Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆԴՈՆԵԶԻԱ

Սառայի ճշմարիտ դուստրը

Տիտի Կյուտին

Սառայի ճշմարիտ դուստրը
  • ԾՆՎԵԼ Է 1928թ.-ին

  • ՄԿՐՏՎԵԼ Է 1957թ.-ին

  • ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ։ Հավատարիմ մի քույր, որը նրբանկատություն դրսևորելով, օգնեց իր հակառակվող ամուսնուն ընդունելու ճշմարտությունը։ (Պատմում է նրա որդին՝ Մարիո Կյուտինը։)

ՄԱՅՐՍ ջերմ, ընկերասեր անձնավորություն էր ու շատ էր սիրում Աստվածաշունչը։ Մի օր նա հանդիպեց Գերտրուդ Օտտին՝ Մանադոյում (Հյուսիսային Սուլավեսի) ծառայող մի միսիոների։ Մայրս սրտանց համաձայնեց Աստվածաշունչ ուսումնասիրել և այդպես ընդունեց ճշմարտությունը։ Իսկ հայրս՝ Էրվինը, որը հայտնի բանկիր էր և հետագայում դարձավ Ջակարտայի ֆոնդային բորսայի նախագահը, խիստ դեմ էր մորս նոր հավատին։

Մի օր հայրս նրան դժվար ընտրության առաջ կանգնեցրեց։

Նա բորբոքված ասաց. «Ընտրի՛ր, կա՛մ կրոնդ, կա՛մ ամուսինդ»։

Մայրս երկար մտածեց, ապա մեղմորեն պատասխանեց. «Ես ընտրում եմ երկուսին էլ, ինձ համար թանկ են և՛ ամուսինս, և՛ Եհովան»։

Հայրս ոչինչ չկարողացավ ասել, և նրա բարկությունն իսկույն անցավ։

Ժամանակի ընթացքում հայրս ավելի հանդուրժող դարձավ, քանի որ շատ էր սիրում մորս և գնահատում էր նրա խորաթափանցությունն ու ըմբռնողականությունը։

Մայրս ցանկանում էր, որ իր ամուսինը միանա իրեն ճշմարիտ երկրպագության մեջ։ Այդ մասին ջերմեռանդորեն աղոթելուց հետո նա հիշեց, որ հայրս սիրում է լեզուներ սովորել, ուստի անգլերեն լեզվով մի քանի աստվածաշնչյան համարներ գրեց ու դրանք դրեց տան տարբեր մասերում։ Նա հորս ասաց. «Ուզում եմ բարելավել անգլերենի իմացությունս»։ Մայրս նաև գիտեր, որ հայրս սիրում է ելույթներ լսել, ուստի խնդրեց նրան, որ օգնի իրեն փորձելու Աստվածապետական ծառայության դպրոցի ելույթները։ Հայրս համաձայնվեց։ Իմանալով, որ հայրս շատ հյուրասեր անձնավորություն է՝ մի օր մայրս հարցրեց նրան, թե կարող են արդյոք հյուրընկալել շրջանային վերակացուին։ Հայրս ասաց, որ կարող են։ Մայրս նաև լավ գիտեր, որ նա շատ է սիրում իր ընտանիքին, ու նրբանկատորեն հարցրեց, թե արդյոք չի ցանկանա մեզ հետ ներկա լինել համաժողովներին։ Հայրս համաձայնվեց գալ։

Մորս ջանքերի, ինչպես նաև համբերատարության և խորաթափանցության շնորհիվ հորս սիրտը հետզհետե փափկեց։ Ավելի ուշ մեր ընտանիքը տեղափոխվեց Անգլիա։ Հայրս սկսեց հաճախել հանդիպումներին և ընկերացավ Ջոն Բարի հետ (վերջինս հետագայում դարձավ Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ)։ Այդ նույն տարի հայրս մկրտվեց, ինչը անսահման ուրախություն պատճառեց մորս։ Հետագա տարիներին նա միշտ մորս հանդեպ ջերմագին սեր ու հոգատարություն էր դրսևորում։

Մորս ճանաչող բոլոր մարդիկ խորապես գնահատում էին նրան՝ տեսնելով, թե որքան առաքինի, հարգալից և հոգևորապես հասուն անձնավորություն է նա

Մեր ընկերներից ոմանք մորս նմանեցնում էին Լիդիային՝ առաջին դարի քրիստոնյա մի կնոջ, որը արտասովոր հյուրասիրություն էր դրսևորում (Գործ. 16։14, 15)։ Իսկ ես շատ հաճախ նրան նմանեցնում եմ Սառային, որը ուրախությամբ հնազանդվում էր իր ամուսնուն՝ Աբրահամին (1 Պետ. 3։4–6)։ Մայրս առաքինի, հարգալից և հոգևոր բաները խորապես գնահատող անձնավորություն էր, և նրա այդ հատկությունները տպավորում էին բոլոր նրանց, ովքեր ճանաչում էին նրան։ Մորս օրինակելի վարքի շնորհիվ էր, որ հայրս եկավ դեպի ճշմարտություն։ Նա Սառայի ճշմարիտ դուստրն էր։