Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՄԱՍ 5

Վերադարձիր Հովվի ու քո հոգու Պահապանի մոտ

Վերադարձիր Հովվի ու քո հոգու Պահապանի մոտ

Գուցե դու էլ ես բախվել այն իրավիճակներին, որոնց մասին նշվեց գրքույկում։ Աստծու թե՛ ներկայիս և թե՛ վաղեմի հավատարիմ ծառաները ունեցել են նմանատիպ դժվարություններ։ Եհովայի օգնությամբ նրանք կարողացել են հաղթահարել այդ խնդիրները։ Ուրեմն դո՛ւ էլ կարող ես։

Եհովան կօգնի քեզ վերադառնալու իր մոտ

ՀԱՄՈԶՎԱԾ եղիր, որ Եհովան կօգնի քեզ վերադառնալու իր մոտ։ Նա կօգնի քեզ հաղթահարելու հոգսերդ ու մտահոգություններդ, վիրավորված զգացմունքներդ, կօգնի քեզ ունենալու ներքին խաղաղություն, մի բան, որ անհատը զգում է, երբ մաքուր խիղճ է ունենում։ Դու նորից կմղվես ծառայելու Եհովային քո հավատակիցների հետ։ Այդպես դու կվարվես առաջին դարի այն քրիստոնյաների պես, որոնց Պետրոս առաքյալն ասաց. «Մոլորված ոչխարների պես էիք, բայց հիմա վերադարձել եք հովվի ու ձեր հոգիների պահապանի մոտ» (1 Պետրոս 2։25

Եհովայի մոտ վերադառնալը քո լավագույն որոշումը կլինի։ Ինչո՞ւ։ Քանի որ դու կուրախացնես նրա սիրտը (Առակներ 27։11)։ Ինչպես գիտես, Եհովան ունի զգացմունքներ, և մեր արարքներով կա՛մ ուրախացնում ենք նրան, կա՛մ տխրեցնում։ Եհովան չի ստիպում մեզ սիրել ու ծառայել իրեն (2 Օրենք 30։19, 20)։ Մի աստվածաշնչագետ բացատրում է. «Ոչ ոք չի կարող բացել մարդու սրտի դուռը, եթե նա ինքը չբացի այն»։ Անհատը բացում է այդ դուռը, երբ երկրպագում է Եհովային սիրով լի սրտով։ Այդպես նա Աստծուն տալիս է մի թանկարժեք նվեր՝ իր անկոտրում նվիրվածությունը, ինչով էլ մեծ ուրախություն է պատճառում նրան։ Իսկապես, ոչ մի բան չի կարող համեմատվել այն ուրախության հետ, որը ստանում ենք՝ Եհովային մատուցելով այն երկրպագությունը, որին նա արժանի է (Գործեր 20։35; Հայտնություն 4։11

Դեռ ավելին, վերականգնելով քո նախկին հոգևոր վիճակը՝ դու կբավարարես քո հոգևոր կարիքները (Մատթեոս 5։3)։ Ինչպե՞ս։ Մարդիկ աշխարհում ցանկանում են գտնել հետևյալ հարցի պատասխանը. «Ո՞րն է կյանքի իմաստը»։ Նրանք ունեն այս հոգևոր քաղցը, քանի որ Եհովան այդպես է ստեղծել մարդ արարածին։ Նա մեզ ստեղծել է այնպես, որ բավարարվածության զգացում ունենանք իրեն ծառայելուց։ Այո՛, Եհովային ամբողջ սրտով ծառայելուց ավելի մեծ ուրախություն չենք կարող գտնել (Սաղմոս 63։1–5

Խնդրում ենք, համոզված եղիր. Եհովան ուզում է, որ դու վերադառնաս իր մոտ։ Ինչպե՞ս կարող ես համոզված լինել դրանում։ Խոսենք այս գրքույկի մասին։ Այն կազմողները շատ են աղոթել այս նախագծի համար։ Գուցե երեցներից մեկը կամ որևէ հավատակից քո ուշադրությունը հրավիրեց այս գրքույկի վրա։ Այն հետաքրքրեց քեզ, դու կարդացիր ու թերևս մղվեցիր վարվելու կարդացածիդ համաձայն։ Այս ամենը ապացուցում է, որ Եհովան չի մոռացել քեզ։ Ընդհակառակը՝ նա քնքշորեն ձգում է քեզ դեպի իրեն (Հովհաննես 6։44

Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովան երբեք չի մոռանում իր մոլորված ծառաներին։ Դոննա անունով մի քույր ասում է. «Ես աստիճանաբար հեռացել էի ճշմարտությունից, բայց հաճախ էի խորհրդածում Սաղմոս 139։23, 24 համարների շուրջ. «Քննի՛ր ինձ, ո՛վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը։ Փորձի՛ր ինձ և իմացի՛ր ինձ անհանգստացնող մտքերը։ Տե՛ս, չկա՞ արդյոք իմ մեջ մի բան, որ ինձ սխալ ճանապարհով տանի։ Հավիտենության ճանապարհով ինձ առաջնորդիր»։ Ես գիտեի, որ այս աշխարհից չեմ, երբեք իմ տեղը չեմ գտել այնտեղ։ Վստահ էի, որ պետք է լինեմ Եհովայի կազմակերպության մեջ։ Հասկացա, որ Եհովան ինձ երբեք չի թողել։ Ե՛ս պետք է գտնեի նրա մոտ վերադառնալու ճանապարհը։ Ուրախ եմ, որ գտա այն»։

«Հասկացա, որ Եհովան ինձ երբեք չի թողել։ Ե՛ս պետք է գտնեի նրա մոտ վերադառնալու ճանապարհը»

Մենք աղոթում ենք Եհովային, որ դու մեկ անգամ ևս զգաս «Եհովայի ուրախությունը» (Նեեմիա 8։10)։ Դու երբեք չես ափսոսա, որ վերադարձել ես Եհովայի մոտ։