Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ ԵՎ ԳՎԻՆԵԱ

1945-​1990 Շատերը արդարության են բերվում (Դան. 12։3), (մաս 2)

1945-​1990 Շատերը արդարության են բերվում (Դան. 12։3), (մաս 2)

Ամուսնությունները դառնում են Աստծուն հաճելի

Երբ Ուիլյամ Նուշին եկավ այստեղ, նկատեց, որ քարոզիչներից ոմանք չեն հետևում ամուսնության վերաբերյալ Եհովայի սահմանած չափանիշներին։ Որոշ զույգեր ապրում էին միասին՝ առանց օրինականացնելու իրենց ամուսնությունը։ Ուրիշներն էլ, հետևելով տեղի սովորություններին, գրանցումը հետաձգում էին այնքան ժամանակ, մինչև որ կինը հղիանար, որպեսզի վստահ լինեին, որ իրենց միությունը անպտուղ չի լինի։

Դա էր պատճառը, որ 1953-ի մայիսին բոլոր ժողովները մասնաճյուղից նամակ ստացան, որտեղ հստակ բացատրվում էին ամուսնության վերաբերյալ աստվածաշնչյան սկզբունքները (Ծննդ. 2։24; Հռոմ. 13։1; Եբր. 13։4)։ Զույգերին ժամանակ տրվեց գրանցելու իրենց միությունը, հակառակ դեպքում նրանք վտարվելու էին ժողովից (1 Կորնթ. 5։11, 13

Քարոզիչներից շատերը ուրախությամբ ընդունեցին այս հստակեցումը։ Սակայն ոմանք այն կարծիքին էին, որ դրանք անհարկի սահմանափակումներ են։ Արդյունքում՝ երկու ժողովում քարոզիչների կեսից ավելին զրկվեց ընկերակցությունից։ Ովքեր հնազանդվեցին առաջնորդությանը, ավելի ակտիվ ծառայողներ դարձան. ակնհայտ էր, որ Եհովան օրհնում էր նրանց։

Եղբայրները մեծ ջանքեր ներդրեցին, որպեսզի Ֆրիթաունի Թագավորության սրահը ճանաչվի որպես համապատասխան վայր ամուսնություններ իրականացնելու համար։ 1954-ի սեպտեմբերին այնտեղ տեղի ունեցավ առաջին պաշտոնական ամուսնական արարողությունը։ Հետագայում կառավարությունը լիազորեց համապատասխան որակներ ունեցող որոշ եղբայրների ամուսնություն գրանցելու երկրի յոթ շրջաններում։ Արդյունքում՝ Աստվածաշունչ ուսումնասիրողներից շատերը կարողացան օրինականացնել իրենց ամուսնությունը և համապատասխանել բարի լուրի քարոզիչ դառնալու պահանջներին։

Հարսանիք Թագավորության սրահում

Հետաքրքրվող անհատներից շատերը, ովքեր մի քանի կին ունեին, նույնպես փոփոխություններ արեցին՝ համապատասխանելու Աստծու չափանիշներին։ Սեմյուել Կուպերը, որն ապրում է Բոնտեում, պատմում է. «1957թ.-ին սկսեցի իմ երկու կանանց հետ գնալ ժողովների, և շատ չանցած՝ ընդգրկվեցի Աստվածապետական դպրոցում։ Մի օր ինձ հանձնարարեցին քրիստոնեական ամուսնության թեմայով ելույթ ներկայացնել։ Պատրաստվելիս հասկացա, որ պետք է արձակեմ երկրորդ կնոջս։ Երբ այդ մասին իմացան հարազատներս, բոլորը հակառակվեցին ինձ։ Երկրորդ կնոջիցս երեխա ունեի, իսկ առաջին կինս ամուլ էր։ Այդուհանդերձ, վճռեցի աստվածաշնչյան սկզբունքներով ապրել։ Ի զարմանս ինձ, երբ երկրորդ կինս վերադարձավ իր ծնողների մոտ, առաջին կինս հղիացավ։ Նա, ով մի ժամանակ ամուլ էր, ինձ հինգ երեխա պարգևեց»։

