Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հարյուր տարի առաջ, 1914

Հարյուր տարի առաջ, 1914

«ՄԵՆՔ վստահ ենք, որ 1914 թվականին ճշմարտությունը տարածելու ավելի մեծ հնարավորություններ կլինեն, քան «հնձի» նախորդ տարիներին»,— ասվում էր 1914թ. հունվարի 1-ի «Դիտարանում»։ Աստվածաշունչ ուսումնասիրողների համար այդքան սպասված տարին վերջապես եկավ։ Նրանք իրենց ողջ ուժերը կենտրոնացրել էին ծառայության վրա, ինչի արդյունքում այդ տարի միլիոնավոր մարդիկ լսեցին աստվածաշնչյան օրհնությունների մասին։ Սակայն աշխարհն իր ուժերը կենտրոնացրել էր բոլորովին այլ բանի վրա։

Դաժանություն ամենուր

1914թ. սկզբին Միացյալ Նահանգներում հանքագործները գործադուլ հայտարարեցին, որը ողբերգական հետևանքներ ունեցավ։ Գործադուլին մասնակցողները իրենց ընտանիքների հետ տեղահանվեցին ընկերության հատկացրած տներից։ Նրանք ստիպված էին ապրել ճամբարներում՝ վրանների տակ։ Ապրիլի 20-ին Կոլորադոյի Լադլոու քաղաքի ճամբարում կրակահերթ սկսվեց, վրանները հրդեհվեցին։ Վրեժ լուծելու համար նահանգի տարբեր շրջաններում ապրող հանքագործները սպանեցին ընկերության հսկիչներին։ Որպեսզի կարգուկանոն հաստատվի, միջամտեց կառավարական զորքը։

Եվրոպայում իրավիճակն ավելի լուրջ էր։ Հունիսի 28-ին 19-ամյա սերբ Գավրիլո Պրինցիպը սպանեց Ավստրիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին։ Դա այն կայծն էր, որից բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը, որն այդ ժամանակ կոչվում էր Մեծ պատերազմ։ Մինչև տարեվերջ այն ընդգրկեց ամբողջ Եվրոպան։

Համաժողովներ. եռանդորեն քարոզելու հորդոր

Չնայած որ աշխարհում իրավիճակը գնալով վատանում էր, Աստվածաշունչ ուսումնասիրողները միմյանց քաջալերում էին ավելի մեծ եռանդով մասնակցել քարոզչական ծառայությանը։ Ապրիլի 10-ին Հարավաֆրիկյան Միությունում (այսօր՝ Հարավաֆրիկյան Հանրապետություն) տեղի ունեցավ առաջին համաժողովը, ներկաների բարձրագույն թիվը 34 էր։ «Մենք, ինչ խոսք, շատ «փոքր հոտ» էինք,— գրել է Ուիլիամ Ջոնսթոնը։— Համաժողովին ներկաներից գրեթե կեսին մկրտեցինք։ Ութ քույր և ութ եղբայր, Տիրոջ օրինակին հետևելով, իրենց նվիրումը խորհրդանշեցին մկրտությամբ»։ Համաժողովի վերջին օրը ներկաները սկսեցին քննարկել, թե ինչպես կարելի է Հարավաֆրիկյան Միությունում զարկ տալ քարոզչական ծառայությանը։ Այսօր այդ երկրում 90000-ից ավելի քարոզիչ կա, ինչը ցույց է տալիս, որ այդ «փոքր հոտի» ջանքերը մեծ արդյունքներ են տվել։

1914-ին՝ հենց նույն օրը, երբ սպանվեց թագաժառանգ Ֆերդինանդը, Աստվածաշունչ ուսումնասիրողները համաժողով էին անցկացնում Քլինթոնում (Այովա, ԱՄՆ)։ Այդ համաժողովին՝ հունիսի 30-ին, Ալեքսանդր Մակմիլանն ասաց. «Եթե ուզում ենք վարձատրություն ստանալ, պետք է շարունակենք ակտիվորեն կատարել Աստծու կամքը՝ որքան հնարավոր է շատ ծառայենք՝ տանելով հնձի պատգամը աշխարհին»։

