ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Ընդհանուր տեղեկություններ
Տարածքը։ Դոմինիկյան Հանրապետությունը զբաղեցնում է Էսպանյոլա կղզու երկու երրորդ մասը, իսկ մնացած մասը՝ Հայիթին։ Երկրի մակերևույթը բազմազան է. կան արևադարձային խոնավ անտառներ, վեր խոյացող լեռներ, անապատներ և մանգրային ճահիճներ։ Դոմինիկյան Հանրապետության ամենաբարձր գագաթը Պիկո Դուարտեն է՝ ծովի մակերևույթից 3 175 մետր բարձր։ Մեծ մասամբ երկիրն ունի սպիտակ ավազով ծածկված ափեր։ Կան նաև բերրի հարթավայրեր, ինչպիսին է, օրինակ, Սիբաու հարթավայրը։
Բնակչությունը։ Բնակիչները հիմնականում կազմում են եվրոպացիների և աֆրիկացիների խառը ամուսնություններից առաջ եկած սերունդները։ Կան նաև որոշ փոքրամասնություններ, որոնցից ամենամեծ համայնքը կազմում են հայիթցի ներգաղթյալները։
Լեզուն։ Պետական լեզուն իսպաներենն է։
Տնտեսությունը։ Հանքարդյունաբերությունը, շաքարի, սուրճի և ծխախոտի արդյունաբերությունները պետեկամտի հիմնական աղբյուրներն են։ Վերջին տարիներին տնտեսական զգալի աճ է գրանցվել տուրիզմի և շինանյութերի արտադրության շնորհիվ։
Կլիման։ Կլիման մեղմ արևադարձային է, տարեկան միջին ջերմաստիճանը 25°C է։ Տեղումների տարեկան քանակը հյուսիսարևելյան լեռնային գոտիներում հասնում է 2 032 մմ-ի և նույնիսկ ավել, իսկ չորային գոտիներում՝ ընդամենը 760 մմ կամ դրանից պակաս։ Ժամանակ առ ժամանակ կղզում լինում են արևադարձային փոթորիկներ և մրրիկներ։
Մշակույթը։ Հիմնական ուտելիքներն են՝ բրինձը, տարատեսակ ընդեղենները և բանջարեղենները։ Դոմինիկացիները սիրում են նաև ծովամթերք, արևադարձային մրգեր, պղպեղի տարբեր տեսակներ և տապակած կանաչ բանան։ Վերը նշված մթերքները օգտագործվում են նաև ամենահայտնի Լա Բանդերա Դոմինիկանա ուտեստում (թարգմանաբար՝ Դոմինիկյան Հանրապետության դրոշ)։ Կղզու բնակիչները բեյսբոլի, երաժշտության, պարերի, հատկապես մերենգեի սիրահարներ են։ Կիթառը ամենատարածված երաժշտական գործիքն է։ Տարածված են նաև թմբուկը, ֆլեյտան և մարիմբան։