Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՇԽԱՐՀԱԾԱՎԱԼ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Ասիա

Ասիա
  • ԵՐԿՐՆԵՐԸ 47

  • ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ 4282178221

  • ՔԱՐՈԶԻՉՆԵՐԸ 674011

  • ՈՒՍՈՒՑՈՒՄՆԵՐԸ 672318

Օգնություն կույր և խուլուհամր մարդուն

1999թ.-ին Ճապոնիայում Կոբե քաղաքի ժեստերի լեզվի ժողովը իմացավ, որ իրենց տարածքում Հիրոֆումի անունով մի խուլ մարդ կա։ Մի եղբայր գնաց նշված հասցեով, սակայն այդ մարդու մայրը թույլ չտվեց տեսնել նրան։ Եղբայրը չհանձնվեց և շարունակեց պարբերաբար գնալ։ Ամեն անգամ խնդրում էր, որ թույլ տա տեսնել Հիրոֆումիին։ Ի վերջո մի օր մայրը բերեց որդուն դռան մոտ։ Նրա մազերն ու մորուքը երկար ու անխնամ էին, ասես տասնյակ տարիներ անմարդաբնակ կղզում ապրած լիներ։ Դեմքը ոչինչ չէր արտահայտում։ Հիրոֆումին ոչ միայն չէր լսում, այլև չէր տեսնում։ Եղբայրը սկզբում շփոթվեց, բայց հետո, նրա ձեռքերին հպվելով, շոշափողական ժեստեր արեց։ Ոչ մի արձագանք։ Հիրոֆումին մեկուսացել էր մարդկանցից և ոչ ոքի հետ չէր շփվել այն ժամանակից ի վեր, երբ տասը տարի առաջ՝ 31 տարեկանում, կորցրել էր տեսողությունը։

Երկու օր անց եղբայրը նորից այցելեց։ Հիրոֆումիի մայրը զարմացավ, քանի որ մտածում էր, թե որդու վիճակը տեսնելով՝ այլևս չի գա։ Եղբայրը նորից խնդրեց, որ թույլ տա տեսնել Հիրոֆումիին, և նա որդուն բերեց դռան մոտ։ Այդպես եղբայրը մեկ ամիս այցելեց նրան, սակայն ոչ մի արձագանք չեղավ։ Մայրն ասաց եղբորը, որ իմաստ չունի, էլ չգա։ Սակայն եղբայրը հույսը չէր կտրում։ Նա նույնիսկ ամեն անգամ թխվածք էր բերում. ուզում էր ցույց տալ, որ մտածում է նրա մասին։ Երկու ամիս էլ անցավ, բայց դարձյալ ոչ մի արձագանք։ Եղբայրը մտածեց, որ իր ջանքերն այլևս անիմաստ են։

Նա որոշեց մի վերջին անգամ այցելել։ Աղոթեց Եհովային, որ օգնի կողմնորոշվել՝ արժե արդյոք շարունակել այցելել Հիրոֆումիին։ Երբ հանդիպեցին, նա բռնեց Հիրոֆումիի ձեռքերը և ժեստերով հասկացրեց, որ կա Աստված, որի անունը Եհովա է, և նա միշտ նայում է նրան երկնքից, հասկանում է նրա ցավը ավելի լավ, քան որևէ մեկը։ Եհովան մտածում է նրա մասին և ուզում է դուրս բերել նրան վհատությունից։ Դրա համար էլ իր Վկաներից մեկը գալիս է նրա մոտ։ Սկզբում Հիրոֆումին չարձագանքեց, բայց հետո բռնեց եղբոր ձեռքը և ամուր սեղմեց. նրա աչքերից արցունքներ հոսեցին։ Եղբայրն, ազդված, նույնպես արտասվեց։ Հիրոֆումին սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։

