Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Երկրաշարժ Հայիթիում

Երկրաշարժ Հայիթիում

Աճը չինական դաշտում

2005-ին մասնաճյուղը չինախոս բեթելցի Թին Ուա Նգին նշանակեց հատուկ ռահվիրա՝ քարոզելու ընդարձակ չինական դաշտում։ Նա ծնվել ու մեծացել էր Դոմինիկյան Հանրապետությունում։ Նրա ծնողները Չինաստանից եկած ներգաղթյալներ էին։

2008 թ. հունվարի 1-ին բացվեց մանդարինյան չինական առաջին ժողովը Սանտո Դոմինգոյում, իսկ 2011-ին մի խումբ կազմավորվեց Սանտյագոյում։ 70 քարոզիչները, այդ թվում՝ 36 ընդհանուր ռահվիրաներն ու մի քանի ենթառահվիրաները, ամեն ամիս անցկացնում էին միջինը 76 Աստվածաշնչի ուսումնասիրություն։

Հոգ է տարվում անգլիական դաշտի մասին

2007 թ.-ին 27 466 քարոզիչներ ծառայում էին 376 ժողովներում և անցկացնում էին 49 795 Աստվածաշնչի ուսումնասիրություններ։ Այդուհանդերձ, չկար ոչ մի ժողով, որը հոգ կտաներ անգլիախոս մարդկանց մասին։ Ուստի 2008-ի ապրիլին մասնաճյուղը նշանակեց միսիոներներ Դոնալդ և Ջեն Էլուալներին Սանտո Դոմինգո՝ այստեղ անգլիական խումբ բացելու համար։ Քարոզիչների մի փոքր, բայց եռանդուն խումբ քայլեր ձեռնարկեց կազմելու այստեղ ապրող անգլիախոսների վիճակագրությունը և տարածքը, որպեսզի հիմնովին վկայություն տրվի այս մարդկանց։

Այս ջանքերի արդյունքում Սանտո Դոմինգոյում անգլիական խումբը աճեց ու 2009-ի հուլիսին դարձավ 39 քարոզիչներից բաղկացած ժողով։ Նման քայլեր ձեռնարկվեցին նաև մյուս քաղաքներում։ 2011-ի նոյեմբերին արդեն երկրում կար 7 անգլիական ժողով և 1 խումբ։

Խուլ և կույր կինը դառնում է Եհովայի ծառա

Հատուկ ռահվիրան հաղորդակցվում է Լորիսի հետ շոշափողական ժեստերով

Լորիսը որբ է մեծացել։ Նրա մոտ հայտնաբերվել է Աշերի համախտանիշ կոչվող հիվանդությունը, որի պատճառով նա խուլ է ծնվել, իսկ 16 տարեկանից սկսել է կորցնել նաև տեսողությունը։ Ցերեկը նա որոշ չափով տեսնում է, բայց մութն ընկնելուն պես բոլորովին բան չի տեսնում և հաղորդակցվում է միայն շոշափողական ժեստերով։

Հատուկ ռահվիրա մի զույգ հանդիպեց Լորիսին, երբ նա արդեն 23 տարեկան էր։ Այդ ժամանակ նա ապրում էր մի խուլ տղամարդու և իրենց մեկ տարեկան աղջնակի հետ, որի լսողությունը նորմալ էր։ Լորիսն ընդունեց ժողովի մասնակցելու հրավերը, և այն, ինչ իմացավ նա այնտեղ, անչափ տպավորեց իրեն։

Նա անմիջապես փոփոխություններ մտցրեց իր կյանքում։ Օրինակ՝ երբ իմացավ, որ պատշաճ չէ ապրել մեկի հետ, ով իր օրինական ամուսինը չէ, նա խոսեց նրա հետ՝ բացատրելով իրենց հարաբերությունների օրինականացման կարևորությունը և ասելով, որ Աստվածաշնչի բարոյական չափանիշներին հետևելու հարցում փոխզիջման չի գնա։ Նրա պարզ ու անկեղծ արտահայտվելուց տպավորված՝ այդ տղամարդը համաձայնեց ամուսնանալ նրա հետ։

Նրանց ամուսնությունից հետո Լորիսը դարձավ քարոզիչ և կարճ ժամանակ անց մկրտվեց։ Աստվածաշունչ ուսումնասիրելու ընթացքում նա սովորեց ամերիկյան ժեստերի լեզուն։ Այնուհետև սկսեց իր աղջկան սովորեցնել ոչ միայն ամերիկյան ժեստերի լեզուն, այլև աստվածաշնչյան անգին ճշմարտությունները։

Ավերիչ երկրաշարժ Հայիթիում

2010 թվականի հունվարի 12-ը դեռ երկար կմնա դոմինիկացիների և հայիթցիների հիշողության մեջ։ Այդ օրը ավերիչ երկրաշարժը ցնցեց Հայիթին։ Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը Դոմինիկյան Հանրապետության մասնաճյուղին լիազորեց գումար ուղարկել Հայիթիի մասնաճյուղ՝ տուժածներին օգնություն տրամադրելու նպատակով։ Քանի որ նախատեսված գումարի չափը բավականին մեծ էր, այն տեղ հասցնելը հանձնարարվեց Բեթելի բժշկին՝ 1,9 մետր հասակ և 127 կիլոգրամ քաշ ունեցող Էվն Բատիստային։

