Անգե 2։1-23

2  Եօթներորդ ամսի քսանեւմէկին եղաւ Տիրոջ խօսքը Անգէ մարգարէի ձեռովը, ասելով.  Մէկ ասիր Յուդայի իշխան Սաղաթիէլեան Զօրաբաբէլին եւ մեծ քահանայ՝ Յովսեդեկեան Յեսուին եւ մնացորդ ժողովրդին թէ՝  Ո՞վ է ձեզանում մնացորդ, որ տեսել է այս տունը իր առաջի փառաւորութիւնովը, եւ դուք ի՞նչպէս էք տեսնում նորան հիմա, չէ՞ որ սա ոչինչի պէս է նորա մօտ ձեր աչքերի առաջին։  Սակայն հիմա զօրացիր, ով Զօրաբաբէլ, ասում է Տէրը, եւ զօրացիր դու, ով Յովսեդեկեան Յեսու՝ մեծ քահանայ։ Եւ զօրացիր, ով երկրի բոլոր ժողովուրդ, ասում է Տէրը, եւ աշխատեցէք, որովհետեւ ես ձեզ հետ եմ, ասում է Զօրաց Տէր Աստուածը։  Այն խօսքի համեմատ որ ես կապել եմ ձեզ հետ՝ դուք Եգիպտոսից դուրս գալիս, իմ հոգին կենում է ձեր միջումը. մի վախենաք։  Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մէկ անգամ էլ, մի քիչ յետոյ կ’շարժեմ երկինքն ու երկիրը, եւ ծովն ու ցամաքը.  Եւ կ’շարժեմ բոլոր ազգերը, եւ կ’գան բոլոր ազգերի ցանկալիքը, եւ կ’լցնեմ այս տունը փառքով, ասում է Զօրաց Տէրը։  Իմն է արծաթը, եւ իմն է ոսկին. ասում է Զօրաց Տէրը։  Այս վերջի տան փառքը մեծ պիտի լինի առաջուանինիցը, ասում է Զօրաց Տէրը, եւ այստեղումը խաղաղութիւն պիտի տամ, ասում է Զօրաց Տէրը։ 10  Իններորդ ամսի քսանեւչորսին Դարեհի երկրորդ տարին, Տիրոջ խօսքը եղաւ Անգէ մարգարէի ձեռովը, ասելով. 11  Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Մէկ հարցրու օրէնքը քահանաներից, ասելով. 12  Թէ ահա մի մարդ սուրբ միս տանէ իր հանդերձի քղանցքումը, եւ քղանցքովը դպչէ հացի եւ ապուրի եւ գինու եւ իւղի եւ ինչ եւ իցէ կերակուրի, մի՞թէ նա սուրբ կ’դառնայ։ Եւ քահանայքը պատասխանեցին եւ ասեցին. Ոչ։ 13  Եւ Անգէն ասեց. Եթէ այս ամեն բաներին դպչէր, մի մեռելով պղծուածը, կ’պղծուի՞։ Եւ քահանայքը պատասխանեցին ու ասեցին. Կ’պղծուի։ 14  Եւ Անգէն պատասխանեց եւ ասեց. Այսպէս է այս ժողովուրդը եւ այսպէս է այս ազգը իմ առաջին, ասում է Տէրը, եւ այսպէս է նորանց ձեռքի բոլոր գործքը. եւ ինչ որ մատուցանեն այնտեղ՝ պիղծ է։ 15  Ուրեմն մի լաւ ուշ դարձրէք այս օրից դէպի առաջ քանի որ քար քարի վերայ դրուած չէր Տիրոջ տաճարումը. 16  Երբոր մէկը գալիս էր սորանից առաջ քսանանոց դէզի մօտ, այն ժամանակ տասն էր դառնում. գնում էր կարասի մօտ յիսում հանելու, եւ քսան էր դառնում։ 17  Ես զարկեցի ձեզ խորշակով ու դալուկով եւ կարկուտով, ձեր ձեռաց բոլոր գործերը, եւ դուք դէպի ինձ չէք գալիս, ասում է Տէրը։ 18  Մէկ ձեր ուշադրութիւնը դարձրէք այս օրից եւ էլ առաջուց իններորդ ամսի քսանեւչորսերորդ օրիցը, այսինքն այն օրիցն որ հիմնուեցաւ Տիրոջ տաճարը, դարձրէք ձեր ուշադրութիւնը։ 19  Մի՞թէ սերմը դեռ ամբարումն է, եւ թզենին ու նռնենին եւ ձիթենին պտուղ չե՞ն բերել. այս օրից ի վեր պիտի օրհնեմ։ 20  Եւ Տիրոջ խօսքը կրկին անգամ եղաւ Անգէին, ամսի քսանեւչորսին, ասելով. 21  Ասիր Յուդայի իշխան Զօրաբաբէլին թէ Ես պիտի շարժեմ երկինքն ու երկիրը, 22  Եւ տակնիվեր պիտի անեմ թագաւորութիւնների աթոռը, եւ պիտի կորցնեմ ազգաց թագաւորութիւնների զօրութիւնը, եւ տակնիվեր պիտի անեմ կառքն ու նորա հեծեալը, եւ պիտի ցածանան ձիանքն ու իրանց հեծեալները. ամեն մէկն իր եղբօր սրովը։ 23  Այն օրը, ասում է Զօրաց Տէրը, ես քեզ կ’առնեմ, ով իմ ծառայ Սաղաթիէլեան Զօրաբաբէլ, ասում է Տէրը. եւ քեզ կ’շինեմ ինչպէս մի կնիք. որովհետեւ ես քեզ հաւանել եմ, ասում է Զօրաց Տէրը։

Ծանոթագրություններ