Անցնել բովանդակությանը

«Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը» հանդիպմանը վերաբերող ցուցումներ

«Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը» հանդիպմանը վերաբերող ցուցումներ

Բովանդակություն

1. Այս ուղեցույցում նշված հրահանգները կօգնեն բոլոր նրանց, ովքեր մասնակցում են «Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը» հանդիպմանը։ Բոլոր այդ անհատները պետք է անդրադառնան «Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկում» և այս ուղեցույցում նշված հիշեցումներին նախքան առաջադրանք պատրաստելը։ Բոլոր քարոզիչներին պետք է հորդորել, որ ներկայացնեն ուսումնական առաջադրանքներ։ Նրանք, ովքեր ակտիվորեն համագործակցում են ժողովի հետ, նույնպես կարող են ընդգրկվել այդ ցուցակում, եթե համաձայն են Աստվածաշնչյան ուսմունքների հետ և քրիստոնեական սկզբունքներին ներդաշնակ կյանք են վարում։ «Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը» հանդիպման վերակացուն պետք է քննարկի գրանցվելու համար պահանջները ցանկացած մեկի հետ, ով քարոզիչ չէ և ցանկություն է հայտնել մասնակցելու, և հետո հայտնի նրան, թե արդյոք կարող է մասնակցել։ Դա պետք է անել այդ անհատի հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնողի (կամ քրիստոնյա ծնողի) ներկայությամբ։ Չափանիշները նույնն են, ինչ չմկրտված քարոզիչ դառնալու համար (od, գլ․ 8, պրբ․ 8

 ԲԱՑՄԱՆ ԽՈՍՔԵՐ

2. 1 րոպե։ Ամեն շաբաթ բացման երգից և աղոթքից հետո «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման նախագահողը այդ օրվա ծրագրի հանդեպ հետաքրքրություն պետք է զարգացնի։ Նախագահողը պետք է կենտրոնանա այն մտքերի վրա, որոնք առավելագույնը օգտակար կլինեն ժողովին։

  ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ

 3Ելույթ (10 րոպե)։ «Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկում» նշված կլինի ելույթի թեման և այն երկու կամ երեք գլխավոր մտքերը, որոնք պետք է ներկայացվեն։ Այս ելույթը հարկավոր է հանձնարարել կա՛մ երեցի, կա՛մ համապատասխան որակներ ունեցող ծառայող օգնականի։ Երբ Աստվածաշնչի շաբաթական ընթերցանության ժամանակ պետք է Աստվածաշնչից նոր գրքի ընթերցանություն սկսվի, ապա հարկավոր է այդ գիրքը ներկայացնող տեսանյութ ցուցադրել։ Հռետորը կարող է զուգահեռներ տանել տեսանյութում հնչած մտքերի և իրեն հանձնարարված թեմայի միջև։ Սակայն ելույթում պետք է անպայման ընդգրկի ձեռնարկում նշված մտքերը։ Նաև, որքան ժամանակը թույլ է տալիս, նա պետք է լավագույնս օգտագործի նկարները, որոնք նախատեսված են լրացնելու համար ներկայացվող նյութին։ Նա կարող է ներառել նյութ այլ աղբյուրներից, եթե իհարկե դա նպաստում է ելույթի պլանի մտքերի զարգացմանը։

 4Հոգևոր գանձեր (10 րոպե)։ Ծրագրի այս մասը հարկավոր է անցկացնել հարց ու պատասխանով, առանց նախաբանի և վերջաբանի։ Այն պետք է անցկացնի կա՛մ երեց, կա՛մ համապատասխան որակներ ունեցող ծառայող օգնական։ Հռետորը պետք է ունկնդիրներին ուղղի երկու հարցերը։ Նա նաև կարող է որոշել՝ կարդալ թե չկարդալ նշված համարները։ Մեկնաբանությունները պետք է տևեն 30 վայրկյան կամ ավելի քիչ։

