Ամբակում 3։1-19

3  Ամբակում մարգարէի աղօթքը։ Շիկիօնօթի* վերայ։  Ով Տէր, լսել եմ քո լուրը եւ վախեցել, ով Տէր, վերանորոգիր քո գործը տարիների մէջ, տարիների մէջ իմացրու, եւ բարկութեան մէջ ողորմութիւն յիշիր։  Աստուածն Թեմանիցն եկաւ, եւ Սուրբը՝ Փարան սարիցը. (Սէլայ.) նորա փառքը ծածկեց երկինքը, եւ նորա գովաբանութեամբը լցուաւ երկիրը։  Եւ պայծառութիւնը լոյսի պէս էր, ճառագայթներ ունէր իր կողմին, եւ այնտեղ էր նորա զօրութեան ծածկոյթը։  Նորա առաջին գնում էր ժանտախտը, եւ հրատագնապ տենդը դուրս էր գալիս նորա ոտների ետեւից։  Նա կանգնեց եւ չափեց երկիրը, նայեց եւ դողացրեց ազգերը, եւ պատառոտուեցան վաղեմի սարերը, խոնարհուեցան մշտական բլուրները, յաւիտենական ընթացք ունի նա։  Տագնապի տակ տեսայ Քուշանի վրանները, սասեցին Մադիամի երկրի առագաստները։  Մի՞թէ գետերին է բարկացե Տէրը, կամ գետերին էր քո ցասումը, կամ ծովին՝ քո սրտմտութիւնը, որ հեծար ձիերիդ՝ փրկութեան կառքերիդ։  Բոլորովին մերկացաւ քո աղեղը, ցեղերին արած քո երդումների եւ խօսքի համեմատ. (Սէլայ.) գետերով պատառեցիր երկիրը։ 10  Քեզ տեսան սարերը եւ դողացին, ջրի հեղեղը անցաւ. անդունդը տուաւ իր ձայնը. դէպի վեր բարձրացրեց իր ձեռքերը։ 11  Արեգակը, լուսին, կանգնում են իրանց կայանումը, նորանք ընթանում են քո նետերի լոյսովը, քո նիզակի փայլուն պայծառութիւնովը։ 12  Բարկութեամբ քայլում ես երկրի վերայ, սրտմտութեամբ ոտնակոխում ես ազգերին։ 13  Դու դուրս եկար քո ժողովրդի փրկութեան համար, քո օծեալի փրկութեան համար, ջարդեցիր գլուխը անօրէնի տանիցը, հիմունքը մերկացնելով մինչեւ պարանոցը։ (Սէլայ։) 14  Դու ծակեցիր նորա գաւազանովը նորա զօրաւարների գլուխը, որոնք փոթորկի պէս յարձակվում են, որ ինձ ցրիւ տան. որոնք ուրախութիւն ունին իբր թէ տնանկին ուտելու են ծածուկ տեղը։ 15  Դու ճանապարհորդեցիր ծովումը քո ձիերովը, շատ ջրերի յորձանուտումը։ 16  Լսեցի եւ ներսս սարսափեց, ձայնիցը դողացին շրթունքներս, փտութիւն մտաւ իմ ոսկորներիս մէջ, եւ ես սարսափեցի իմ տեղը, որ հանգստանամ նեղութեան օրը, երբոր ժողովրդի վերայ է գալիս նա, որ նորան նեղում է։ 17  Թէեւ թզենին չ’ծաղկի, եւ որթերի վերայ բերք չ’լինի, ձիթենու արդիւնքը ստէ, եւ արտերը կերակուր չ’տան, կտրուի ոչխարը փարախիցը, եւ արջառ չ’լինի գոմերումը, 18  Սակայն ես Տէրովը պիտի ցնծամ, պիտի իմ փրկութեան Աստուծովն ուրախանամ։ 19  Տէր Եհովան իմ զօրութիւնն է, եւ իմ ոտները եղնիկներինի նման է անում. եւ ինձ իմ բարձր տեղերի վերայ է ման ածում։ Գլխավոր երաժշտին իմ նուագարաններով։

Ծանոթագրություններ

3։1 Տես Սաղ. 7. վերնագիրը։