Առակներ 11։1-31

11  Խարդախ կշիռքը զզուանք է Տիրոջ համար. բայց ուղիղ քարը նորան հաճելի է:  Հպարտութիւնն եկաւ, անարգութիւն էլ կ’գայ. բայց խոնարհների հետ իմաստութիւն կայ:  Ուղիղների ճշմարտութիւնը նորանց կ’առաջնորդէ, բայց նենագաւորների ծռութիւնը նորանց կ’փչացնէ:  Օգուտ չ’ունի հարստութիւնը բարկութեան օրը, բայց արդարութիւնը կ’ազատէ մահից:  Կատարեալների արդարութիւնը կ’ուղղէ նորանց ճանապարհը, բայց անզգամը կ’ընկնի իր անզգամութեամբը:  Ողիղների արդարութիւնը նորանց կ’ազատէ. բայց նենգաւորները ցանկութեան մէջ կ’բռնուին:  Չարը մեռնելիս ակնկալութիւնը կ’փչանայ, եւ անօրէնների յոյսը կը կորչի:  Արդարը կ’ազատուի նեղութիւնից, բայց ամբարիշտը կ’գայ նորա տեղը:  Կեղծաւորն իր բերանովը կ’փչացնէ իր հարեւանին, բայց արդարները կ’ազատուին գիտութիւնով: 10  Արդարների յաջողակութիւնովը քաղաքը կ’ուրախանայ, եւ չարերի կորած ժամանակը ցնծութեան ձայն կ’լինի: 11  Ուղիղների օրհնութիւնովը քաղաքը կ’բարձրանայ, բայց ամբարիշտների բերանովը կ’կործանուի: 12  Իր հարեւանին արհամարհողը պակասամիտ է, բայց խոհեմ մարդը կ’լռէ: 13  Բանսարկութեան ման եկողը գաղտնիքը կ’յայտնէ, բայց հաւատարիմ հոգի ունեցողը կ’ծածկէ բանը: 14  Առաջնորդութիւն չ’լինելիս ժողովուրդը կ’ընկնի, բայց խորհրդատուների շատութիւնովը փրկութիւն կ’լինի: 15  Անշուշտ չարիքի կ’հանդիպէ ով որ օտարին երաշխաւոր դառնայ, բայց երաշխաւորութիւնն ատողը ապահով է: 16  Շնորհալի կինը պատիւ կ’ստանայ. Եւ ուժեղները հարստութիւն կ’յափշտակեն: 17  Ողորմած մարդն իր անձին լաւութիւն կ’անէ, բայց անգութ մարդը կ’տանջէ իր մարմինը: 18  Անզգամը սնոտի գործ է գործում, իսկ արդարութիւն սերմողը՝ ճշմարիտ վարձք: 19  Ինչպէս որ արդարութիւնը հասնում է կեանքին, նոյնպէս եւ չարութեան հետեւողը՝ իր մահուանը: 20  Զզուելի են Տիրոջ առաջին ծուռ սիրտ ունեցողները, բայց նորան հաճելի են կատարեալ ճանապարհի տէրերը: 21  Անշո՜ւշտ որ անպատիժ չի մնալ չարը*, բայց արդարների սերունդը կ’ազատուի: 22  Ինչ որ է մի ոսկի օղակը խոզի քթին, այն է մի գեղեցիկ կին որ խոհեմութիւն չ’ունի: 23  Արդարների ցանկացածը միայն բարութիւն է, բայց ամբարիշտների ակնկալածը բարկութիւն է: 24  Կայ որ ցրվում է, եւ էլ է աւելանում. բայց չափից դուրս խնայողը կայ, սակայն կարօտութեան է հասնում: 25  օրհնութիւն տուող անձը կ’գիրանայ, եւ ոռոգողը ինքն էլ կ’ոռոգուի: 26  Ցորենը ետ պահողին կանիծէ ժողովուրդը, բայց օրհնութիւն կ’տայ ծախողի գլխին: 27  Բարութիւն որոնողը ուզում է հաճելի լինել. բայց չարութիւն ուզողը կ’հանդիպէ նորան: 28  Իր հարստութեան յուսացողը վայր կ’ընկնի, բայց արդարները կ’ծաղկեն դալարի պէս: 29  Իր տունը տանջողը քամի կ’ժառանգէ, եւ յիմարը կ’ծառայէ իմաստուն սիրտ ունեցողին: 30  Արդարի պտուղը կեանքի ծառ է, եւ հոգիներ շահողը իմաստուն: 31  Ահա արդարը ստանում է երկրիս վերայ իր հատուցումը. ապա ո՞ւր մնաց որ անզգամը եւ մեղաւորը:

Ծանոթագրություններ

11։21 Կամ՝ Թէև չարը ձեռք ձեռքի միաբանի՝ անպատիժ չի մնայ։