 5Աստվածաշնչի ընթերցանություն (4 րոպե)։ Այս ուսումնական առաջադրանքը պետք է հանձնարարել արական սեռի ուսանողների։ Նա պետք է ընթերցի իրեն հանձնարարված հատվածը՝ առանց առաջաբան և վերջաբան անելու։ Հանդիպման նախագահողը պետք է այս եղբայրներին օգնի, որ նրանք իրենց հանձնարարված հատվածը կարդան ճիշտ, հասկանալով, սահուն, բնական, տրամաբանական շեշտադրությամբ, ճիշտ հնչերանգով և տեղին տրված դադարներով։ Քանի որ Աստվածաշնչի ընթերցանության որոշ հանձնարարություններ ավելի կարճ են, իսկ մյուսները՝ ավելի երկար, «Մեր կյանքի և ծառայությունը» հանդիպման վերակացուն այդ առաջադրանքները նշանակելիս պետք է հաշվի առնի ուսանողների ունակությունները։

 ՀՄՏԱՆԱՆՔ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵՋ

6. (15 րոպե)։ Հանդիպման այս բաժինը օգնում է ներկաներին հմտանալ ծառայության մեջ և բարելավել զրույց վարելու, քարոզելու և ուսուցանելու իրենց ունակությունները։ Ըստ անհրաժեշտության երեցները կարող են ուսումնական առաջադրանքներ ստանալ։ Յուրաքանչյուր ուսանող պետք է աշխատի կիրառել «Մեր կյանքը և ծառայությունը» ձեռնարկում իր հանձնարարության համար փակագծերում նշված՝ «Հմտացիր» կամ «Սիրիր մարդկանց» գրքույկի դասի խորհուրդները։ Երբեմն ծրագրում կարող է ներառված լինել քննարկում։ Այս մասը պետք է ներկայացնի երեցը կամ համապատասխան որակներ ունեցող ծառայող օգնականը (տես քննարկումներ անցկացնելու վերաբերյալ առաջնորդությունը  15-րդ պարբերության մեջ)։

 7Զրույց սկսիր։ Այս ուսումնական առաջադրանքը կարելի է հանձնարարել ինչպես արական, այնպես էլ իգական սեռի ուսանողի։ Նրա օգնականը պետք է նույն սեռի ներկայացուցիչ լինի, կամ էլ լինի նրա ընտանիքի անդամը։ Սովորողը և նրա օգնականը առաջադրանքը կարող են ներկայացնել նստած կամ կանգնած (նյութի բովանդակության կամ իրավիճակի վերաբերյալ հավելյալ տեղեկության համար տես  պարբերություններ 12 և  13

 8Հետաքրքրություն զարգացրու։ Այս ուսումնական առաջադրանքը կարելի է հանձնարարել ինչպես արական, այնպես էլ իգական սեռի ուսանողի։ Նրա օգնականը պետք է նույն սեռի ներկայացուցիչ լինի (km, 5/97, էջ 2)։ Սովորողը և նրա օգնականը առաջադրանքը կարող են ներկայացնել նստած կամ կանգնած։ Սովորողը պետք է ցույց տա, թե ինչպես կարելի է շարունակել նախորդ զրույցը (նյութի բովանդակության կամ իրավիճակի վերաբերյալ հավելյալ տեղեկության համար տես  պարբերություններ 12 և  13

 9Օգնիր աշակերտ դառնալ։ Այս ուսումնական առաջադրանքը կարելի է հանձնարարել ինչպես արական, այնպես էլ իգական սեռի ուսանողի։ Նրա օգնականը պետք է նույն սեռի ներկայացուցիչ լինի (km, 5/97, էջ 2)։ Սովորողը և նրա օգնականը առաջադրանքը կարող են ներկայացնել նստած կամ կանգնած։ Այս առաջադրանքի ժամանակ պետք է ներկայացվի արդեն ընթացքի մեջ եղող Աստվածաշնչի ուսումնասիրությունից մի հատված։ Նախաբանի կամ վերջաբանի կարիք չկա, եթե իհարկե սովորողին հանձնարարված դասը կոնկրետ դրանց վերաբերյալ չէ։ Պարտադիր չէ, որ ողջ հանձնարարված նյութը բարձրաձայն ընթերցվի, թեև կարելի է այդպես անել։

 10Բացատրիր հավատալիքներդ։ Եթե առաջադրանքը պետք է ներկայացվի որպես ելույթ, ապա այն հարկավոր է հանձնարարել արական սեռի ուսանողի։ Եթե այն պետք է ներկայացնել որպես ցուցադրում, ապա կարելի է այն հանձնարարել ինչպես արական, այնպես էլ իգական սեռի ուսանողի։ Նրա օգնականը պետք է նույն սեռի ներկայացուցիչ լինի, կամ էլ լինի նրա ընտանիքի անդամը։ Ուսանողը պետք է հստակ բայց նրբանկատ կերպով պարզաբանի թեմայի հարցի պատասխանը՝ օգտագործելով նշված աղբյուրում տրամադրվող տեղեկությունը։ Ուսանողը կարող է որոշել՝ իր առաջադրանքի մեջ նշել տվյալ հրատարակությունը, որին հղում է արվում, թե ոչ։

 11Ելույթ։ Այս ուսումնական առաջադրանքը պետք է հանձնարարել արական սեռի ուսանողի, և այն պետք է ներկայացվի որպես ելույթ ժողովի առաջ։ Եթե ելույթը հիմնված է «Սիրիր մարդկանց» գրքույկի Ա հավելվածի կետերից մեկի վրա, ուսանողը պետք է ընդգծի, թե ինչպես կարելի է օգտագործել համար(ներ)ը ծառայության մեջ։ Օրինակ, նա կարող է բացատրել, թե երբ կարելի է կիրառել այդ համարը, որն է դրա նշանակությունը և ինչպես կարելի է տրամաբանել այդ համարի շուրջ մեկ ուրիշի հետ։ Եթե ելույթը հիմնված է «Սիրիր մարդկանց» գրքույկի դասերից մեկի վրա, ուսանողը պետք է ուշադրությունը կենտրոնացնի այդ դասը ծառայության մեջ կիրառելու կերպերի վրա։ Նա կարող է ընդգծել դասի առաջին կետում ընդգրկված օրինակը կամ, եթե օգտակար կլինի, դասում նշված հավելյալ աստվածաշնչյան համարները։

   12Բովանդակություն։ Այս և հաջորդ պարբերությունների նյութը վերաբերում է «Զրույց սկսիր» և «Հետաքրքրություն զարգացրու» առաջադրանքներին։ Եթե այլ նշում չկա, ուսանողի գլխավոր նպատակն է փոխանցել Աստվածաշնչի պարզ ճշմարտություններից մեկը, որը օգտակար կլինի իր զրուցակցի համար, և հիմք թողնել զրույցը ապագայում շարունակելու համար։ Ուսանողը պետք է ժամանակահարմար և տվյալ տարածքում արդյունավետ թեմա ընտրի։ Նա կարող է որոշել՝ օգտագործել «Գործիքների արկղից» որևէ հրատարակություն կամ տեսանյութ, թե ոչ։ Անգիր արած մատուցում ներկայացնելու փոխարեն՝ ուսանողները պետք է սովորեն գործի դնել զրույց վարելու հմտությունները, օրինակ՝ անձնական հետաքրքրվածություն դրսևորելու կամ բնական խոսելու կարողությունը։

   13Իրավիճակներ։ Ուսանողը պետք է նշանակված իրավիճակը համապատասխանեցնի տեղի հանգամանքներին։ Օրինակ՝

  1.  (1) Տնետուն։ Այս իրավիճակը ներառում է տնից տուն ծառայության ձևերը՝ ֆիզիկապես, հեռախոսով կամ նամակով, ինչպես նաև տնետան ծառայության ժամանակ հանդիպած մարդուն կրկին այցելելը։

  2.  (2) Ոչ պաշտոնական ծառայություն։ Այս իրավիճակը նկարագրում է այն առիթները, երբ քարոզչին հաջողվում է առօրյա զրույցի ժամանակ քարոզել։ Դա կարող է ներառել սուրբգրային թեմայով զրույց աշխատանքի վայրում, դպրոցում, հարևանների հետ, հասարակական տրանսպորտի մեջ կամ մեկ այլ վայրում առօրյա գործերով զբաղվելիս։

  3.  (3) Հրապարակային ծառայություն։ Այս իրավիճակը կարող է ներառել ծառայություն գրականության սայլակով, գործարար տարածքում, փողոցում, այգիներում, կայանատեղիներում կամ այլ վայրերում, որտեղ հնարավոր է հանդիպել մարդկանց։

 14Տեսանյութերի և գրականության գործածում։ Կախված հանգամանքներից՝ ուսանողը կարող է որոշել իր ցուցադրման մեջ օգտագործել տեսանյութ կամ գրականություն։ Եթե ուսանողի առաջադրանքը ներառում է տեսանյութ կամ ուսանողն է որոշում տեսանյութ օգտագործել, ապա նա պետք է ներկայացնի և քննարկի այն առանց նվագարկելու։