11 տարի ուսումնասիրելուց հետո Հիրոֆումին սկսեց գնալ մոտակա ժողովը։ Մինչ այդ նա հաճախում էր ժեստերի լեզվի ժողով, որը շատ հեռու էր իրենց տնից։ Թեև սկզբում մոտակա ժողովի անդամներից ոչ ոք չգիտեր ժեստերի լեզուն, բայց մեկ ու կես տարվա ընթացքում 22 եղբայրներ և քույրեր սովորեցին այն, որպեսզի կարողանան օգնել նրան։ 2012-ի հունվարին Հիրոֆումին առաջին անգամ առաջադրանք ներկայացրեց Աստվածապետական դպրոցում, որը թարգմանվեց ներկաների համար։ Իսկ հոկտեմբերին նա դարձավ քարոզիչ։

Նա ուսումնասիրում է անվտանգության աշխատակիցների հետ

Ֆլորեն անունով մի ռահվիրա եղբայր, ով ապրում է Ֆիլիպիններում, միջին թվով 25 հոգու հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացնում։ Նրանցից շատերը անվտանգության աշխատակիցներ են և աշխատում են երեկոյան ժամերին կամ ամբողջ գիշեր։ Հետևաբար, Ֆլորենը ճկուն գրաֆիկ է կազմել։ Նա գնում է նրանց աշխատանքի վայրը և ուսումնասիրություն է անցկացնում ընդմիջման ժամանակ կամ մեկ այլ հարմար պահի, որպեսզի չխանգարի աշխատանքին։ Մի քանի հոգու հետ ուսումնասիրում է երեկոյան ժամը 7-ից մինչև 11-ը, իսկ մյուսների հետ՝ վաղ առավոտյան ժամը 5-ից մինչև 9-ը։ Երբեմն էլ գնում է հերթափոխի ժամանակ։ Սկզբում ուսումնասիրում է նրա հետ, ով պետք է աշխատանքի անցնի, հետո նրա հետ, ով արդեն հանձնել է հերթափոխը։ Ֆլորենն ասում է. «Այսքան շատ ուսուցում ունենալը այնպիսի ուրախություն է ինձ համար, ինչպիսին երբեք չեմ զգացել»։ Անվտանգության աշխատակիցներից ոմանք մասնակցում են ժողովներին։ Իսկ նրանցից մեկն արդեն մկրտվել է և, Ֆլորենի պես, ծառայում է ռահվիրա։

Ֆիլիպիններ։ Ֆլորենը վաղ առավոտյան Աստվածաշնչի ուսումնասիրություն է անցկացնում

«Զգուշացե՛ք Եհովայի վկաներից»

Հայաստանում մի անձրևոտ օր ծառայության ժամանակ մեր երկու քույրերը փողոցում հանդիպեցին մի կնոջ ու նրա աղջկան և թերթիկ առաջարկեցին։ Ի զարմանս քույրերի՝ մայրը, որի անունը Մարուսյա է, ասաց, որ աղջկա՝ Եվայի հետ արդեն երկու ժամ է՝ դրսում են՝ հույս ունենալով, որ կհանդիպեն Եհովայի վկաներին։ Ինչո՞ւ էին ուզում տեսնել Վկաներին։ Մարուսյայի եղբայրը լսել էր ճշմարտությունը բանտում մեր եղբայրներից, ովքեր ազատազրկված էին իրենց չեզոքությունը պահելու համար։ Մարուսյան կարծում էր, որ բանտից դուրս գալուց հետո եղբայրն ավելի կոպիտ ու ագրեսիվ կլինի։ Սակայն նա հավասարակշռված ու հանդարտ մարդ էր դարձել։ Վկաների հետ իր շփումը շարունակելով՝ նա ավելի լավն էր դառնում։ Մարուսյային և նրա աղջկան տարօրինակ էր թվում այն, որ մի կողմից տեսնում էին այս դրական փոփոխությունները, մյուս կողմից Եհովայի վկաների մասին անընդհատ վատ բաներ էին լսում հեռուստատեսությամբ և տեսնում էին ամենուրեք փակցված թղթեր, որոնց վրա գրված էր՝ «Զգուշացե՛ք Եհովայի վկաներից»։ Եվան մտածում էր. «Բայց քեռիս այնքան լավն է դարձել, ինչո՞ւ են Եհովայի վկաների մասին վատը խոսում»։ Ցանկանալով գտնել հարցի պատասխանը՝ մի օր մորն ասաց. «Մա՛մ, ռիսկը գործի կեսն է, արի հենց հիմա էլ դուրս գանք, գտնենք Վկաներին ու վերջապես վերջ դնենք մեր կասկածներին»։ Եվ նրանք այդպես էլ արեցին։ Նույն օրը հանդիպեցին մեր քույրերին, իսկ երկու օր անց սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել և արագ առաջադիմել։

