Անգե 1։1-15

1  Դարեհ թագաւորի երկրորդ տարին՝ վեցերորդ ամսուայ ամսի մէկին Տիրոջ խօսքը եղաւ Անգէ մարգարէի ձեռովը Յուդայի իշխան Սաղաթիէլեան Զօրաբաբէլին եւ մեծ քահանայ Յովսեդեկեան Յեսուին, ասելով.  Այսպէս է ասում Զօրաց Տէրը թէ Այս ժողովուրդն ասում է. Ժամանակը չէ եկել՝ Տիրոջ տունը շինուելու ժամանակը։  Եւ Տիրոջ խօսքը եղաւ Անգէ մարգարէի ձեռովը, ասելով.  Ձեզ համար ժամանա՞կ է արդէօք, որ ձեր ձեղունազարդ տներումը բնակուէք, իսկ այս տունը աւերակ մնայ։  Եւ հիմա այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին։  Սերմել էք շատ, բայց բերել էք քիչ, կերել էք, բայց չէք կշտացել, խմեցիք, բայց ծարաւը չ’հանգցրիք, հագնուեցաք, բայց չ’տաքացաք. եւ վարձկանը վարձի համար գործում է ծակուած քսակով։  Այսպէս է ասում Զօրած Տէրը, Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին։  Վեր ելէք սարը եւ փայտ բերէք, եւ տունը շինեցէք. այն ժամանակ ես կ’հաւանեմ դորան եւ կ’փառաւորուիմ, ասում է Տէրը։  Նայեցիք շատին, եւ ահա քիչ եղաւ, եւ բերիք տուն, բայց ես փչեցի միջին։ Ի՞նչու համար, ասում է Զօրաց Տէրը. իմ տան համար, որ աւերակ է. իսկ ձեզանից իւրաքանչիւրը վազ է տալիս իր տան համար։ 10  Սորա համար ձեզ վերայ երկինքը պիտի արգիլէ ցօղը եւ երկիրը պիտի արգիլէ իր պտուղը։ 11  Եւ ես երաշտութիւն կանչեցի երկրի վերայ եւ սարերի վերայ, եւ ցորենի վերայ, եւ քաղցուի վերայ եւ իւղի վերայ, եւ երկրի բերքի վերայ, եւ մարդկանց վերայ ու անասունների վերայ, եւ ձեռքի բոլոր վաստակի վերայ։ 12  Այն ժամանակ լսեց Սաղաթիէլեան Զօրաբաբէլը եւ մեծ քահանայ՝ Յովսեդեկեան Յեսուն եւ ժողովրդի բոլոր մնացորդը իրանց Տէր Աստուծոյ ձայնին եւ Անգէ մարգարէի խօսքերին, ինչպէս որ իրանց Տէր Աստուածը նորան ուղարկել էր. եւ ժողովուրդը վախեց Տիրոջ երեսից։ 13  Եւ Տիրոջ դեսպան Անգէն ասեց Տիրոջ դեսպանութեամբը ժողովրդին, ասելով. Ես ձեզ հետ եմ, ասում է Տէրը։ 14  Եւ Տէրը զարթեցրեց Յուդայի իշխան՝ Սաղաթիէլեան Զօրաբաբէլի հոգին եւ մեծ քահանայ՝ Յովսեդեկեան Յեսուի հոգին եւ ժողովրդի բոլոր մնացորդի հոգին եւ գնացին ու գործ գործեցին իրանց Զօրաց Տէր Աստուծոյ տանը, 15  Վեցերորդ ամսի քսանեւչորսին՝ Դարեհ թագաւորի երկրորդ տարին։

Ծանոթագրություններ