  ԱՊՐԵՆՔ ՈՐՊԵՍ ՔՐԻՍՏՈՆՅԱ

15. Երգին անմիջապես հաջորդող մեկ կամ երկու մասից բաղկացած 15 րոպե տևող այս բաժնի նպատակն է օգնել ունկնդիրներին կիրառելու Աստծու Խոսքը։ Եթե կոնկրետ նշված չէ, ապա այս բաժնի մասերը կարելի է հանձնարարել երեցներին կամ համապատասխան որակներ ունեցող ծառայող օգնականներին, բացառությամբ տեղական կարիքներից, որը պետք է ներկայացնի երեցը։ Եթե բաժինը քննարկում է, ապա նշանակված եղբայրը կարող է քննարկման ընթացքում հավելյալ հարցեր օգտագործել, բացի նյութի մեջ տրամադրվածներից։ Նա պետք է հակիրճ նախաբան անի, որպեսզի բավականաչափ ժամանակ մնա գլխավոր մտքերը ընդգծելու և լսարանի մասնակցության համար։ Եթե պետք է հարցազրույց անցկացնել, հնարավորության դեպքում նախընտրելի է, որ հարցազրույց տվողը իր մեկնաբանությունները ներկայացնի բեմից, ոչ թե նստած տեղից։

  16Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն (30 րոպե)։ Հարկավոր է հանձնարարել հմուտ երեցի (Այն ժողովներում, որտեղ երեցները քիչ են, անհրաժեշտության դեպքում կարելի է հանձնարարել նաև համապատասխան որակներ ունեցող ծառայող օգնականների)։ Երեցների խորհուրդը պետք է որոշի, թե ովքեր ունեն համապատասխան հմտություններ «Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրությունը» անցկացնելու համար։ Հավանություն ստացած եղբայրները պետք է կարողանան իմաստալից քննարկում անցկացնել, որը կավարտվի ժամանակին, կընդգծվեն կարևոր համարները, և բոլորի համար հստակ կլինի քննարկված մտքերի գործնական արժեքը։ Հավանություն ստացած եղբայրների համար օգտակար կլինի անդրադառնալ հարց ու պատասխանով անցկացվող քննարկումների վերաբերյալ մեր հրատարակություններում տեղ գտած առաջնորդությանը (w23.04, էջ 24, շրջանակ)։ Շաբաթվա համար նշանակված նյութը մանրակրկիտ քննարկելուց հետո կարիք չկա երկարաձգել ուսումնասիրությունը։ Հնարավորության դեպքում ամեն շաբաթ կարելի է տարբեր անցկացնողներ և ընթերցողներ նշանակել։ Եթե «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման նախագահողը ասի, որ պետք է համառոտ ուսումնասիրություն անցկացնել, ապա անցկացնողը պետք է որոշի, թե ինչպես դա անել։ Նա գուցե որոշի բաց թողնել որոշ պարբերությունների ընթերցանությունը։

  ԵԶՐԱՓԱԿԻՉ ԽՈՍՔԵՐ

17. 3 րոպե։ «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման նախագահողը կնշի հանդիպմանը հնչած կոնկրետ գործնական մտքեր։ Նա պետք է նաև ամփոփ ներկայացնի հաջորդ շաբաթվա նյութը։ Եթե ժամանակը ներում է, նա կարող է նաև հիշեցման կարգով նշել այն քարոզիչների անունները, ովքեր հաջորդ շաբաթ առաջադրանքներ ունեն։ Եթե այլ կերպ նշված չէ, ապա հանդիպման նախագահողը իր եզրափակիչ խոսքի ժամանակ կարող է անել բոլոր անհրաժեշտ հայտարարությունները և կարդալ անհրաժեշտ նամակները։ Տարբեր գրաֆիկների վերաբերյալ տեղեկությունները, ինչպիսիք են, օրինակ՝ քարոզչական հանդիպումների կամ մաքրության հերթապահության վերաբերյալ տեղեկությունները, չպետք է բեմից հայտարարվեն, այլ պետք է փակցվեն հայտարարությունների տախտակին։ Եթե որևէ հայտարարություն անելու կամ նամակ կարդալու համար եզրափակիչ խոսքերին հատկացված ժամանակը բավարար չի լինի, ապա նախագահողը պետք է խնդրի «Ապրենք որպես քրիստոնյա» բաժինը ներկայացնող եղբայրներին, որ անհրաժեշտ չափով կրճատեն իրենց հանձնարարված մասերը (տես  պրբ. 16 և  19)։ Հանդիպումը կավարտվի երգով և աղոթքով։

