Ամոս 4։1-13
4 Լսեցէք այս խօսքը, ով Սամարիայի սարի վերայ եղող Բասանի էգ երինջներ, որ զրկում էք աղքատներին, որ ոտնահարում էք տնանկներին, որ ասում էք ձեր տէրերին. Բերէք որ խմենք:
2 Տէր Եհովան երդում է անում իր սրբութիւնովը, թէ ահա օրեր են գալիս ձեր վերայ, որ ձեզ վեր կ’առնեէ կարթերով, եւ ձեր սերունդին՝ ձկան կարթերով:
3 Եւ դուք քանդուած տեղերով դուրս կ’գաք ամեն մէկդ իր հանդէպով, եւ բերդը պիտի գցուիք, ասում է Տէրը:
4 Եկէք Բեթէլ եւ յանցանք գործեցէք, Գաղգաղայումը շատացէք յանցանք գործելը. եւ մատուցրէք ամեն առաւօտ ձեր զոհերը, ամեն երեք օրը՝ ձեր տասանորդները:
5 Եւ շնորհակալութեան զոհը խմորուած խնկեցէք, եւ քարոզեցէք կամաւոր ընծաներ եւ հրատարակեցէք, որովհետեւ այսպէս էք սիրել, ով Իսրնայէլի որդիք, ասում է Տէր Եհովան:
6 Ես էլ ձեզ ատամների մաքրութիւն տուի ձեր ամեն քաղաքներումը, եւ հացի կարօտութիւն ձեր բոլոր տեղերումը. եւ դուք ետ չ’դարձաք ինձ մօտ, ասում է Տէրը:
7 Ես էլ ձեզանից արգելեցի անձրեւը հունձին դեռ երեք ամիս լինելով. Եւ մէկ քաղաքի վերայ անձրեւ տեղացի, իսկ միւս քաղաքի վերայ անձրեւ չ’տեղացի, մէկ վիճակի վերայ անձրեւ եկաւ, մէկ վիճակի վերայ անձրեւ չ’եկաւ, չորացաւ:
8 Եւ երկու երեք քաղաք հաւաքուեցան եկան մէկ քաղաք ջուր խմելու ամար, բայց չ’կշտացան. եւ դուք ետ չ’դարձաք ինձ մօտ, ասում է Տէրը:
9 Ձեզ զարկեցի խորշակով եւ դալուկով, ձեր բազմաթիւ այգիները եւ պարտէզները եւ թզենիներն ու ձիթենիքը խառնիճը կերաւ. եւ դուք ետ չ’դարձաք ինձ մօտ, ասում է Տէրը:
10 Ձեր մէջը ժանտախտ գցեցի Եգիպտոսի կերպով, սրով սպանեցի ձեր երիտասարդներին, ձեր քթերն էլ հանեցի. եւ դուք ետ չ’դարձաք ինձ մօտ, ասում է Տէրը:
11 Կործանեցի ձեզ ինչպէս Աստուած Սոդոմն ու Գոմորը կործանեց, եւ հրդեհից ատուած խանձողի պէս եղաք. Եւ դուք ետ չ’դարձաք ինձ մօտ, ասում է Տէրը:
12 Սորա համար քեզ այսպէս եմ անելու, ով Իսրայէլ, եւ հէնց որ ես քեզ հետ այսպէս կ’անեմ, պատրաստուիր քո Աստուծուն դիմաւորելու, ով Իսրայէլ:
13 Որովհետեւ ահա նա, որ կազմում է սարերը եւ ստեղծում է քամին, եւ իմացնում մարդին, թէ ինչ է նորա մտածմունքը, որ արշալոյսը խաւար է անում, եւ ման է գալիս երկրի բարձրերի վերայ. Եհովայ Զօրաց Աստուած է նորա անունը: