Նամակ Կառավարիչ մարմնից
Սիրելի՛ հավատակից,
Ինչպես գիտես, Աստվածաշնչում խոսվում է հավատարիմ տղամարդկանց ու կանանց մասին, ովքեր բախվել են այնպիսի դժվարությունների, որոնց մենք ենք բախվում այսօր, և «այնպիսի զգացմունքներ են ունեցել, ինչպիսիք որ մենք ունենք» (Հակոբոս 5։17)։ Ոմանք ծանրաբեռնված են եղել հոգսերով ու պայքարել են տարբեր ճնշումների դեմ։ Մյուսները մեծ ցավ են ապրել իրենց ընտանիքի անդամների կամ հավատակիցների պատճառով։ Շատերն էլ սխալներ են գործել ու տանջվել մեղավորության զգացումից։
Արդյո՞ք նրանք թողել ու մոռացել են Եհովային։ Ո՛չ։ Սաղմոսերգուի նման՝ շատերն աղոթել են. «Թափառում եմ կորած ոչխարի պես։ Փնտրի՛ր քո ծառային, որովհետև քո պատվիրանները ես չեմ մոռացել» (Սաղմոս 119։176)։ Ծանո՞թ են քեզ այս զգացումները։
Եթե այո, ապա հիշիր. Եհովան երբեք չի մոռանում իր այն ծառաներին, ովքեր հեռացել են հոտից։ Հակառակը՝ նա ցույց է տալիս իր սերն ու հոգատարությունը նրանց հանդեպ և հաճախ դա անում է հավատակիցների միջոցով։ Մտածիր, թե Եհովան ինչպես օգնեց իր ծառա Հոբին, որին սարսափելի դժբախտություններ պատահեցին. նա սնանկացավ, կորցրեց երեխաներին, տառապեց ցավագին հիվանդությունից, նրան մեղադրեցին ընկերները, ովքեր այդ պահին պետք է աջակցեին նրան։ Բայց նա երես չթեքեց Եհովայից, թեև մի որոշ ժամանակ սխալ մտածելակերպ ուներ (Հոբ 1։22; 2։10)։ Ինչպե՞ս Եհովան օգնեց Հոբին վերականգնելու իր հավասարակշռությունը։
Եհովան Հոբին օգնեց Եղիուսի միջոցով։ Երբ Հոբն արտահայտեց իր մտահոգությունները, Եղիուսը նախ լսեց նրան, հետո խոսեց։ Ի՞նչ ասաց նա։ Արդյոք քննադատե՞ց Հոբին։ Մեղավորության կամ ամոթի զգացո՞ւմ առաջացրեց՝ փորձելով մղել նրան փոխելու իր մտածելակերպը։ Բա՞րձր դասեց իրեն Հոբից։ Ամենևի՛ն։ Աստծու ոգուց ներշնչված՝ նա ասաց. «Ճշմարիտ Աստծու համար ես նույնն եմ, ինչ որ դու, ես նույնպես կավից եմ ձևավորվել»։ Ապա հավաստիացրեց Հոբին. «Իմ մեջ ոչ մի վախենալու բան չկա, որ սարսափեցնի քեզ, և իմ կողմից ոչ մի ճնշում չի ծանրաբեռնի քեզ» (Հոբ 33։6, 7)։ Եղիուսը ոչ թե ավելի ծանրացրեց Հոբի բեռը, այլ սիրուց մղված՝ տվեց այն խորհուրդն ու քաջալերանքը, որի կարիքը Հոբը ուներ։
Համոզված եղիր, որ այս գրքույկում տեղ գտած մտքերը մենք նույն ոգով ենք շարադրել։ Նախ՝ մենք լսել ենք այն անհատներին, ովքեր հեռացել են ժողովից, և հաշվի ենք առել նրանց հանգամանքները (Առակներ 18։13)։ Հետո՝ աղոթքով քննել ենք աստվածաշնչյան այն արձանագրությունները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Եհովան անցյալում օգնել իր ծառաներին, երբ նրանք նմանատիպ դժվարությունների են բախվել։ Ապա՝ նկատի ունենալով այդ արձանագրությունները և ժամանակակից օրինակները՝ կազմել ենք այս գրքույկը։ Մենք սրտանց հորդորում ենք քեզ քննել այն։ Հավաստիացնում ենք քեզ մեր անկեղծ սիրո մեջ։
Եհովայի վկաների Կառավարիչ մարմին