  ԳՈՎԵՍՏԻ ԽՈՍՔ ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴ

18. Յուրաքանչյուր ուսումնական առաջադրանքից հետո «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման նախագահողը մոտավորապես մեկ րոպե կտրամադրի նշանակված դասի հիման վրա գովասանքի խոսքեր ասելու և խորհուրդ տալու համար։ Նախագահողը ուսումնական առաջադրանքը հայտարարելիս չպետք է ասի հանձնարարված դասը։ Սակայն երբ առաջադրանքը ավարտվի, նախագահողը գովասանքի տեղին խոսքեր ասելուց հետո կարող է նշել հանձնարարված դասը և ասել, թե ինչպես սովորողը լավ կիրառեց այդ դասի խորհուրդը, կամ նրբանկատորեն բացատրել, թե ինչու նա պետք է շարունակի ուշադրություն դարձնել այդ դասին և ինչպես կարող է դա անել։ Նախագահողը գուցե որոշ մեկնաբանություններ էլ անի ցուցադրման այլ կողմերի վերաբերյալ, եթե կարծում է, որ սովորողի կամ ունկնդիրների համար դա օգտակար կլինի։ «Սիրիր մարդկանց» կամ «Հմտացիր» գրքույկների կամ «Ծառայության դպրոց» գրքի վրա հիմնված հավելյալ կերտիչ խորհուրդ կարելի է տալ առանձին՝ հանդիպումից հետո կամ մեկ այլ ժամանակ, նշանակված դասի կամ մեկ այլ դասի վերաբերյալ («Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման նախագահողի և հատուկ խորհրդատուի պատասխանատվությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար տես  պրբ. 19,  24 և  25

     ԺԱՄԱՆԱԿ

19. Ո՛չ ելույթները, ո՛չ էլ «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման նախագահողի դիտարկումները չպետք է գերազանցեն դրանց հատկացված ժամանակը։ Թեև յուրաքանչյուր մասի համար «Մեր կյանքը և ծառայությունը» ձեռնարկում կոնկրետ ժամանակ է նշանակված, եթե նյութը հարկ եղած ձևով քննարկվել է, կարիք չկա հավելյալ տեղեկություն ավելացնելու՝ պարզապես նշանակված ժամանակը լրացնելու համար։ Եթե հանդիպման մասերը ներկայացնողները անցնում են իրենց հատկացված ժամանակը, ապա «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման վերակացուն կամ հատուկ խորհրդատուն պետք է նրանց առանձին խորհուրդ տա (տես  պրբ. 24 և  25)։ Հանդիպման ամբողջ ծրագիրը, ներառյալ երգերն ու աղոթքները, պետք է տևի 1 ժամ 45 րոպե։

 ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՑՈՒԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ

20. Շրջանային վերակացուի այցելության ժամանակ ժողովի հանդիպման ծրագիրը պետք է ընթանա այնպես, ինչպես նշված է «Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկում», այն բացառությամբ, որ «Ապրենք որպես քրիստոնյա» բաժնի «Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն» մասը կփոխարինվի շրջանային վերակացուի 30 րոպեանոց ծառայողական ելույթով։ Ծառայողական ելույթից առաջ «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման նախագահողը հակիրճ կամփոփի այդ օրվա հանդիպումը, կնշի, թե հաջորդ շաբաթ հանդիպման ժամանակ ինչ մտքեր են քննարկվելու, կանի անհրաժեշտ հայտարարությունները, կկարդա անհրաժեշտ նամակները, որից հետո կներկայացնի շրջանային վերակացուին։ Ծառայողական ելույթից հետո շրջանային վերակացուն իր ընտրած երգով կեզրափակի ժողովի հանդիպումը։ Նա կարող է այլ եղբոր խնդրել ներկայացնել եզրափակիչ աղոթքը։Շրջանային վերակացուի այցելության ժամանակ լրացուցիչ դասարան չի առանձնանա, եթե այն անցկացվում է նույն լեզվով, ինչ տվյալ ժողովը։ Խումբը կարող է առանձին անցկացնել իր հանդիպումները, նույնիսկ եթե շրջանային վերակացուն այցելել է այն ժողով, որին խումբը կցված է։ Բայց խումբը պետք է կրկին միանա ժողովին, որպեսզի լսի շրջանային վերակացուի ծառայողական ելույթը։

 ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՇԱԲԱԹ

21. Շրջանային կամ տարածաշրջանային համաժողովի շաբաթվա ընթացքում ժողովի հանդիպումներ չեն անցկացվում։ Ժողովին պետք է հիշեցնել, որ այն նյութերը, որոնք պետք է քննարկվեին այդ շաբաթվա ժողովի հանդիպմանը, հարկավոր է անձամբ կամ ընտանիքով ուսումնասիրել։

 ՀԻՇԱՏԱԿԻ ԵՐԵԿՈՅԻ ՇԱԲԱԹ

22. Եթե Հիշատակի երեկոն համընկնում է աշխատանքային օրվան, ապա այդ շաբաթ «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպում չի ծրագրվում։

 «ՄԵՐ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ՎԵՐԱԿԱՑՈՒ

23. Երեցների խորհուրդը պետք է ընտրի երեցներից մեկին, ով կծառայի որպես «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման վերակացու։ Նա պատասխանատու է այն բանի համար, որ հանդիպումը ինչպես հարկն է կազմակերպված լինի և անցկացվի վերոնշյալ ցուցումների համաձայն։ Նա պետք է լավ հաղորդակցություն պահի հատուկ խորհրդատուի հետ։ «Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկը» առկա լինելուն պես «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման վերակացուն պետք է նշանակի միջշաբաթյա հանդիպման բոլոր բաժինների հանձնարարությունները երկու ամսվա համար։ Դրանց մեջ են մտնում ոչ ուսումնական առաջադրանքներն ու նախագահողների նշանակումը՝ այն եղբայրների ցուցակից, որոնք հավանություն են ստացել երեցների խորհրդի կողմից, ինչպես նաև ուսումնական հանձնարարությունները (տես  պարբերություններ 3-16 և  24)։ Ուսումնական հանձնարարություններ նշանակելիս նա պետք է հաշվի առնի ուսանողների տարիքը, փորձը և քննարկվող նյութի հետ կապված խոսքի ազատությունը։ Նույն մոտեցումը պետք է ցուցաբերել հանդիպման մյուս մասերը նշանակելիս։ Բոլոր առաջադրանքները հարկավոր է տալ նշանակման ամսաթվից ամենաքիչը երեք շաբաթ առաջ։ «Մեր կյանքը և ծառայությունը հանդիպման առաջադրանք» (S-89) բլանկը պետք է օգտագործել ուսումնական հանձնարարությունների համար։ «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման վերակացուն պետք է հավաստիանա, որ հանձնարարությունների գրաֆիկը ամբողջ հանդիպման համար փակցված է տեղեկատվական ցուցատախտակին։ Երեցների խորհուրդը կարող է մեկ այլ երեցի կամ ծառայող օգնականի նշանակել նրան օգնելու համար։ Սակայն ոչ ուսումնական հանձնարարությունները նշանակելու հարցով միայն երեցները պետք է զբաղվեն։

    «ՄԵՐ ԿՅԱՆՔԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՆԴԻՊՄԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՂ

