Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՄԱՍ 2

Կյանքի հոգսեր​—«Ամեն կողմից ճնշված ենք»

Կյանքի հոգսեր​—«Ամեն կողմից ճնշված ենք»

«25 տարվա համատեղ կյանքից հետո ես ու ամուսինս բաժանվեցինք։ Երեխաներս թողեցին ճշմարտությունը։ Ես առողջական լուրջ խնդիրներ ունեցա։ Խոր հուսահատության մեջ էի ընկել, ասես աշխարհը փուլ էր եկել գլխիս։ Այլևս ի վիճակի չէի պայքարելու։ Դադարեցի ժողովի հանդիպումներին հաճախելուց ու դարձա ոչ ակտիվ» (Ջուն)։

ԿՅԱՆՔԻ հոգսեր ու մտահոգություններ բոլորն ունեն, այդ թվում նաև Աստծու ծառաները։ Սաղմոսերգուն գրել է. «Ինձ անհանգստացնող մտքերը շատացան իմ ներսում» (Սաղմոս 94։19)։ Հիսուսն ասել է, որ վերջին օրերում «կյանքի հոգսերը» ծանրացնելու են մեր կյանքը, ինչի հետևանքով Եհովային ծառայելը դժվար է լինելու (Ղուկաս 21։34)։ Դու է՞լ ունես ֆինանսական, ընտանեկան կամ առողջական խնդիրներ։ Ինչպե՞ս կարող է Եհովան օգնել քեզ հաղթահարելու դրանք։

«Սովորականին գերազանցող ուժը»

Մեր ուժերով չենք կարող պայքարել խնդիրների դեմ։ Պողոս առաքյալը գրեց. «Ամեն կողմից ճնշված ենք.... շփոթության մեջ ենք.... վայր ենք գցված»։ Սակայն նա նաև նշեց, որ տարբեր խնդիրներ ունենալով հանդերձ մենք «նեղ դրության մեջ չենք.... անելանելի վիճակում չենք.... կործանված» չենք։ Ի՞նչն է օգնում մեզ տոկալու։ «Սովորականին գերազանցող ուժը»՝ ուժ, որը գալիս է ամենակարող Աստծուց՝ Եհովայից (2 Կորնթացիներ 4։7–9

Հիշիր, թե ինչպես է Եհովան անցյալում «սովորականին գերազանցող ուժը» տվել քեզ։ Հիշո՞ւմ ես, թե ինչպես քաջալերական մի ելույթ քո գնահատանքը մեծացրեց Եհովայի նվիրված սիրո հանդեպ։ Մի՞թե Եհովայի խոստումների հանդեպ քո հավատը ավելի ամուր չէր դառնում, երբ ուրիշներին սովորեցնում էիր ապագա դրախտի մասին։ Երբ հաճախում ենք ժողովի հանդիպումներին և մեր հավատի մասին խոսում ենք մարդկանց հետ, զորություն ենք ստանում հաղթահարելու կյանքի հոգսերը, մեր միտքը խաղաղվում է և ուրախությամբ շարունակում ենք ծառայել Եհովային։

«Ճաշակեք և տեսեք, որ Եհովան բարի է»

Երբեմն ճնշումները գալիս են մի քանի կողմից միաժամանակ։ Եհովան ուզում է, որ Թագավորությունը մեր կյանքում առաջին տեղում դնենք և պահպանենք մեր հոգևոր սովորությունները (Մատթեոս 6։33; Ղուկաս 13։24)։ Բայց ի՞նչ անել, երբ ընտանիքի անդամների կամ գործընկերների կողմից հալածանքը, վատ առողջությունը և այլ խնդիրներ ջլատում են մեզ, իսկ աշխատանքը խլում է մեր ժամանակն ու էներգիան, որ պետք է տրամադրեինք հոգևոր գործերին։ Ինչ խոսք, անչափ դժվար է ունենալ շատ պարտականություններ և խնդիրներ, բայց քիչ ժամանակ և ուժեր։ Հնարավոր է՝ մտածես, որ Եհովան չափից շատ բան է պահանջում քեզնից։

Եհովան հասկանում է մեզ։ Նա երբեք ավելին չի պահանջում մեզնից։ Մեր սիրառատ Հայրը գիտի, որ ժամանակ է պետք ֆիզիկական և էմոցիոնալ առումով ապաքինվելու համար (Սաղմոս 103։13, 14