Մի հետաքրքրվող՝ Օնորե Կամանոն, որն ապրում էր Գվինեայում՝ սահմանի մոտ, երեք կին ուներ։ Երբ նա արձակեց իր վերջին երկու կանանց, առաջին կինը սկսեց ավելի շատ գնահատել ճշմարտությունը։ Իսկ մյուս կանանցից մեկը, թեև ուրախ չէր այդ փոփոխության համար, սակայն անչափ տպավորվեց աստվածաշնչյան սկզբունքների հանդեպ նախկին ամուսնու վերաբերմունքից։ Նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և իր կյանքը նվիրեց Եհովային։

Եհովայի վկաները ճանաչված են որպես ամուսնական կառույցը հարգող մարդիկ

Այսօր Սիեռա Լեոնեում և Գվինեայում Եհովայի վկաները ճանաչված են որպես ամուսնական կառույցը հարգող մարդիկ։ Կողակիցների հանդեպ իրենց հավատարմությամբ նրանք զարդարում են Աստծու ուսմունքները և փառք են բերում ամուսնության Հիմնադրին (Մատթ. 19։4–6; Տիտոս 2։10

Բաժանումներ Ֆրիթաունում

1956-ին Գաղաադի ևս երկու շրջանավարտներ եկան Ֆրիթաուն՝ Չարլզ և Ռիվա Չեփըլները։ Միսիոներական տուն գնալու ճանապարհին նրանց ուշադրությունը գրավեց մի մեծ պաստառ, որը ծանուցում էր, որ Ուիլբերֆորսի դահլիճում աստվածաշնչյան ելույթ է լինելու։ Չարլզը պատմում է. «Հռետորի անունը նշված էր Ս. Ն. Դ. Ջոնս՝ Եհովայի վկաների եկեղեցու ներկայացուցիչ»։

Ջոնսն իրեն օծյալ էր համարում։ Նա մի խմբի առաջնորդ էր, որի մեջ ընդգրկված էին տարիներ առաջ Ֆրիթաունի ժողովից առանձնացած մարդիկ։ Նրանք իրենց կոչում էին Եհովայի ճշմարիտ վկաներ, իսկ միսիոներներին և այն մարդկանց, ովքեր հավատարիմ էին կազմակերպությանը, քամահրանքով անվանում էին «ինքնակոչներ» և «Գաղաադի կովբոյներ»։

Իրավիճակը վատացավ, երբ Ջոնսն ու իր աջակիցները զրկվեցին ընկերակցությունից։ «Այդ հայտարարությունը ցնցեց որոշ եղբայրների, որոնք հանդուրժողաբար էին վերաբերվում նրանց,— ասում է Չեփըլը։— Մի քանիսը հանրայնորեն հայտնեցին իրենց դժգոհությունը։ Նրանք շարունակում էին շփվել ըմբոստների հետ և փորձում էին խափանել ժողովի ու քարոզչական ծառայության հանդիպումները։ Այդ ընդվզողները ժողովների ժամանակ միասին էին նստում սրահի մի մասում, որը կոչվեց ըմբոստների շարք։ Նրանցից շատերը աստիճանաբար թողեցին ճշմարտությունը։ Բայց ոմանք խելքի եկան և եռանդուն քարոզիչներ դարձան»։

Աստծու ժողովրդի մեծ մասի հավատարիմ ընթացքի շնորհիվ սուրբ ոգին շարունակում էր գործել ժողովներում։ Հաջորդ տարի Ֆրիթաուն եկած զոնալ վերակացու Հարի Արնոթը իր հաշվետվության մեջ նշեց. «Վերջին տարիներին առաջին անգամ է, որ նման մեծ աճ է գրանցվել Սիեռա Լեոնեում։ Սա մեզ լավատեսությամբ է լցնում քարոզչական գործի ապագայի հանդեպ»։

