Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ ԵՎ ԳՎԻՆԵԱ

1945-​1990 Շատերը արդարության են բերվում (Դան. 12։3), (մաս 3)

1945-​1990 Շատերը արդարության են բերվում (Դան. 12։3), (մաս 3)

Հարձակում պորոների կողմից

Հարձակման առաջին թիրախը Կոյնդուի մոտակայքում գտնվող մի գյուղ էր, որտեղ մի խումբ տղամարդիկ Աստվածաշունչ էին ուսումնասիրում և ժողով էին գնում։ Ինչպես կիսի ցեղի բոլոր տղամարդիկ, նրանք էլ պատկանել էին պորո խմբին, որը ոգեհարցությամբ զբաղվող գաղտնի միություն է։ «Երբ Աստվածաշունչ ուսումնասիրողները հրաժարվեցին մասնակցել դիվապաշտական ծեսերին, պորոների առաջնորդը փրփրեց,— պատմում է Ջեյմս Մենսան՝ Գաղաադն ավարտած միսիոներ, ով նույնպես ծառայել է Սիեռա Լեոնեում։— Նա իր համախոհների հետ ծեծեց այդ տղամարդկանց, թալանեց նրանց ունեցվածքը, այրեց տները և շղթայակապ գցեց թփուտների մեջ, որ սովամահ լինեն։ Նրանց թիկունքին կանգնած էր տեղի գլխավոր առաջնորդը։ Սակայն նրանք չկարողացան կոտրել եղբայրներին»։

Երբ Կոյնդուի եղբայրները ոստիկանության դիմեցին, բոլորը, այդ թվում տեղի գլխավոր առաջնորդը ձերբակալվեցին։ Նրանց դատեցին և խիստ նախազգուշացում տվեցին, իսկ գլխավոր առաջնորդը մոտ մեկ տարով պաշտոնանկ արվեց։ Այս իրավական հաղթանակը մեծ հնչեղություն ստացավ։ Այն համարձակությամբ լցրեց հետաքրքրվող մարդկանց, ովքեր վախենում էին ժողով գնալ։ Հետագայում տեղի գլխավոր առաջնորդի սիրտը փափկեց, և նա սկսեց հետաքրքրվել ճշմարտությամբ։ Դեռ ավելին, երբ այդ տարածքում մարզային համաժողով անցկացվեց, նա հյուրընկալեց պատվիրակների և նրանց համար մի մեծ կով մորթեց։

Մյուս պորո առաջնորդները հարձակման այլ տարբերակ մտածեցին. նրանք նենգաբար «չարիք էին պատրաստում օրենքի միջոցով» (Սաղ. 94։20)։ Պորո քաղաքական գործիչները մի օրինագիծ ներկայացրին պառլամենտին, ինչը արգելքի տակ կդներ Եհովայի վկաների գործունեությունը։ «Բայց տեղի գլխավոր առաջնորդը պաշտպանեց մեզ՝ ասելով պառլամենտականներին, որ երկու տարի մեզ հետ Աստվածաշունչ է ուսումնասիրել,— պատմում է Չարլզ Չեփըլը։— Նա ասաց, որ մեր կազմակերպությունը քաղաքական չէ, մենք կրթում ենք մարդկանց և նպաստում ենք հասարակության բարոյական մակարդակի բարձրացմանը։ Նաև հույս հայտնեց, որ մի օր ինքն էլ Եհովայի վկա կդառնա։ Երբ պառլամենտի մեկ ուրիշ անդամ, ով նույնպես ուսումնասիրել էր Աստվածաշունչը, թիկունք կանգնեց նրան, օրինագիծը մերժվեց»։

«Թող քո Աստվածն էլ քեզ հաց տա»

Հեշտ բան չէր դուրս գալ գաղտնի միություններից։ Առաջինը հենց ընտանիքի անդամներն էին դաժանորեն հալածում այդ մարդկանց։ Նման հալածանքի ենթարկվեց Ջոնաթան Սելուն՝ մի պատանի, որի պապերը սերնդեսերունդ ժուժու հոգևորականներ են եղել։ Ինքն էլ պետք է մեծանար և շարունակեր նրանց գործը։ Սակայն սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել և հրաժարվեց անել ոգեհարցական ծիսակատարություններ ու զոհաբերություններ։ Նրա ընտանիքը խիստ քայլերի դիմեց. տղային հանեցին դպրոցից, նրան հաց չէին տալիս, երբ գնում էր ժողովի հանդիպման։ Ասում էին. «Թող քո Աստվածն էլ քեզ հաց տա»։ Բայց Ջոնաթանը անկոտրում էր։ Ինչ խոսք, նա սոված չմնաց, գրել-կարդալ էլ սովորեց և հետագայում դարձավ ռահվիրա։ Իսկ երբ մի օր մայրն էլ ընդունեց ճշմարտությունը, նրա ուրախությանը չափ չկար։

