իրավիճակ։
-
Որևէ մեկը տոնի կապակցությամբ շնորհավորում է քեզ։ Դու կարող ես պարզապես ասել՝ շնորհակալություն։ Եթե այդ անհատը այլ հարցեր տա, կարող ես նրան բացատրել, թե ինչու չես նշում տոնը։
-
Տոնի ժամանակ քրիստոնյայի ոչ Վկա կողակիցը նրան ասում է, որ միասին գնան ազգականների հետ ճաշկերույթի։ Եթե քո խիղճը թույլ է տալիս, որ գնաս, այդ դեպքում կարող ես կողակցիդ բացատրել, որ եթե ճաշկերույթի ժամանակ աստվածաշնչյան սկզբունքներին հակասող սովորույթներ լինեն, ապա դու չես մասնակցի դրանց։
-
Գործատերդ քեզ պարգևավճար է առաջարկում տոների ժամանակ։ Պե՞տք է մերժես այն։ Պարտադիր չէ։ Փորձիր հասկանալ՝ գործատերդ պարգևավճարը համարում է տոնակատարության մի մաս, թե պարզապես գնահատանք արտահայտելու միջոց։
-
Ինչ-որ մեկը տոների ժամանակ քեզ նվեր է տալիս։ Նվեր տվողը գուցե ասի. «Գիտեմ, որ չես նշում այս տոնը, բայց ուզում եմ սա սրտանց քեզ նվիրել»։ Գուցե այդ մարդը պարզապես ուզում է բարություն դրսևորել քո հանդեպ։ Սակայն խորհիր՝ հիմքեր կա՞ն մտածելու, որ նա այդպիսով ուզում է ստուգել, թե որքանով ես հավատարիմ քո սկզբունքներին, կամ փորձում է քեզ ներգրավել այդ տոնակատարության մեջ։ Այս ամենը հաշվի առնելով՝ ինքդ պետք է որոշես՝ ընդունել նվերը, թե ոչ։ Մենք ուզում ենք բոլոր հարցերում այնպիսի որոշումներ կայացնել, որ մաքուր խիղճ ունենանք և Եհովային հավատարիմ մնանք (Գործեր 23։1)։
Վերադառնալ 44-րդ դասի 1-ին կետը
6. Վարակիչ հիվանդություններ
Մարդկանց հանդեպ սիրուց մղված՝ մենք զգուշություն ենք դրսևորում, որպեսզի չտարածենք վարակիչ հիվանդություններ։ Մենք այդպես ենք վարվում ոչ միայն այն ժամանակ, երբ վարակիչ հիվանդություն ունենք, այլ նաև երբ կասկածում ենք, որ վարակակիր ենք։ Այդպես մենք հետևում ենք աստվածաշնչյան հետևյալ սկզբունքին. «Սիրի՛ր մերձավորիդ քո անձի պես» (Հռոմեացիներ 13։8–10)։
Գործնականում ինչպե՞ս կարող ենք կիրառել այս պատվերը։ Վարակված անհատը չպետք է ողջագուրվի ուրիշների հետ կամ համբուրի նրանց։ Նա չպետք է վատ զգա, երբ ոմանք ընտանիքի առողջությունը չվտանգելու համար չհրավիրեն նրան իրենց տուն։ Վարակիչ հիվանդություն ունեցող անհատը նաև պետք է նախքան մկրտվելը այդ մասին տեղյակ պահի երեցների խորհրդի կոորդինատորին, որպեսզի քայլեր ձեռնարկվեն մկրտության մյուս թեկնածուների առողջությունը չվտանգելու համար։ Այն անհատը, որը հնարավոր է՝ վարակիչ հիվանդություն ունի, նախքան հակառակ սեռի անհատի հետ մտերմություն սկսելը պետք է հոժարակամորեն արյան անալիզ հանձնի։ Այդպես վարվելով՝ մենք ցույց կտանք, որ «ոչ միայն մեր շահն [ենք] փնտրում, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2։4)։
Վերադառնալ 56-րդ դասի 2-րդ կետը
7. Գործարքային և դատաիրավական հարցեր
Մենք շատ խնդիրներից կարող ենք խուսափել, եթե մեր բոլոր ֆինանսական գործարքները գրավոր կնքենք, անգամ եթե գործ ենք ունենում հավատակիցների հետ (Երեմիա 32։9–12)։ Եթե քրիստոնյաները գործարքային որևէ հարցի հետ կապված տարաձայնություն են ունենում, պետք է փորձեն այն անմիջապես լուծել խաղաղ կերպով և առանց այլ անձանց միջամտության։
Իսկ ինչպե՞ս պետք է լուծենք այնպիսի լուրջ խնդիրներ, ինչպիսիք են զրպարտությունը կամ խարդախությունը (կարդա Մատթեոս 18։15–17)։ Հիսուսը պատվիրել է հետևյալ երեք քայլերը անել։
-
Փորձել իրար հետ հարթել խնդիրը (տես 15-րդ համարը)։
-
Եթե չի հաջողվում, խնդրել, որ ժողովից մեկ կամ երկու հասուն քրիստոնյա օգնեն ձեզ (տես 16-րդ համարը)։
-
Եթե հարցը չլուծվի, միայն դրանից հետո դիմել երեցներին (տես 17-րդ համարը)։
Հարցը լուծելու համար չպետք է շտապենք դիմել դատարան, քանի որ դա կարող է վարկաբեկել Եհովայի անունը և ժողովի համբավը (1 Կորնթացիներ 6։1–8)։ Սակայն լինում են իրավիճակներ, որոնց դեպքում գուցե հարկավոր լինի իրավական մարմիններին դիմել, օրինակ՝ ամուսնալուծության, երեխայի խնամակալության, ալիմենտի վճարման, ապահովագրական հատուցման, անվճարունակ ճանաչվելու, կտակի և նման այլ հարցերի դեպքում։ Երբ քրիստոնյան դատարան է դիմում, որ խնդիրը հնարավորինս խաղաղ ձևով լուծվի, դրանով չի ոտնահարում աստվածաշնչյան սկզբունքը։
Քրիստոնյան նաև չի խախտում աստվածաշնչյան սկզբունքը, երբ պետական մարմիններին հայտնում է այնպիսի լուրջ հանցագործությունների մասին, ինչպիսիք են, օրինակ, բռնաբարությունը, մանկապղծությունը, հարձակումը, խոշոր գողությունը կամ սպանությունը։
a Մ.թ.ա. 455 թվականից մինչև մ.թ.ա. 1 թվականը 454 տարի է։ Մ.թ.ա. 1 թվականից մինչև մ.թ. 1 թվականը 1 տարի է (0 թվական չկա)։ Իսկ մ.թ. 1 թվականից մինչև մ.թ. 29 թվականը 28 տարի է։ Այս երեք թվերը իրար գումարելով՝ ստանում ենք 483 տարի։