Եղբայր Բատիստային ուղարկելու որոշումը պարզվեց, որ բավականին խելամիտ էր, քանի որ արդեն սահմանին նա իմացավ, որ որակյալ բժշկական օգնության խիստ կարիք կա։ Լուրջ վնասվածքներ ստացած մարդկանց բերում էին Հայիթիի մասնաճյուղին կից համաժողովների սրահ, որպեսզի նրանց բուժօգնություն տրամադրվի։ Իմանալով, որ եղբայր Բատիստան բժիշկ է, տեղի եղբայրները զանգեցին Դոմինիկյան Հանրապետության մասնաճյուղ և խնդրեցին, որ նա առնվազն որոշ ժամանակ մնա իրենց մոտ։ Անշուշտ, նրանց խնդրանքն ընդունվեց։ Այսպիսով՝ երկրաշարժից ընդամենը ժամեր անց սկսվեցին մեր տուժած եղբայրներին օգնություն տրամադրելու լայնածավալ աշխատանքները։

2010-ին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժից հետո եղբայրները համախմբված օգնություն տրամադրեցին տուժածներին

Դոմինիկյան Հանրապետության մասնաճյուղի առաքման բաժինը անմիջապես կապվեց սննդի մատակարարների հետ և ձեռք բերեց ավելի քան 6,8 տոննա բրինձ, լոբի և սննդամթերքի այլ հիմնական տեսակներ։ Մթերքը Հայիթի ուղարկվեց երկրաշարժից մի օր հետո՝ հինգշաբթի, հունվարի 14-ի գիշերվա 2։30-ին։ Ակներևաբար սա երկիր մտած հումանիտար օգնության առաջին խմբաքանակն էր։ Նույն օրը Դոմինիկյան Հանրապետությունից երեք այլ բժիշկներ յոթ ժամ ճանապարհ անցնելուց հետո հասան Հայիթիի մասնաճյուղ և, իրենց համար նախատեսված սենյակ գնալու ու հանգիստ առնելու փոխարեն, գնացին տուժածների մոտ և մինչև ուշ գիշեր օգնություն տրամադրեցին նրանց։ Հաջորդ օրը ևս չորս բժիշկներ ու չորս բուժքույրեր եկան Դոմինիկյան Հանրապետությունից։ Այս դժվար պայմաններում վիրաբուժական միջամտություններ իրականացվեցին համաժողովի սրահում առանձնացված «վիրահատարանում»։ Մի շաբաթվա ընթացքում այս 12 հոգանոց բուժանձնակազմը օգնություն տրամադրեց ավելի քան 300 վիրավորների։

Ամեն օր առավել ծանր վիճակում գտնվող տուժածները ուղարկվում էին Դոմինիկյան Հանրապետություն։ Երբեմն նույնիսկ հումանիտար օգնություն տեղափոխող փոխադրամիջոցներով էին վիրավորները տարվում Դոմինիկյան Հանրապետության տարբեր բժշկական կենտրոններ։ Մասնաճյուղը կազմեց հիվանդներին այցելող խմբեր՝ տուժածներին մխիթարելու և համոզվելու համար, որ նրանք ունեն անհրաժեշտ դեղամիջոցներ։ Տեղի ժողովները վիրավորներին խնամող ընտանիքի անդամներին տրամադրում էին սննդամթերք և կացարան։

Եհովայի վկաները բաժանեցին մոտ 500 տոննա հումանիտար օգնություն, այդ թվում՝ 400000 բաժին ուտելիք

Այս աղետից հետո տուժածներին օգնելու համար Եհովայի ժողովրդի անխոնջ և անձնազոհ ջանքերը հաստատում են Առակներ 17։17-ում գրված խոսքերի ճշմարտացիությունը, որտեղ կարդում ենք. «Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված»։ Ամեն անգամ Եհովան սուրբ ոգու և քրիստոնեական եղբայրության միջոցով օգնում է իր հավատարիմ ծառաներին։ Տուժածներին օգնություն տրամադրելու ինտենսիվ աշխատանքները շարունակվեցին հետագա ամիսների ընթացքում։ Եհովայի վկաները բաժանեցին մոտ 500 տոննա հումանիտար օգնություն, այդ թվում՝ 400 000 բաժին ուտելիք։ Աշխարհի տարբեր ծայրերից բժշկական մասնագիտություն ունեցող մոտ 78 եղբայրներ և քույրեր եկան և, անմնացորդ տրամադրելով իրենց ժամանակն ու հմտությունները, անհաշիվ այլ կամավորների հետ օգնեցին աղետից տուժածներին։ *

^ պարբ. 1 Այլ մանրամասների մասին տես «Արթնացե՛ք»-ի 2010 թ. դեկտեմբերի համարը (էջ 14–19, անգլ., ռուս.)։