Քարոզվում են կիսիները

Եղբայր Արնոթի այցելությունից հետո Չարլզ Չեփըլը հարևան Լիբերիայից նամակ ստացավ։ Գրում էր կիսի ցեղին պատկանող մի եղբայր, որը ցանկանում էր, որ Վկաներն այցելեն ու քարոզեն Սիեռա Լեոնեում բնակվող իր ազգակիցներին։ Կիսի ցեղը բնակվում էր Սիեռա Լեոնե-Լիբերիա-Գվինեա սահմանային անտառածածկ սարահարթային գոտում։ Ակներևաբար, նրանցից շատերը ցանկանում էին հասկանալ Աստվածաշունչը։

Քանի որ կիսիների մեծ մասը գրել-կարդալ չգիտեր, Աստվածաշնչի հիմնական ուսմունքները սովորեցնելու համար Կոյնդուում գրագիտության դասեր կազմակերպվեցին։ Հարյուրավոր մարդիկ սկսեցին հաճախել այդ դասերին։ Եղբայր Չարլզը հիշում է. «Կարճ ժամանակ անց խմբից 5 հոգի դարձավ քարոզիչ, հետո նրանց թիվը կրկնապատկվեց, եռապատկվեց, քառապատկվեց... Մարդիկ այնքան արագ էին ճշմարտությունն ընդունում, որ ես կասկածում էի՝ արդյոք նրանց մղումներն ազնիվ են։ Սակայն շուտով հասկացա, որ կասկածելու հիմքեր չկան. նրանք ոչ միայն հավատարիմ, այլև եռանդուն քարոզիչներ դարձան»։

Նոր ու խանդավառ քարոզիչները շուտով բարի լուրը տարածեցին Կոյնդու քաղաքի սահմաններից դուրս՝ հասնելով մինչև հարևան Գվինեա։ Էլիազար Օվուդուվին, ով այդ տարիներին շրջանային վերակացու էր, ասում է. «Շաբաթներ, երբեմն էլ ամիսներ շարունակ մեքենայի շարժիչի ձայն չէր լսվում այդ կողմերում»։ Նրանք ոտքով կտրում-անցնում էին բլրաշատ տարածքներ և քարոզում էին գյուղերում ու ագարակներում։

Կիսի քույրերն ու եղբայրները ցանում էին Թագավորության սերմերը և ջրում, իսկ Աստված աճեցնում էր (1 Կորնթ. 3։7)։ Երբ մի կույր երիտասարդ լսեց բարի լուրը, անգիր արեց «Թագավորության այս բարի լուրը» 32-էջանոց գրքույկը։ Հետո քարոզելիս կամ ուսումնասիրություն անցկացնելիս նա առանց սխալվելու հիշում էր ցանկացած պարբերություն։ Դա ապշեցնում էր նրան լսողներին։ Իսկ մի խուլուհամր կին, որն ընդունեց ճշմարտությունը, իր կյանքում այնքան մեծ փոփոխություններ արեց, որ իր եղբոր կինը, դրանից տպավորված, սկսեց մասնակցել ժողովի հանդիպումներին, չնայած որ Սրահ հասնելու համար պետք է 10 կիլոմետր քայլեր։

Կիսիների շրջանում Աստծու Խոսքը մեծ տարածում գտավ։ Մեկը մյուսի հետևից ժողովներ հիմնվեցին։ Մոտ 30 քարոզիչներ ռահվիրայական ծառայության անցան։ Կոյնդուի քաղաքապետը սկսեց հետաքրքրվել ճշմարտությամբ և մի հողակտոր նվիրաբերեց ժողովին՝ Թագավորության սրահ կառուցելու համար։ Երբ հարևան Կայլահուն քաղաքում շրջանային համաժողով անցկացվեց, ներկաների թիվը 500-ից անցավ։ Այդ համաժողովից հետո այստեղ նույնպես ժողով հիմնվեց։ Որոշ ժամանակ անց Սիեռա Լեոնեում Եհովայի վկաների կեսը կիսի ցեղից էր, թեև այս ցեղախումբը երկրի բնակչության 2 տոկոսն էլ չէր կազմում։

Պարզ է, որ այս առաջընթացը բոլորին չէ, որ ուրախացրեց։ Կիսիների կրոնական առաջնորդները, նախանձով լցված, որոշեցին վերջ դնել իրենց հեղինակության հանդեպ նման ոտնձգությանը։ Մնում էր որոշել՝ ինչպես և երբ։