ՎՐԱՍՏԱՆ
Կարծում՝ էի կյանքս հաջողվել է
Մադոնա Կանկիա
-
ԾՆՎԵԼ Է 1962 թ.-ին
-
ՄԿՐՏՎԵԼ Է 1990 թ.-ին
-
ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Նախկինում Վրաստանի կոմունիստական կուսակցության անդամ է եղել։ Նա շատերին է օգնել ընդունելու ճշմարտությունը։ 2015 թ.-ին ավարտել է Թբիլիսիում անցկացված Թագավորության քարոզիչների դպրոցի առաջին դասարանը։
ԵՐԲ 1989 թ.-ին լսեցի աստվածաշնչյան ճշմարտությունը, իմ հայրենի քաղաք Սենակում կոմունիստական կուսակցության, ինչպես նաև Գերագույն խորհրդի անդամ էի, որը համարժեք է այսօրվա պառլամենտին։ Ես նաև նշանված էի մի երիտասարդի հետ։ Ուստի կարծում էի՝ կյանքս հաջողվել է։
Հայրս ու մայրս իմ մեջ Աստծու հանդեպ սեր էին սերմանել։ Դա է պատճառը, որ թեև կոմունիստ էի, սակայն հավատում էի նրան։ Երբ սկսեցի ուսումնասիրել Աստվածաշունչը, գտա իմ բոլոր հարցերի սպառիչ պատասխանները և որոշեցի կյանքս նվիրել Եհովային։ Սակայն ընտանիքս, ընկերներս, աշխատակիցներս ու նշանածս համաձայն չէին իմ որոշմանը։
Իմ նոր հավատի պատճառով ազգականներս հրաժարվեցին ինձնից։ Այն նաև անհամատեղելի էր իմ քաղաքական կարիերայի հետ։ Ես եկա այն եզրահանգման, որ այլընտրանք չունեմ. պետք է հեռանամ տնից, չեղյալ համարեմ նշանադրությունս, թողնեմ աշխատանքս, ինչպես նաև դադարեմ կոմունիստական
կուսակցության և Գերագույն խորհրդի անդամ լինելուց։ Մկրտվելուց հետո ավելի շատ ճնշումների ենթարկվեցի ընկերներիս ու ընտանիքիս կողմից։ Քանի որ իմ քաղաքում ինձ լավ էին ճանաչում, իմ՝ Եհովայի վկա դառնալը մեծ իրարանցում առաջացրեց, ուստի տեղափոխվեցի Քութայիս, որտեղ անմիջապես ռահվիրայություն սկսեցի։Երբ մարդիկ հարցնում են ինձ, թե արդյոք արժեր, որ հավատիս համար այդքան շատ դժվարությունների միջով անցնեի, առանց վարանելու պատասխանում եմ, որ երջանիկ եմ իմ կայացրած որոշման համար։ Ճիշտ է, ծնողներիս համար անհասկանալի էր իմ կատարած ընտրությունը, բայց ես երախտապարտ եմ նրանց, որ սովորեցրել էին ինձ սիրել Աստծուն և մերձավորին։ Դա ինձ կյանքում շատ է օգնել։