«Լուսադրաման» գրավում է միլիոնավորների

1914-ի հունվարի 11-ին Նյու Յորք քաղաքում տեղի ունեցավ «Արարչության լուսադրամայի» պրեմիերան։ «Լուսադրաման» գունավոր ապակե սլայդներից և շարժվող պատկերներից կազմված ֆիլմ էր, որի ցուցադրման ընթացքում հնչում էին աստվածաշնչյան ելույթներ և երաժշտություն։ Ներկա էին 5000 հոգի։ Շատերն էլ, քանի որ դահլիճում տեղ չկար, ստիպված եղան հետ գնալ։

Ֆիլմի պատրաստման աշխատանքները տևել էին երկու տարի, սակայն, ինչպես ասվում էր «Դիտարանում», «հունվարին, երբ այն ցուցադրվեց, դեռ վերջնական տեսքի բերված չէր»։ 1914-ի առաջին կեսին եղբայրները որոշ փոփոխություններ արեցին։ Օրինակ՝ ավելացրին նախաբան, որտեղ խոսում էր եղբայր Չարլզ Թեյզ Ռասելը՝ ներկայացնելով, թե ինչպես է ստեղծվել «Լուսադրաման»։

Եղավ մի պահ, որ «Լուսադրաման» ցուցադրվում էր միաժամանակ 80 քաղաքներում։ Հուլիսին այն ցուցադրվեց Մեծ Բրիտանիայում՝ Գլազգո և Լոնդոն քաղաքներում։ Դահլիճները լեփ-լեցուն էին։ Սեպտեմբերին ֆիլմը դիտեցին նաև Գերմանիայում, Դանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում և Ֆինլանդիայում։ Հոկտեմբերին ցուցադրվեց Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Մի տարվա ընթացքում ընդհանուր առմամբ ավելի քան 9 միլիոն մարդ դիտեց «Լուսադրաման»։

«Լուսադրամայի» մեկ օրինակը բաղկացած էր հարյուրավոր ապակե սլայդներից, շարժվող պատկերների ժապավեններից և տասնյակ ձայնագրություններից։ Ֆիլմի կրկնօրինակները ստեղծելը մեծ ծախսերի հետ էր կապված, իսկ ցուցադրումն իրականացնելու համար քույրերի ու եղբայրների փորձառու խումբ էր պետք։ Այդ պատճառով ամբողջական «Լուսադրաման» հիմնականում ցուցադրվում էր մեծ քաղաքներում։ Գյուղական համայնքներում ցուցադրելու համար Աստվածաշունչ ուսումնասիրողները թողարկեցին «Լուսադրամայի» երեք կրճատված տարբերակներ։ Մի տարբերակը՝ «Էվրիկա դրամա Y» (Eureka Drama Y), բաղկացած էր գունավոր սլայդներից, որոնց ընթացքում հնչում էին աստվածաշնչյան ելույթներ և երաժշտություն։ Մյուս տարբերակները՝ կրկին «Էվրիկա դրամա X» (Eureka Drama X), և ավելի կարճ տարբերակը՝ «Էվրիկա դրամա ընտանեկան» (Eureka Family Drama) միայն ձայնագրություններ էին՝ առանց սլայդների և շարժվող պատկերների։ «Լուսադրամայի» կրճատված տարբերակների թողարկումից չորս ամիս անց՝ մինչև 1914թ. վերջը, Միացյալ Նահանգներում ավելի քան 70000 հոգի արդեն դիտել կամ ունկնդրել էր դրանցից գոնե մեկը։

Գրքեր տարածողները և կամավորները

Թեև «Լուսադրամայի» ցուցադրման աշխատանքները նոր էին և հետաքրքիր, Աստվածաշունչ ուսումնասիրողները գիտակցեցին, որ քարոզչական ծառայության մյուս ձևերը առաջնային կարևորություն ունեն։ Գրքեր տարածողներին (այժմ՝ ռահվիրաներ) ուղղված իր նամակում Չարլզ Ռասելն ասում էր. «Չկա ծառայության ուրիշ ոչ մի տեսակ, որ այնքան արդյունավետ լինի «հնձի» այս ժամանակներում, որքան ձեր ծառայությունն է։ Ուստի հորդորում ենք ձեզ ձեռնպահ մնալ «Լուսադրամայի» ցուցադրման աշխատանքներում.... Ուրիշ քույրեր և եղբայրներ, որոնք նույնպես հավատարիմ են Տիրոջը.... նրանք կկազմակերպեն ցուցադրումները»։