Ուշադրություն դարձրու, թե Եհովան ինչպես հոգ տարավ Եղիա մարգարեի մասին։ Վերջինս այնքան էր վհատվել ու վախով համակվել, որ փախավ անապատ։ Սակայն արդյո՞ք Եհովան հանդիմանեց մարգարեին և պատվիրեց անհապաղ վերադառնալ ու կատարել իր պարտականությունները։ Ո՛չ։ Երկու անգամ Եհովան իր հրեշտակին ուղարկեց, որ նա մեղմորեն արթնացնի քնած Եղիային ու կերակուր տա։ Սակայն նույնիսկ 40 օր անց Եղիայի վհատությունն ու վախը չանցան։ Այս անգամ ի՞նչ արեց Եհովան նրա համար։ Նախ՝ ցույց տվեց իր զորությունը՝ հավաստիացնելով, որ կպաշտպանի նրան։ Երկրորդ՝ Եհովան մխիթարեց Եղիային «մեղմ, ցածր ձայնով»։ Հետո՝ Եհովան նշեց, որ հազարավոր մարդիկ հավատարմորեն երկրպագում են իրեն։ Շատ չանցած՝ Եղիան կրկին խանդավառվեց ու սկսեց եռանդորեն ծառայել (1 Թագավորներ 19։1–19)։ Ի՞նչ ենք սովորում։ Երբ Եղիան հուսահատ էր ու ընկճված, Եհովան համբերատարությամբ ու կարեկցանքով վարվեց նրա հետ։ Եհովան չի փոխվել։ Նա հոգ է տանում մեր մասին նույն ձևով։

Սակայն երբ ուզում ես վերսկսել ծառայությունդ, իրատես եղիր։ Մի՛ համեմատիր այն, ինչ ներկայումս կարող ես անել, այն ամենի հետ, ինչ նախկինում ես արել։ Բերենք օրինակ։ Վազորդը, որը մի քանի ամիս կամ մի քանի տարի չի մարզվել, չի կարող անմիջապես ձեռք բերել իր նախկին մարզավիճակը։ Հետևաբար, նա սկսում է փոքր նպատակներ դնել, որոնց օգնությամբ ուժ ու դիմացկունություն է ձեռք բերում։ Քրիստոնյաներն ինչ-որ առումով նման են վազորդների։ Նրանք մարզվում են՝ իրենց մտքում հստակ նպատակ ունենալով (1 Կորնթացիներ 9։24–27)։ Կարող ես քո առաջ մեկ նպատակ դնել, որը քեզ համար այսօր հասանելի է։ Օրինակ՝ նպատակ դիր ժողովի հանդիպման գնալ։ Խնդրիր Եհովային, որ օգնի քեզ հասնելու այդ նպատակին։ Հոգևորապես զորանալով՝ դու «կճաշակես ու կտեսնես, որ Եհովան բարի է» (Սաղմոս 34։8)։ Հիշիր, ցանկացած բան, որ անում ես Եհովայի հանդեպ քո սերը ցույց տալու համար, նույնիսկ աննշան բան, անչափ գնահատելի է նրա համար (Ղուկաս 21։1–4

Եհովան երբեք ավելին չի պահանջում մեզնից

«Կայծ, որ պետք էր ինձ»

Ինչպե՞ս Եհովան ուժ տվեց Ջունին, որպեսզի վերջինս վերադառնա իր մոտ։ Քույրը պատմում է. «Ես շարունակ աղոթում էի Եհովային, աղերսում էի նրան, որ օգնի ինձ։ Հանկարծ հարսս ասաց ինձ, որ մեր քաղաքում համաժողով է լինելու։ Որոշեցի ներկա լինել ծրագրին։ Ի՜նչ հաճելի էր կրկին լինել Եհովայի ժողովրդի մեջ։ Այդ համաժողովը հենց այն կայծն էր, որ պետք էր ինձ։ Այսօր ուրախությամբ ծառայում եմ Եհովային։ Կյանքն ինձ համար ավելի մեծ իմաստ ունի։ Ես գիտեմ, որ չեմ կարող մեկուսանալ ու մենակ պայքարել։ Ուրախ եմ, որ դեռ ժամանակ կար վերադառնալու»։