Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Աճին համաքայլ

Աճին համաքայլ

«Որ ամեն տեսակ մարդիկ.... փրկվեն»

Եհովայի «կամքն է, որ ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն» (1 Տիմոթ. 2։4)։ Այս խոսքերի համաձայն՝ Եհովայի վկաները ամեն ջանք թափում են բարի լուրը Դոմինիկյան Հանրապետությունում ապրող բոլոր մարդկանց հասցնելու համար, այդ թվում նրանց, ովքեր ազատազրկման մեջ են։

1997 թ.-ին հատուկ ռահվիրա մի զույգ իրենց ամենշաբաթյա այցելությունն էր անում Սան Քրիստոբալում գտնվող Նախայո բանտ, երբ հանդիպեց Գլորիա անունով 23-ամյա կոլումբացի մի կնոջ, ով դատված էր թմրադեղերի վաճառքով զբաղվելու համար։ Նա աստվածաշնչյան թեմաներով զրուցել էր մի քրոջ հետ, ում անարդարացիորեն բանտ էին գցել։ Որպեսզի Գլորիային օգնեն գտնել իր հարցերի պատասխանները, նրա համար բերեցին «Տրամաբանել Սուրբ Գրությունների հիման վրա» գիրքը և այլ հրատարակություններ։ Ճշմարտության հանդեպ նրա մեծ ոգևորությունն ու հետաքրքրությունը փոխանցվեց նաև այլ բանտարկյալների, և այն խումբը, որին այցելում էր զույգը, շարունակեց մեծանալ։

Ճշմարտությունը լրիվ փոխեց Գլորիային, և 1999 թ.-ին նա դարձավ չմկրտված քարոզիչ։ Ամեն ամիս ավելի քան 70 ժամ նա տրամադրում էր ծառայությանը՝ քարոզելով իր դաշտում՝ բանտում։ Նա վեց հոգու հետ Աստվածաշունչ էր ուսումնասիրում, ովքեր հոգևորապես առաջադիմում էին։ 2000թ.-ին նա դիմում ներկայացրեց, որի հիման վրա նրան համաներում շնորհվեց, քանի որ աչքի էր ընկել իր լավ վարքով։ Նա ազատ արձակվեց և ուղարկվեց Կոլումբիա։ 2001 թ.-ին՝ տուն վերադառնալուց կարճ ժամանակ անց, նա մկրտվեց, թեև իր ընտանիքը խիստ դեմ էր դրան։

Գլորիա Կարդոնան ճշմարտությունը իմացել է բանտում։ Այժմ նա և իր ամուսինը ռահվիրա են ծառայում

Մկրտությունից հետո Գլորիան սկսեց ռահվիրա ծառայել։ Հետո նա ամուսնացավ մի երեց եղբոր հետ։ Նրանք երկուսն էլ ռահվիրաներ են ու ծառայում են Կոլումբիայի այն տարածքներում, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Գլորիան օգնել է ոմանց հասնել մկրտության։ Նա ասում է, որ զգում է, որ պարտք է Եհովային, ինչը վերադարձնել կարող է միայն՝ մյուսների համար անելով այն, ինչ արվել է իր համար. օգնել ուրիշներին, որ գտնեն ճշմարտությունը։

Ինչպես երևում է Գլորիայի օրինակից, երկաթյա ճաղերը չեն խանգարում, որ ազատազրկվածները իմանան Աստծու Խոսքի ճշմարտությունը։ Մասնաճյուղի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Քրեակատարողական վարչության պաշտոնյաների հետ՝ թույլտվություն ստանալու նպատակով, որ եղբայրները այցելեն բանտեր՝ մարդկանց հետ Աստվածաշունչ ուսումնասիրելու համար։ Արդյունքում՝ 43 եղբոր և 6 քրոջ հնարավորություն է տրվել 13 բանտերում իրականացնելու աստվածաշնչյան կրթական ծրագիր։

«Երկարացրու վրանիդ պարանները»

20-րդ դարի վերջում, հաշվետվության համաձայն, Դոմինիկյան Հանրապետությունում 342 ժողովներում կար 21 684 բարի լուրի քարոզիչ, և անցկացվում էր 34 380 Աստվածաշնչի ուսումնասիրություն։ Հիշատակի երեկոյին ներկա եղավ 72 679 մարդ։ Այդ աճի արդյունքում՝ Եհովայի ժողովուրդը հրատապության ոգով արձագանքեց Եսայիայի հետևյալ խոսքերին. «Ընդարձակիր վրանիդ տեղը։ Թող տարածեն քո վեհապանծ բնակավայրի պաստառները։ Ոչինչ մի՛ խնայիր։ Երկարացրու վրանիդ պարանները» (Ես. 54։2

Խնդիրներից մեկն էր ունենալ այնպիսի համաժողովի սրահ, որը կբավարարեր քարոզիչների աճի առաջադրած պահանջները։ 1996 թ.-ին ավարտվեց Սանտո Դոմինգոյում մասնաճյուղին կից համաժողովի սրահի շինարարությունը, որը ծառայում էր ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ դրա հարակից տարածքների ժողովներին։ Իսկ Վիյա Գոնսալեսի համաժողովների սրահը վերանորոգման կամ վերակառուցման խիստ կարիք էր զգում։

2001 թ.-ին Կառավարիչ մարմինը հավանություն տվեց Վիյա Գոնսալեսում 2500 տեղանոց համաժողովների սրահի կառուցման նախագծին։ Եղբայրներն անչափ ուրախացան՝ իմանալով, որ այդ տարածքում կառուցվելու է նաև Ծառայության կատարելագործման դպրոցի (այժմ փոխարինվել է Թագավորության քարոզիչների դպրոցով) շենքը։ Այն ունենալու էր բնակելի սենյակներ, դասարան, գրադարան, խոհանոց և ճաշարան։ 2004 թ.-ին Կառավարիչ մարմնի անդամ Թեոդոր Յարաչը ներկայացրեց նոր շինությունների նվիրման ելույթը։ Դրանից հետո դպրոցն ավարտել են 15 դասարաններ։