24. Ամեն շաբաթ «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման ընթացքում մի երեց կծառայի որպես նախագահող (այն ժողովներում, որտեղ երեցները քիչ են, անհրաժեշտության դեպքում կարելի է նշանակել նաև հմուտ ծառայող օգնականների։) Նա պետք է պատրաստի բացման և եզրափակիչ խոսքերը։ Նրա պատասխանատվության մեջ է մտնում նաև ներկայացնել առաջադրանքներ ունեցող եղբայրներին և, կախված ժողովում ծառայող երեցների թվից, գուցե անհրաժեշտ լինի, որ նա նաև անցկացնի հանդիպման այլ մասեր։ Մի մասից մյուսին անցնելու համար նախագահողի խոսքերը շատ կարճ պիտի լինեն։ Երեցների խորհուրդը պետք է որոշի, թե որ երեցներն են բավականաչափ հմուտ, որ կարողանան ստանձնել այս պատասխանատվությունը։ Սովորաբար, այդ հմուտ երեցները պարբերաբար կնշանակվեն ծառայելու որպես նախագահողներ։ Կախված տեղի հանգամանքներից՝ «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման վերակացուն կարող է մյուս հմուտ երեցներից ավելի հաճախ ծառայել որպես նախագահող։ Եթե որևէ երեց այնքան հմուտ է, որ կարող է «Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն» մասը անցկացնել, ապա ամենայն հավանականությամբ նա նաև կարող է ծառայել որպես «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման նախագահող։ Սակայն խնդրում ենք հիշել, որ որպես նախագահող ծառայող երեցից ակնկալվում է, որ նա ուսումնական առաջադրանքներ ունեցողներին կարողանա գովեստի անկեղծ խոսքեր ասել և, ըստ անհրաժեշտության, սիրալիր ձևով գործնական խորհուրդներ տալ։ Նախագահողի պատասխանատվությունն է նաև, որ հանդիպումը ճիշտ ժամանակին ավարտվի (տես  պրբ. 17 և  19)։ Եթե նախագահողը ցանկանա, և եթե բեմում տեղ կա, ապա բեմին կարելի է ևս մի կանգնած խոսափող դնել, որպեսզի մինչ հանդիպման իր մասը ներկայացնող եղբայրը գրակալի մոտ կզբաղեցնի իր տեղը, նախագահողը կարողանա ներկայացնել այդ եղբորը։ Նաև նախագահողը, եթե ցանկանում է, կարող է նստել սեղանի մոտ «Աստվածաշնչի ընթերցանություն» ուսումնական առաջադրանքի և «Հմտանանք քարոզչական ծառայության մեջ» բաժնի առաջադրանքների ընթացքում։ Սա գուցե օգնի խնայել ժամանակը։

   ՀԱՏՈՒԿ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ

25. Հնարավորության դեպքում լավ կլինի հատուկ խորհրդատու նշանակել այնպիսի երեցի, ով փորձառու հռետոր է։ Հատուկ խորհրդատուի պարտականության մեջ մտնում է անհրաժեշտության դեպքում առանձին խորհուրդ տալ երեցներին և ծառայող օգնականներին՝ կապված նրանց հանձնարարված ցանկացած առաջադրանքի հետ՝ լինի դա «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպման որևէ մաս, հանրային ելույթ, «Դիտարանի» ուսումնասիրություն կամ «Ժողովի՝ Աստվածաշնչի ուսումնասիրություն» անցկացնելը, թե դրանց ժամանակ ընթերցելը (տես  պրբ. 19)։ Եթե ժողովում կան մի քանի հմուտ երեցներ, ովքեր փորձառու հռետորներ և ուսուցիչներ են, ապա ամեն տարի նրանցից մեկը կարող է լինել հատուկ խորհրդատու։ Պարտադիր չէ, որ հատուկ խորհրդատուն եղբայրներին ամեն հանձնարարությունից հետո խորհուրդ տա։

 ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ

26. Ելնելով քարոզիչների թվից՝ ժողովները կարող են ուսումնական առաջադրանքներ ներկայացնելու համար լրացուցիչ դասարաններ կազմել։ Բոլոր լրացուցիչ դասարանները պետք է հմուտ խորհրդատու ունենան։ Նախընտրելի է, որ նա լինի երեց։ Անհրաժեշտության դեպքում կարելի է նշանակել նաև հմուտ ծառայող օգնականի։ Երեցների խորհուրդը պետք է որոշի, թե ով կարող է ստանձնել այս պատասխանատվությունը և արդյոք կարիք կա պարբերաբար փոխել լրացուցիչ դասարանի խորհրդատուին։ Խորհրդատուն պետք է հետևի  18-րդ պարբերության մեջ նշված կարգին։ Եթե ժողովում կա լրացուցիչ դասարան, ապա առաջադրանքներ ունեցողներին կխնդրեն գնալ այդ դասարան «Գանձեր Աստծու Խոսքից» բաժնի «Հոգևոր գանձեր» մասից հետո։ Նրանք պետք է վերադառնան գլխավոր սրահ վերջին ուսումնական հանձնարարությունից հետո։

 ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

27. Միջշաբաթյա հանդիպմանը կօգտագործվեն այս հանդիպման համար նախատեսված տեսանյութեր։ Դրանք առկա կլինեն JW Library® հավելվածում, և հնարավոր կլինի միացնել տարբեր սարքերով։

© 2023 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania

S-38-REA 11/23