Աճը այլ շրջաններում

1960-ին ժողովներ և խմբեր կային Բո, Ֆրիթաուն, Կիսի, Կոյնդու, Լունսար, Մագբրակա, Մակենի, Մոյամբա, Պորտ Լոկո, Վաթեռլո և մինչև անգամ հեռավոր հյուսիսային շրջանում գտնվող Կաբալա քաղաքներում։ Այդ տարի քարոզիչների թիվը 182-ից կտրուկ ավելացավ՝ հասնելով 282-ի։ Շատ հատուկ ռահվիրաներ եկան Գանայից ու Նիգերիայից՝ աջակցելու նորաստեղծ ժողովներին։

Նոր քարոզիչների մեծ մասը հիմնականում երկու ցեղերից էին՝ կրիոներ, ովքեր ապրում էին Ֆրիթաունում ու հարակից բնակավայրերում, և կիսիներ, ովքեր ապրում էին Արևելյան նահանգում։ Սակայն ժամանակի ընթացքում բարի լուրը ուրիշ ցեղերի էլ հասավ, և շատերը դրականորեն արձագանքեցին։ Դրանցից էին կուրանկո, լիմբա, տեմնե (հյուսիսում), մենդե (հարավում) և էլի ուրիշ ցեղախմբեր։

1961-ին տեղի ունեցավ «Ֆրիթաուն արևելյան» ժողովի Թագավորության սրահի նվիրումը։ Հաջորդը Կոյնդուի ժողովի 300 տեղանոց Թագավորության սրահն էր, որը կառուցվել էր կավե աղյուսներից և ծառայում էր նաև որպես համաժողովների սրահ։ Շատ չանցած՝ Սիեռա Լեոնեում առաջին անգամ անցկացվեց Թագավորական ծառայության դպրոցը, որին մասնակցեցին 40 երեցներ։ Այդ տարի ևս մեկ նշանակալից իրադարձություն եղավ. եղբայրները մեծ հաջողությամբ սկսեցին Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության տարածման քարոզարշավը։

Թագավորական ծառայության դպրոցը Սիեռա Լեոնեում, 1961։ Ուիլյամ Նուշին (հետևի շարք՝ մեջտեղում), Չարլզ Չեփըլը (մեջտեղի շարք՝ աջից երկրորդը) և Ռիվա Չեփըլը (առաջին շարք՝ աջից երրորդը)

Եհովան ակնհայտորեն օրհնում էր իր ժողովրդին։ 1962-ի հուլիսի 28-ին Աստվածաշունչ ուսումնասիրողների միջազգային ընկերությունը, որը շատ երկրներում հանդիսանում էր Եհովայի վկաների իրավաբանական միավորումը, պաշտոնական գրանցում ստացավ Սիեռա Լեոնեի կառավարության կողմից։

Գվինեան բացում է իր դռները

Տեսնենք, թե ինչ էր կատարվում հարևան Գվինեայում (նախկինում՝ Ֆրանսիական Գվինեա)։ Նախքան 1958թ. մի քանի եղբայրներ այս երկրով անցնելիս քարոզել են իրենց հանդիպած մարդկանց, սակայն այդ ժամանակ կառավարության կողմից արգելք էր դրված մեր գործունեության վրա։ 1958-ին Գվինեան բացեց իր դռները, երբ ազատվեց ֆրանսիական գաղութատիրությունից և դարձավ անկախ հանրապետություն։

Այդ տարի էր, որ Մանուել Դիոգոն՝ 30-ն անց մի ֆրանսախոս եղբայր, Դահոմեայից (այժմ Բենին) եկավ Գվինեա՝ աշխատելու մայրաքաղաքից՝ Կոնակրիից, 80 կիլոմետր հյուսիս գտնվող Ֆրիա քաղաքի բոքսիտի հանքում։ Այս «անմշակ» տարածքում քարոզելու մեծ ցանկությամբ լցված՝ նա նամակ գրեց Ֆրանսիայի մասնաճյուղին՝ խնդրելով ուղարկել շատ գրականություն և հատուկ ռահվիրաներ։ Նրա նամակը վերջանում էր այս խոսքերով. «Աղոթում եմ Եհովային, որ օրհնի մեր գործը այստեղ, քանի որ մարդկանց հետաքրքրությունը անչափ մեծ է»։

Ֆրանսիայի մասնաճյուղը Մանուելին քաջալերական նամակ ուղարկեց՝ հորդորելով, որ նա հնարավորինս երկար մնա Գվինեայում։ Նաև մի հատուկ ռահվիրա նշանակվեց այնտեղ, որպեսզի սովորեցնի նրան քարոզել։ Մանուելը եռանդորեն շարունակեց ծառայել Ֆրիայում մինչև իր կյանքի վերջը՝ 1968թ.։

Երբ 1960-ին զոնալ վերակացու Ուիլֆրեդ Գուչը այցելեց Կոնակրի, հանդիպեց երկու աֆրիկացի եղբայրների, ովքեր քարոզում էին այստեղ։ Նա առաջարկեց, որ Գվինեայի մասին հոգ տանի ոչ թե Ֆրանսիայի մասնաճյուղը, այլ Սիեռա Լեոնեի։ Այս փոփոխությունը տեղի ունեցավ 1961-ի մարտի 1-ին։ Մեկ ամիս անց Կոնակրիում կազմավորվեց Գվինեայի առաջին ժողովը։

