Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴՈՄԻՆԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Դաժան հարձակում

Դաժան հարձակում

«Նրանք կոչնչացվեն»

Բորբոնիո Այբարը մկրտվել է 1955 թ. հունվարի 19-ին, այն ժամանակ, երբ մեր գործունեությունը դեռ արգելքի տակ էր։ Իր մկրտությունից հետո նա շատ ուսուցումներ էր անցկացնում Մոնտե Ադենտրո և Սանտյագո քաղաքներում։ 1956 թ.-ին, երբ արգելքը հանվեց, նրա ուսուցումներից ոմանք, այդ թվում իր կինը, մկրտվեցին։

1957 թ. հուլիսի կեսերին Սալսեդոյում տեղի ունեցավ պաշտոնատար անձանց հանդիպում, որը նվիրված էր Եհովայի վկաների դեմ պայքարին։ Եղբայր Այբարը պատմում է. «Գլխավոր հռետորը Ֆրանսիսկո Պրաց Ռամիրեսն էր։ Իր ելույթում նա ասաց. «Եվս մի քանի օր և նրանք կոչնչացվեն»»։ Այդ հանդիպումից օրեր անց՝ հուլիսի 19-ին, ոստիկանությունը հավաքեց Բլանկո Արիբա, Էլ Խոբո, Լոս Կակաոս և Մոնտե Ադենտրո քաղաքների Եհովայի Վկաներին։

Եղբայր Այբարը հիշում է. «Ինձ էլ էին ձերբակալել։ Մեզ տարան ոստիկանության գլխավոր վարչություն։ Նոր էինք տեղ հասել, երբ Սալադին անունով մի գնդապետ լավ ծեծ տվեց ինձ։ Զայրույթից դուրս պրծած աչքերով նա սպառնալիքներ տեղաց մեզ վրա։ Հետո մեզ երկու շարքով կանգնեցրին. մի կողմում՝ կանայք, մյուս կողմում՝ տղամարդիկ։ Զինվորականները իրենց մահակներով սկսեցին ծեծել տղամարդկանց և հարվածել կանանց՝ ամեն անգամ կրկնելով. «Ես կաթոլիկ եմ ու սպանում եմ»»։

«Ես կարդացել եմ Աստվածաշունչը ու գիտեմ, որ Եհովան Աստվածն է»

Եղբայր Այբարին տուգանեցին և դատապարտեցին երեք ամիս ազատազրկման։ Նա շարունակում է պատմել. «Բանտում գեներալ Սանտոս Մելիդե Մարտեն այցելեց մեզ։ Նա ասաց. «Ես կարդացել եմ Աստվածաշունչը ու գիտեմ, որ Եհովան Աստվածն է։ Դուք ազատազրկման արժանի ոչ մի բան չեք արել, բայց ես ոչինչ չեմ կարող անել ձեզ համար, քանի որ այս ամենի հետևում կաթոլիկ եպիսկոպոսներն են կանգնած։ Եվ միայն նրանք կամ Շեֆը (Տրուխիլիոն) կարող են ձեր ազատազրկման ժամկետը կրճատել»»։

«Ուրեմն դո՞ւ ես շեֆը»

Բանտարկյալների թվում էին Ֆիդելիա Խիմենեսի դուստրն ու քրոջ աղջիկները, որոնց հետ ինքն էր Աստվածաշունչ ուսումնասիրել։ Թեև Ֆիդելիային չէին բռնել, բայց նա ինքը ներկայացավ իշխանություններին ձերբակալվելու համար, որպեսզի կարողանա քաջալերել բանտում գտնվողներին։ Հենց այդ ժամանակ էր, որ իր դաժանությամբ ու գոռոզամտությամբ հայտնի բարձրաստիճան զինվորական հրամանատար Լուդովինո Ֆեռնանդեսը պաշտոնական այցելություն կատարեց բանտ։ Նա Ֆիդելիային իր մոտ կանչեց ու հարցրեց. «Ուրեմն դո՞ւ ես շեֆը»։

— Ո՛չ,— պատասխանեց Ֆիդելիան,— մեզ մոտ շեֆ չկա։

— Լա՛վ, ուրեմն դու իրենց հովիվն ես,— շարունակեց Ֆեռնանդեսը։

— Ո՛չ,— պատասխանեց Ֆիդելիան,— Հիսուսն է հովիվը։

— Քո պատճառով չե՞ն այս բոլոր մարդիկ բանտարկվել,— հարցրեց Ֆեռնանդեսը,— դու չե՞ս իրենց սովորեցրել այդ բաները։

— Ո՛չ,— պատասխանեց Ֆիդելիան,— նրանք այստեղ են Աստվածաշնչի պատճառով, նրանք անում են այն, ինչ սովորել են Աստվածաշնչից։

Այդ ժամանակ Ֆիդելիայի զարմիկներ Պեդրո Գերմանն ու Նեգրո Խիմենեսը անցնում էին միջանցքով։ Ոստիկանները նրանց մենախցից տեղափոխում էին սովորական բանտախուց։ Նեգրոյի վերնաշապիկն ամբողջությամբ ծածկված էր արյան չորացած հետքերով, իսկ Պեդրոյի աչքերը խիստ այտուցված էին։ Տեսնելով նրանց ու հասկանալով, որ դաժանորեն ծեծվել են՝ Ֆեռնանդեսը հարցրեց հրամանատարին. «Այսպե՞ս եք վերաբերվում բարի, ազնիվ ու աստվածավախ մարդկանց»։ Հասկանալով, որ չի կարող վախեցնել Ֆիդելիային, հրամանատարը կարգադրեց նրան բանտախուց տանել։

Եհովայի հավատարիմ ծառաներին քաջություն էր պետք այսպիսի դաժան հալածանքներին դիմանալու համար, ինչը նրանք ակնհայտորեն ունեին։ Նույնիսկ պետական պաշտոնյաներն էին ընդունում դա։ Օրինակ՝ 1957 թ. հուլիսի 31-ին Լուիս Արսենո Կոլոնը, ով նախագահի հրամանների կատարումը վերահսկող մարմնի աշխատակից էր, պետքարտուղարությանը գրեց. «Թեև վերջերս ազգային կոնգրեսի ընդունած օրենքը Եհովայի վկաներ աղանդի կրոնական գործունեությունը հայտարարում է անօրինական, նրա անդամների մեծ մասը հաստատակամորեն շարունակում է իր գործը»։