ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Եկել են, որ մնան
Նրանք գտան ճշմարտությունը
Խուանա Վենտուրան սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել արգելքի տարիներին և 1960 թ.-ին մկրտվեց Օզամա գետում։ Մի անգամ Սանտո Դոմինգոյում ավետարանչական եկեղեցու քահանան ցանկացավ նրան բանտ նստեցնել՝ ասելով, որ նա խլում է իր «հոտի անդամներին»։ Փորձելով վարկաբեկել Խուանային և ապացուցել, որ Եհովայի վկաները ստախոսներ են՝ հրավիրեց նրան եկեղեցու առաջ պատասխանելու նոր հավատի մասին իր հարցերին։
«Նա ինձ երեք հարց տվեց,— պատմում է Խուանան,— ինչո՞ւ ընտրությունների չեք մասնակցում, ինչո՞ւ պատերազմի չեք գնում և ինչո՞ւ եք կոչվում Եհովայի վկաներ։ Ես այդ հարցերին պատասխանեցի Աստվածաշնչով, իսկ նրա հոտի անդամները, ովքեր ինձ հետ բացում էին Աստվածաշունչը, զարմանում էին, որ նման բան կա այնտեղ գրված։ Նրանցից շատերը հասկացան, որ գտել են ճշմարտությունը։ Բոլորը
սկսեցին ուսումնասիրել Աստվածաշունչը և, ի վերջո, նրանցից 25-ը նվիրվեց Եհովային»։ Այս դրամատիկ իրադարձությունը զարկ տվեց Սանտո Դոմինգոյում քարոզչական գործին։Եհովայի վկաները եկել են, որ մնան
Տրուխիլիոյի սպանությունը բացասական ազդեցություն ունեցավ երկրի քաղաքական դաշտի վրա։ 1963 թ. «Տարեգրքում» ասվում է. «Ոստիկանները շրջափակում էին փողոցները, ամեն օր ծեծ ու ջարդ էր»։ Թեև քաղաքական իրադրությունը խիստ լարված էր, քարոզելու և աշակերտներ պատրաստելու գործը առաջ էր գնում, և 1963 թ. ծառայողական տարվա վերջում քարոզիչների նոր բարձրագույն թիվ գրանցվեց՝ 1 155։
Երբ 1962 թ.-ին գլխավոր վարչությունից Նաթան Նորը այցելեց Դոմինիկյան Հանրապետություն, քայլեր ձեռնարկեց տարածք գնելու, որպեսզի ավելի մեծ շինություններ կառուցվեն՝ արագորեն ընդլայնվող գործը վերահսկելու համար։ Նոր տարածքում կառուցվեցին երկհարկանի մի շենք ու Թագավորության սրահ։ 1963 թ. հոկտեմբերի 12-ին Ֆրեդերիկ Ֆրանցը գլխավոր վարչությունից եկավ ու ներկայացրեց նոր մասնաճյուղի շենքի նվիրման ելույթը։ Կասկած չկար՝ Եհովայի վկաները մտադիր էին մնալ Դոմինիկյան Հանրապետությունում։ Դրանից կարճ ժամանակ անց այստեղ եկան Հարի և Պակիտա Դուֆիլդները, ովքեր Կուբայից արտաքսված վերջին միսիոներներն էին։
Աճ՝ չնայած հեղաշրջմանը
1965 թ. ապրիլի 24-ին երկրում հեղաշրջում եղավ։ Դրան հաջորդած անհանգիստ օրերը չխոչընդոտեցին, որ Եհովայի ժողովուրդը բարգավաճի։ 1970-ականներին այստեղ կար 63 ժողով և 3 378 քարոզիչ, որոնց կեսից ավելին Վկա էին դարձել նախորդ հինգ տարիների ընթացքում։ 1972 թ. «Տարեգրքում» գրված էր. «Նրանք տարբեր ծագում ունեցող մարդիկ են՝ ավտոմեխանիկներ, հողագործներ,
հասարակական տրանսպորտի վարորդներ, հաշվապահներ, շինարարներ, ատաղձագործներ, իրավաբաններ, ատամնաբույժներ և նույնիսկ նախկին քաղաքական գործիչներ։ Բոլորին միավորել է ճշմարտությունը և Եհովա Աստծու հանդեպ սերը»։