Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆԴՈՆԵԶԻԱ

Խիզախ ռահվիրա

Անդրե Էլիաս

Խիզախ ռահվիրա
  • ԾՆՎԵԼ Է 1915թ.-ին

  • ՄԿՐՏՎԵԼ Է 1940թ.-ին

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ։ Խիզախ ռահվիրա, որը բազմիցս ենթարկվել է հարցաքննությունների և սպառնալիքների, բայց պահել է իր հավատարմությունը։

ԵՐԿՐՈՐԴ համաշխարհային պատերազմի ընթացքում Սուկաբումիի (Արևմտյան Ճավա) իշխանությունները եղբայր Էլիասին և նրա կնոջը՝ Ժոզեֆինային, կանչեցին կեմպեյտայի՝ ճապոնական ռազմական ոստիկանության գլխավոր շտաբ։ Առաջինը հարցաքննեցին Անդրեին։ Հարցաքննողները նրա գլխին հարցերի տարափ տեղացին. «Ովքե՞ր են Եհովայի վկաները։ Դու դե՞մ ես Ճապոնիայի կառավարությանը։ Դու լրտե՞ս ես»։

«Մենք Ամենակարող Աստծու ծառաներն ենք և ոչ մի սխալ բան չենք արել»,— պատասխանեց Անդրեն։ Այդ ժամանակ ավագ սպան վերցրեց սամուրայի սուրը, որ կախված էր պատից, և այն սպառնալից վեր բարձրացրեց։

«Դե ինչ, հիմա սպանե՞մ քեզ»,— մռնչաց նա։ Անդրեն խոնարհվեց ու գլուխը դնելով գրասեղանին՝ սկսեց լուռ աղոթել։ Երկար լռությունից հետո սպան հանկարծ սկսեց ծիծաղել։ «Բայց դու շատ քաջն ես»,— ասաց նա։ Այնուհետև կանչեցին Ժոզեֆինային ու հարցաքննեցին։ Երբ սպան տեսավ, որ կնոջ տված վկայությունը համապատասխանում է Անդրեի խոսքերին, բղավեց. «Դուք լրտեսներ չեք։ Դո՛ւրս կորեք այստեղից»։

Ամիսներ անց «կեղծ եղբայրները» մատնեցին Անդրեին, և նա բանտարկվեց (2 Կորնթ. 11։26)։ Մի քանի ամիս նա իր գոյությունը պահպանեց՝ ուտելով իր բանտախցի ջրհորդանից հավաքած ուտելիքի մնացորդները։ Այդուհանդերձ, բանտապետները չկարողացան կոտրել նրա անարատությունը։ Երբ Ժոզեֆինային թույլ տրվեց այցելել Անդրեին, վերջինս վանդակաճաղերի արանքից շշուկով ասաց նրան. «Մի՛ անհանգստացիր։ Անկախ այն բանից, նրանք ինձ կսպանեն, թե ազատ կարձակեն, ես հավատարիմ կմնամ Եհովային։ Նրանք կարող են ինձ այստեղից հանել մահացած, բայց ոչ որպես դավաճան»։

Բանտում վեց ամիս մնալուց հետո Անդրեն կանգնեց Ջակարտայի գերագույն դատարանի առաջ։ Նա կարողացավ հաջողությամբ պաշտպանել իրեն և ազատ արձակվեց։

Մոտ 30 տարի անց, երբ Ինդոնեզիայի իշխանությունները նորից արգելեցին Եհովայի վկաների գործունեությունը, Մանադոյի (Հյուսիսային Սուլավեսի) մարզային դատախազը կանչեց Անդրեին իր գրասենյակ։ Նա հարցրեց. «Դու գիտե՞ս, որ Եհովայի վկաների գործունեությունը արգելված է»։

«Այո՛»,— պատասխանեց Անդրեն։

«Այդ դեպքում պատրա՞ստ ես փոխելու կրոնդ»,— հարցրեց դատախազը։

Անդրեն մի փոքր առաջ եկավ և ձեռքը կրծքին խփելով՝ խրոխտ ձայնով ասաց. «Դուք կարող եք սիրտս հանել կրծքիցս, բայց երբեք չեք կարող ստիպել ինձ փոխել իմ հավատը»։

Դատախազը թողեց, որ Անդրեն գնա, և այլևս նրան չանհանգստացրեց։

Անդրեն մահացավ 2000թ.-ին 85 տարեկանում։ Նա մոտ 60 տարի եռանդորեն ծառայեց որպես ռահվիրա։