Ամբակում 1։1-17

1  Այն պատգամը, որ տեսաւ Ամբակում մարգարէն։  Մինչեւ ե՞րբ, ով Տէր, աղաղակեմ ես, եւ դու չ’լսես, աղաղակեմ դէպի քեզ զրկա՜նք, եւ դու չ’ազատես։  Ի՞նչու ես ինձ անօրէնութիւն տեսնել տալիս, տառապանք ցոյց տալիս. եւ յափշտակութիւն եւ զրկանք կայ իմ առաջին, եւ կռիւ է լինում, եւ վէճ բարձրանում։  Սորա համար օրէնքը խափանուել է եւ իրաւունքը մշտատեւ չէ հանդիսանում, որովհետեւ ամբարիշտը շրջապատում է արդարին. դորա համար դատաստանն էլ ծուռ է դուրս գալիս։  Նայեցէք ազգերի մէջ եւ տեսէք, եւ զարմանալով հիացէք, որ մի գործ է գործում ձեր օրերումը, որ չէք հաւատալ եթէ պատմուի։  Որովհետեւ ահա ես յարուցանում եմ Քաղդէացիներին, այն դառն ու արագընթաց ազգը, որ գնում է դէպի երկրի լայնութիւնները, որ տիրէ իրանը չ’եղող բնակութիւններին։  Նա սոսկալի եւ ահարկու է, նորա դատաստանն ու իշխանութիւնը նորանից դուրս կ’գայ։  Եւ ինձերից աւելի արագաշարժ են նորա ձիերը, եւ աւելի կատաղի՝ քան թէ երեկոյեան գայլերը, եւ պիտի արշաւեն նորա ձիաւորները, եւ նորա ձիաւորները հեռուից պիտի գան, եւ պիտի թռչեն արծիւի պէս որ յարձակվում է ուտելու։  Ամենքը զրկանքի համար են գալիս, իրանց երեսների յարձակմունքը դէպի առաջ է, եւ աւազի չափով գերիներ պիտի ժողովէ։ 10  Եւ նա ծաղր պիտի անէ թագաւորներին, եւ իշխանները նորա խաղալիկը պիտի լինեն, նա ծիծաղելու է ամեն ամրոցի վերայ, որովհետեւ նա հող է դիզելու եւ նորան առնելու է։ 11  Այն ժամանակ միտքը պիտի փոխուի եւ հպարտանայ ու յանցաւոր դառնայ, իբր թէ իր այս զօրութիւնը իր աստուծունն է։ 12  Ահա դու ի յաւիտենից ես, ով իմ Տէր Աստուած, իմ Սուրբը. մենք չենք մեռնելու։ Ով Տէր, դու նորան դատաստանի համար ես դրել. եւ ով Վէմ, դու նորան յանդիմանութեան համար ես հաստատել։ 13  Դու, որ աչքերդ մաքուր են չարութիւն տեսնելուց, եւ անիրաւութեան մտիկ տալ չես կարող, ի՞նչու ես մտիկ տալիս նենգաւորներին, եւ լսում՝ ամբարիշտն իրանց արդարին կուլ տալիս։ 14  Եւ մարդս շինել ես ծովի ձկների պէս, սողունների պէս՝ որոնց վերայ տիրող չ’կայ։ 15  Նորանց ամենին հանել է կարթով, նորանց քաշում է իր ուռկանովը, եւ նորանց ժողովում է իր ցանցովը, դորա համար ուրախանում է եւ ցնծում։ 16  Դորա համար զոհ է մատուցանում իր ուռկանին եւ խունկ ծխում՝ իր ցանցին. որովհետեւ նորանցով պարարտ է նորա բաժինը, եւ նորա կերակուրը պարարտացրուածն է։ 17  Արդե՞օք այս պատճառով նա դատարկէ իր ուռկանը, եւ միշտ ազգերը խեղդէ առանց խղճալու։

Ծանոթագրություններ