Երեխաների բերած ամսագրերը

Ստամբուլ, Թուրքիա։ Եղբայրը «Բարի լուր Աստծուց» գրքույկով վկայություն է տալիս փողոցում

Ադանայում՝ Թուրքիայի քաղաքներից մեկում, մի կին, ով անձնական և ընտանեկան լուրջ խնդիրներ ուներ և նույնիսկ մտածում էր ինքնասպանության մասին, իր տան դռան առաջ երկու ամսագիր գտավ։ Ամենայն հավանականությամբ հարևանների երեխաներն էին գտել դրանք փողոցում և, կարծելով, թե նրանն է՝ դրել էին այնտեղ։ Կնոջը շատ տպավորեց ամսագրերում տպված կենսագրությունները։ «Երանի իր կյանքն էլ փոխվեր»,— մտածեց նա։ Դրանցից մեկի վրա հեռախոսահամար կար գրված։ Կինը զանգեց այդ համարով, և նրան պատասխանեց մի ռահվիրա քույր, որն ապրում էր մոտակայքում։ Նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Կնոջը դուր էր գալիս այն ամենը, ինչ սովորում էր, և նա ցանկություն հայտնեց մասնակցել ժողովներին։ Թագավորության սրահը շատ մոտ էր նրա տանը, և նա սկսեց հաճախել ժողովի հանդիպումներին, ինչն անում է առայսօր։

Կալանքն էլ չմտափոխեց նրան

Նեպալում Բամը ոստիկան էր և եկեղեցի հաճախող հավատացյալ։ Մի օր նա փողոցում հերթապահության ժամանակ հատուկ ռահվիրաների հանդիպեց։ Նրան տպավորեց այն, թե ինչպես այդ ամուսնական զույգը Աստվածաշնչով պատասխանեց իր բոլոր հարցերին։ Բամն ընդունեց Աստվածաշունչ ուսումնասիրելու առաջարկը և, շատ չանցած, սկսեց հաճախել հանդիպումներին։ Որոշ ժամանակ անց իր գործի պատճառով խիղճը սկսեց անհանգստացնել իրեն, և նա դիմեց իր պետին՝ խնդրելով, որ իրեն գրասենյակային աշխատանք տան, որի ժամանակ չէր պահանջվում զենք կրել։ Նրան ընդառաջեցին։ Սակայն մարզային համաժողովին մասնակցելուց հետո նրա խիղճը դարձյալ սկսեց տանջել, և նա որոշեց դուրս գալ ոստիկանությունից։

Բամի կնոջը դուր չեկավ նրա որոշումը, քանի որ ոստիկանության աշխատակից լինել նշանակում էր ոչ միայն դիրք ունենալ հասարակության մեջ, այլև արտոնություններ, նաև բարձր աշխատավարձ և հետագայում բարձր թոշակ։ Որպեսզի համոզի նրան հետ կանգնել այդ որոշումից, կինն ասաց. «Եթե մնաս ոստիկանությունում, ես էլ Աստվածաշունչ կուսումնասիրեմ»։ Տեսնելով, որ դա ամուսնուն չհամոզեց՝ նա խոսեց ոստիկանության բաժնի պետի հետ, որպեսզի նրան կալանքի վերցնեն՝ մտածելով, թե դա նրան կմտափոխի։ Սակայն տասը օր փակված լինելն էլ չօգնեց։ Դուրս գալուց հետո Բամը աշխատանքը փոխեց. հեծանիվ-տաքսու վարորդ դարձավ, ինչը նշանակում էր, որ ժամեր շարունակ պետք է շոգին՝ արևի տակ, դրսում լինի։ Չնայած դժվարություններին՝ նա ուրախ է։ Բամը հոգևորապես առաջադիմեց և դարձավ քարոզիչ։ Ժամանակի ընթացքում կնոջ կողմից հակառակությունը թուլացավ։ Ժողովի քույրերի և եղբայրների դրսևորած բարյացակամ վերաբերմունքից տպավորված՝ շուտով կինն էլ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Բամը շարունակում է հոգալ իր ընտանիքի կարիքները։ Հեծանիվ-տաքսի վարելով՝ նա ավելի շատ փող է վաստակում, քան այն ժամանակ, երբ ոստիկան էր։ 2013-ի փետրվարին նա մկրտվեց։ Եվ հիմա կինն ու որդին նրա հետ հաճախում են ժողովի հանդիպումներին։