1914-ի հունվարին գրքեր տարածողների թիվը 850 էր։ Տարվա ընթացքում այս եռանդուն քարոզիչները բաժանեցին «Գրությունների ուսումնասիրություն» գրքի ավելի քան 700000 օրինակ։ «Դիտարանում» ջերմ խոսքեր էր ասվում նրանց մասին և հորդոր էր տրվում ընթերցողներին «քաջալերել նրանց, քանի որ նրանց ճանապարհը հաճախ քարքարոտ է և փշոտ»։

Մյուս քարոզիչները տասնյակ լեզուներով թերթիկներ բաժանեցին։ 1914թ. ընթացքում նրանք տարածեցին «Աստվածաշունչ ուսումնասիրողների ամսագրի» և այլ թերթիկների 47 միլիոն օրինակ։

Աստվածաշունչ ուսումնասիրողների աշխատանքը աննկատ չէր մնում։ Նրանց քարոզչությունը բացահայտ էր բոլորի առաջ, իսկ ժողովի հանդիպումների մուտքը ազատ էր։ Քրիստոնյա աշխարհի հոգևորականներից մեկը տրտնջաց. «Շուտով մարդիկ կմտածեն, թե եկեղեցում արվող հանգանակությունը մեղք է։ Այդ ժամանակ ի՞նչ կլինի մեզ։ Հովիվ Ռասելը խայտառակում է մեր անունը»։

«Հեթանոսների ժամանակները» ավարտվում են

Աստվածաշունչ ուսումնասիրողները հավատում էին, որ Ղուկաս 21։24-ում նշված «հեթանոսների ժամանակները» («Արարատ» թարգմանություն) ավարտվելու են մոտավորապես 1914-ի հոկտեմբերի 1-ին։ Մոտենում էր հոկտեմբերը։ Աստվածաշունչ ուսումնասիրողները անհամբերությամբ էին սպասում այդ օրվան։ Ոմանք օրացույց-քարտ էին պահում, որի վրա ջնջում էին ամեն անցնող օր՝ հաշվելով, թե քանի օր է մնացել։ Շատերը մտածում էին, որ այդ օրը կանչվելու են «վարագույրի» մյուս կողմը, այսինքն՝ երկինք։

1914թ. հոկտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան, եղբայր Ռասելը մտավ Բեթելի ճաշարան և հայտարարեց. «Հեթանոսների ժամանակներն ավարտվեցին։ Վե՛րջ նրանց թագավորների օրերին»։ Այս խոսքերը ներկաներից ոմանց հիշեցրին երգարանի («Հազարամյակի արշալույսի փառաբանական երգեր») 171-րդ երգը։ 1879-ից սկսած՝ Աստվածաշունչ ուսումնասիրողները երգում էին՝ «Հեթանոսների ժամանակների ավարտը մոտ է», սակայն այդ խոսքերն այլևս արդիական չէին, քանի որ «հեթանոսների ժամանակները», կամ՝ «ազգերին սահմանված ժամանակները», արդեն ավարտվեցին (Ղուկ. 21։24)։ Հետագայում երգարանում համապատասխան փոփոխություն արվեց։

Մինչև վերջ հավատարիմ մնալու վճռականությամբ լցված՝ ոմանք իրենց մոտ պահում էին «Հավատարիմ եղիր մինչև մահ» օրացույց-քարտը

1914-ի վերջում Մեսիական Թագավորությունը արդեն հաստատված էր երկնքում, և Աստվածաշունչ ուսումնասիրողներից ոմանք մտածեցին, թե իրենց գործն ավարտված է։ Նրանք չգիտեին, որ փորձվելու և մաղվելու ժամանակներ են սպասում իրենց։ 1915թ. տարվա խոսքն էր Մատթեոս 20։22-ը՝ «Կարո՞ղ եք խմել այն բաժակից, որը ես եմ խմելու»։ «Բաժակ» ասելով՝ Հիսուսը նկատի ուներ այն փորձությունները, որոնց միջով անցնելու էր մահանալուց առաջ։ Աստվածաշունչ ուսումնասիրողները նույնպես պետք է փորձությունների միջով անցնեին, որոնք լինելու էին թե՛ ժողովի ներսում, թե՛ դրսում։ Այդ ժամանակ պարզ կդառնար, թե որքանով են նրանք նվիրված Եհովային։