Հոգևոր լույսը թափանցում է Գվինեայի խորքերը

Բարի լուրը տարածվում էր նաև Գվինեայի հարավում։ Ֆալա Գոնդոն, ով կիսի ցեղից էր և ապրում էր Լիբերիայում, վերադարձավ հայրենի գյուղ՝ Ֆոդեդու, որը գտնվում էր Գեկեդուից 13 կիլոմետր արևմուտք։ Նա իր հետ վերցրել էր «Կորցված դրախտից վերականգնված դրախտ» գիրքը։ Ֆալան կարդալ չգիտեր, բայց նա կարողանում էր իր ցեղակիցներին բացատրել գրքի նկարները։ «Գիրքը մեծ հետաքրքրություն առաջացրեց,— հիշում է նա։— Մարդիկ այս գրքին ասում էին Ադամի ու Եվայի գիրք»։

Ֆալան հետո վերադարձավ Լիբերիա, մկրտվեց և ժամանակի ընթացքում դարձավ հատուկ ռահվիրա։ Ամիսը երկու անգամ նա վերադառնում էր Ֆոդեդու 30 հոգու հետ ուսումնասիրություն անցկացնելու համար։ Շուտով նրան միացավ Բորբոր Սիսին՝ կիսի հատուկ ռահվիրա Լիբերիայից։ Միասին նրանք մեկ այլ խումբ հիմնեցին Գեկեդուում։ Ժամանակի ընթացքում երկու խումբն էլ դարձան ժողովներ։

Կիսի ցեղի առաջնորդների աչքից չէր վրիպում իրենց ցեղակից Վկաների լավ վարքը։ Նրանք աշխատասեր էին, ազնիվ և խաղաղարար։ Ուստի երբ եղբայրները Ֆոդեդուում Թագավորության սրահ կառուցելու թույլտվություն խնդրեցին, առաջնորդները պատրաստակամորեն նրանց տրամադրեցին 3 հեկտար տարածք։ Թագավորության սրահի շինարարությունը ավարտվեց 1964թ. սկզբներին։ Դա Գվինեայում առաջին Թագավորության սրահն էր։

Անհանգստություններ Կոնակրիում

Այս ընթացքում քաղաքական խմորումներ էին հասունանում Կոնակրիում։ Պաշտոնյաները սկսեցին կասկածամտորեն վերաբերվել օտարերկրացիներին։ Դա էր պատճառը, որ Գաղաադն ավարտած չորս միսիոներների մերժեցին մշտական վիզա տրամադրել և վտարեցին երկրից, իսկ երկու գանացի եղբայրների ձերբակալեցին և նրանց դեմ կեղծ մեղադրանքներ ներկայացրին։ Եղբայրները երկու ամիս բանտում անցկացրին։

Նրանց ազատ արձակելուց անմիջապես հետո մեկ ուրիշ եղբոր՝ Իմանուել Օուսու-Անսեին, ձերբակալեցին և փակեցին մի սարսափելի կեղտոտ բանտախցում։ Նրա գրած նամակներից մեկում ասվում էր. «Հոգևորապես ես առողջ եմ, բայց ջերմությունս չի իջնում։ Այդուհանդերձ կարողանում եմ քարոզել։ Անցած ամիս 67 ժամ եմ ծառայել։ Երկու հոգի, ում հետ Աստվածաշունչ եմ ուսումնասիրում, օգնում են ինձ»։ Ուսումնասիրողներից մեկը հետագայում դարձավ Եհովայի վկա։ Հինգ ամիս անց եղբայր Օուսու-Անսեին ազատ արձակեցին և վտարեցին Սիեռա Լեոնե։ Կոնակրիում մնաց միայն մեկ քարոզիչ։

1969-ին, երբ քաղաքական լարվածությունը թուլացավ, հատուկ ռահվիրաներ եկան Կոնակրի։ Իշխանությունների թույլտվությամբ նրանք կառուցեցին Թագավորության սրահ, որի մուտքը զարդարում էր մի գեղեցիկ ցուցանակ։ Կարճ ժամանակ անց արդեն 30 հետաքրքրվող կանոնավորաբար ժողով էր գալիս։

Սկզբում եղբայրները քարոզելիս շատ զգույշ էին, քանի որ ձերբակալվելու վտանգ կար։ Սակայն աստիճանաբար նրանց համարձակությունն ավելացավ, և նրանք սկսեցին ավելի շատ քարոզել։ 1973-ի ընթացքում այս փոքրիկ ժողովը տարածեց 6000 թերթիկ։ Հետո նրանք սկսեցին ամսագրեր առաջարկել գրասենյակներում և առևտրի կենտրոններում։ Կամաց-կամաց իշխանությունները և հասարակությունը գնահատեցին մեր կատարած գործը։ 1993թ. դեկտեմբերի 15-ին եղբայրների համբերատար, բայցև համառ ջանքերի արդյունքում Գվինեայի Եհովայի վկաների քրիստոնեական կազմակերպությունը օրինական գրանցում ստացավ։