Նեպալ։ Երբ Բամը փոխեց իր աշխատանքը, նա և իր ընտանիքի անդամները հոգևորապես առաջադիմեցին

Նա մեծ ցանկություն ունի ենթառահվիրա ծառայելու

Մյոնհի անունով մի քույր, որը ապրում է Կորեայում, ոտքի հետ կապված խնդիր ունի, քանի որ երկու տարեկանում պարալիչ է տարել։ Նա շատ շուտ է հոգնում, և երբեմն, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկնում։ Բացի դրանից, հաճախ տառապում է իր ընդունած դեղամիջոցների կողմնակի ազդեցությունից և տագնապի նոպաներ է ունենում։ Մյոնհին նաև դժվարությամբ է շնչում, և երբ լարվում կամ անհանգստանում է, ուժեղ ցավ է զգում։ Չնայած այս խնդիրներին՝ նա մեծ ցանկություն ունի ենթառահվիրա ծառայելու, և վերջին երկու տարիների ընթացքում գրեթե ամեն ամիս հենց այդպես էլ անում է։ Նա երախտապարտ է Եհովային, որ ուժ է տալիս իրեն՝ անելու այդ ծառայությունը։

Նրա մանկության սիրելի գիրքը

Ագնեսը, որը միսիոներ է Ինդոնեզիայում, հաճախ էր աստվածաշնչյան թեմաներով զրուցում միջին տարիքի մի հղի կնոջ հետ, որը շուկայում բանջարեղեն էր վաճառում։ Այդ կինը սիրում էր կարդալ մեր ամսագրերը և, երբ շատ զբաղված չէր լինում, Ագնեսի հետ հաճույքով զրուցում էր։ Մի օր Ագնեսը գնաց շուկա կնոջն այցելելու, սակայն նա այնտեղ չէր։ Նրա ամուսինն ասաց, որ կինը երեխա է ունեցել։ Ագնեսը որոշեց գնալ նրան տեսնելու։ Նա փաթեթավորեց «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գիրքը և վերցրեց, որ նվիրի նրան։ Այդ կինը իրեն շոյված զգաց, որ Ագնեսը այցելել է իրենց։ Բայց նրան ավելի շատ ուրախացրեց Ագնեսի նվերը։ Երբ բացեց փաթեթը ու տեսավ գիրքը, աչքերին չէր հավատում։ Նա Ագնեսին ասաց. «Որտեղի՞ց գտար սա։ 30 տարի է՝ ես այս գիրքն եմ փնտրում։ Բոլոր գրախանութներում հարցրել եմ, ոչ մի տեղ չկար ու ոչ ոքի ծանոթ չէր այն։ Սրանից լավ գիրք չկա»։ Հետո կինը պատմեց, որ երբ երեխա էր, իր քեռին ուներ այդ գրքից, և ինքը շատ էր սիրում այն կարդալ։ Այժմ այդ գիրքը նորից իր ձեռքում է։ Նրա մեծ աղջիկն էլ է շատ սիրում այն կարդալ։ Նրանք երկուսն էլ սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել։

Ինդոնեզիա։ Ագնեսը այս գրքից նվիրեց մի կնոջ, ով 30 տարի փնտրում էր այն