ԻՆԴՈՆԵԶԻԱ
Բիբելքրինգ կրոնական խմբավորումը
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՍՈՒՄԱՏՐԱՅԻ Թոբա լճի տարածքում 1930-ականների վերջերին ձևավորվեց նոր կրոնական խմբավորում «Բիբելքրինգ» անունով (հոլանդերեն այս բառը նշանակում է «Աստվածաշունչ ուսումնասիրողների խումբ»)։ Այս խմբավորումը կազմավորվեց այն բանից հետո, երբ դպրոցի մի քանի ուսուցիչներ գրականություն վերցրին արտերկրից եկած մի ռահվիրայից՝ հավանաբար Էրիկ Յուինզից, որը քարոզել էր Թոբա լճի տարածքում 1936թ.-ին։ Այն, ինչ նրանք սովորեցին, մղեց նրանց թողնելու բատակների բողոքական եկեղեցին և հաստատելու Աստվածաշնչի ուսումնասիրության խմբեր։ Այդ խմբերը շատացան և տարածվեցին, ու նրանց անդամների թիվը հասավ մոտ հազարի։ a
Արտերկրից եկած ռահվիրայի տված գրականության օգնությամբ Բիբելքրինգի առաջին անդամները հասկացել էին աստվածաշնչյան մի քանի ճշմարտություններ։ Խմբավորման նախկին անդամներից մեկը՝ Դեմե Սիմբոլոնը, որն ընդունեց ճշմարտությունը 1972թ.-ին, ասում է. «Նրանք հրաժարվում էին դրոշին պատիվ տալուց, չէին տոնում Սուրբ Ծնունդը և ծննդյան տարեդարձները։ Ոմանք նույնիսկ քարոզում էին տնետուն»։ Սակայն չունենալով առաջնորդություն Աստծու կազմակերպության կողմից՝ շուտով սկսեցին առաջնորդվել մարդկային դատողությամբ։ Լիմերիա Նեյդափդափը՝ խմբավորման մեկ այլ նախկին անդամ, որն այսօր մեր քույրն է, ասում է. «Կանանց չէր թույլատրվում շպարվել, զարդեր կրել, հագնել ժամանակակից հագուստ և անգամ նորաձև կոշիկներ։ Խմբավորման անդամներին չէր թույլատրվում նույնիսկ անձը հաստատող փաստաթուղթ ունենալ, մի դիրքորոշում, որն առաջացնում էր իշխանությունների խիստ վրդովմունքը»։
Բիբելքրինգ խմբավորումը ի վերջո պառակտվեց՝ բաժանվելով մի քանի խմբերի և աստիճանաբար անկում ապրեց։ Ավելի ուշ, երբ կրկին ռահվիրաներ եկան Թոբա լճի տարածք, Բիբելքրինգ խմբավորման նախկին անդամներից շատերը ընդունեցին ճշմարտությունը։
a Ըստ որոշ աղբյուրների՝ Բիբելքրինգ կրոնական խմբավորումը իր գործունեության ամենաբուռն շրջանում ունեցել է մի քանի հազար անդամներ։