Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴՈՄԻՆԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Բանտարկություն և արգելք

Բանտարկություն և արգելք

Բանտարկվում են չեզոքության համար

Էնրիկե Գլասը և այն զնդանը, որտեղ երկու շաբաթ փակված է եղել

1949 թ. հունիսի 19-ին Դոմինիկյան Հանրապետությունից արտաքսվածների մի խումբ փորձեց մտնել երկիր և իշխանափոխություն անել՝ տապալել դիկտատոր Ռաֆայել Տրուխիլիոյին։ Թեև այդ ներխուժումն արագ կասեցվեց, սակայն իշխանությունները սկսեցին բանտարկել բոլոր նրանց, ում թշնամի էին համարում, և ովքեր հրաժարվում էին զինծառայությունից։ Զինծառայությունից հրաժարվելու պատճառով բանտարկված առաջին Վկաների թվում էին Լեոն, Էնրիկե և Ռաֆայել Գլասերը, ինչպես նաև Լեոնի աշխատակիցները, ովքեր նույնպես Վկաներ էին։

«Զինվորական գաղտնի ծառայությունները [ինձ ու աշխատակիցներիս] ձերբակալեցին և հարցաքննեցին,— պատմում էր Լեոնը։— Մեզ սպառնացին և բաց թողեցին։ Բայց մի քանի օր անց կանչեցին զինծառայության՝ առանց հետևելու սահմանված ընթացակարգին։ Քանի որ հրաժարվեցինք ենթարկվել պահանջին, մեզ բանտ ուղարկեցին։ Այնտեղ հանդիպեցինք չորս այլ Վկաների, որոնց մեջ էին նաև իմ երկու եղբայրները։ Ազատ արձակելուց հետո մեզ կրկին բանտարկեցին։ Դա կրկնվեց մի երեք անգամ։ Դուրս գալուց մեկ կամ մի քանի օր հետո մեզ նորից բանտ էին նստեցնում։ Այդպես ազատազրկման մեջ անցկացրինք մոտ 7 տարի, վերջին ժամկետը 5 տարի էր»։

«Նույնիսկ երբ մեզ ծեծում էին մահակներով, մտրակներով և հրացաններով, մենք դիմանում էինք, քանի որ Եհովան մեզ ուժ էր տալիս տոկալու»

Բանտում անցկացրած ամեն մի օրը փորձություն էր մեր եղբայրների համար, քանի որ թե՛ հսկիչները և թե՛ մյուս բանտարկյալները օրուգիշեր ծաղրում էին նրանց։ Ֆորտ Օզամայի բանտապետը, որտեղ սկզբնական շրջանում պահվում էին Վկաները, եղբայրներին ասում էր. «Եհովայի՛ վկաներ, երբ դառնաք Սատանայի վկաներ, ասեք, որ ձեզ ազատ արձակեմ»։ Սակայն ոչ ոք չկարողացավ կոտրել այս հավատարիմ եղբայրների անարատությունը։ Լեոնը բացատրում է՝ ինչու. «Եհովան միշտ մեզ զորացնում էր, որ տոկանք, և մենք նույնիսկ չնչին բաներում տեսնում էինք, թե ինչպես է նա միջամտում հօգուտ մեզ։ Նույնիսկ երբ մեզ ծեծում էին մահակներով, մտրակներով և հրացաններով, մենք դիմանում էինք, քանի որ Եհովան մեզ ուժ էր տալիս տոկալու»։

Եհովայի վկաների գործունեությունն արգելքի տակ է դրվում

Երկրի տարբեր շրջաններում ճշմարիտ երկրպագության թշնամիները ավելի էին ուժգնացնում հալածանքը։ Չնայած դրան, սակայն, 1950 թ. մայիսին Դոմինիկյան Հանրապետությունում բացի միսիոներներից կային արդեն 238 քարոզիչներ, որոնցից 21-ը ընդհանուր ռահվիրաներ էին։

Թերթում տպվեց, որ Եհովայի վկաներին բանտ են նստեցնում չեզոքության համար

Այդ ժամանակ էր, որ գաղտնի ծառայությունների մի գործակալ պետքարտուղարությանը գրեց. «Եհովայի վկաներ աղանդի անդամները մեծ ակտիվությամբ իրենց գործունեությունն են ծավալում քաղաքի [Սիուդադ Տրուխիլիոյի] բոլոր մասերում»։ Նամակում նա հայտնում էր իր անհանգստությունը. «Կրկնում եմ, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել Եհովայի վկաներին, քանի որ նրանց քարոզչությունն ու գործունեությունը պառակտիչ ազդեցություն են թողնում մարդկանց մտածողության վրա, հատկապես սովորական մարդկանց»։

Ներքին գործերի և ոստիկանության քարտուղար Ջ. Անտոնիո Ունգրիան խնդրեց եղբայր Բրանտին գրավոր ներկայացնել Վկաների դիրքորոշումը զինծառայության, դրոշին պատվելու և հարկերը վճարելու վերաբերյալ։ Եղբայրը գրեց այդ նամակը՝ օգտվելով «Թող Աստված ճշմարիտ լինի» գրքից։ Այդուհանդերձ, 1950 թ. հունիսի 21-ին քարտուղար Ունգրիան Դոմինիկյան Հանրապետությունում Եհովայի Վկաների գործունեությունը արգելքի տակ դնելու մասին հրաման արձակեց։ Եղբայր Բրանտը կանչվել էր նրա աշխատասենյակ՝ անձամբ լսելու հրամանը։ Եղբայրը հարցրեց՝ արդյոք միսիոներները պետք է հեռանան երկրից։ Քարտուղարը պատասխանեց, որ նրանք կարող են մնալ այնքան ժամանակ, քանի դեռ ենթարկվում են օրենքին և չեն խոսում մարդկանց հետ իրենց կրոնի մասին։ a

a Հրաման արձակվելուց շաբաթներ անց կաթոլիկ քահանաները թերթում հոդվածներ տպագրեցին, որտեղ վարկաբեկում էին Վկաներին և ասում, որ նրանք կապ ունեն կոմունիստների հետ։