Առակներ 12։1-28

12  Խրատ սիրողը գիտութիւն է սիրում, բայց յանդիմանութիւն ատողը անխելք է:  Բարին Տէրիցը շնորհք կ’ստանայ, բայց նենգաւոր մարդին նա կ’դատապարտէ:  Մարդս չի հաստատուիլ ամբարշտութիւնով, իսկ արդարների արմատը չի սասանիլ:  Առաքինի կինը իր մարդի պսակն է. բայց նորա ոսկորների մէջ փտութեան պէս է նախատինք բերողը:  Արդարների մտածողութիւնները իրաւունք են. Իսկ ամբարիշտների խորհուրդները՝ նենգութիւն:  Ամբարիշտների խօսքը արիւնի դարանամուտ լինել է, բայց ուղիղների բերանն իրանց կ’ազատէ:  Ամբարիշտները կ’կործանուին ու կ’չքանան. բայց արդարների տունը կ’մնայ։  Իր խոհեմութեան չափ կ’գովուի մարդս. բայց ծուռ սիրտ ունեցողը կ’անարգուի:  Լաւ է աննշան լինող՝ բայց ծառայ ունեցողը, քան թէ ինքն իրան մեծացնող ու հացի կարօտ եղողը: 10  Արդարը գիտէ իր անասունի հոգսը, բայց ամբարիշտների աղիքները անգութ են: 11  Իր երկիրը գործողը կ’կշտանայ հացով, բայց դարտակներին հետեւողը պակասամիտ է: 12  Ամբարիշտը փափագում է չարերի աւարին, բայց արդարների արմատը ճիւղեր կ’տայ: 13  Շրթունքների խորամանկութեան մէջ չար որոգայթ կայ. բայց արդարը նեղութիւնից դուրս է գալիս: 14  Մարդս իր բերանի պտուղներիցը կ’կշտանայ բարիքներով, եւ մարդի ձեռքի արարքը ետ կ’դառնայ իրան: 15  Յիմարի ճանապարհն ուղիղ է իր աչքի առաջին, բայց խրատ լսողն իմաստուն է: 16  Յիմարի բարկութիւնը նոյն օրը կ’իմացուի. բայց խորագետը անարգանքը ծածկող է: 17  Ճշմարտութիւն խօսողը արդարութիւն կ’յայտնէ. բայց սուտ վկան՝ խաբեբայութիւն: 18  Շատախօս է լինում, որ սուրի պէս խոցոտում է. բայց իմաստունների լեզուն բժշկութիւն է: 19  Ճշմարտախօս շրթունքը յաւիտեան կ’մնայ. բայց վայրկեանական է ստախօս շրթունքը: 20  Նենգութիւն կայ չարութիւն խորհողների սրտումը. բայց խաղաղութիւն խորհուրդ տուողների համար՝ ուրախութիւն: 21  Արդարին ոչ մի չարիք չի հանդիպիլ, բայց ամբարիշտները լիքն են չարիքներով։ 22  Զզուելի են Տիրոջ համար ստախօս շրթունքները, բայց հաւատարմութիւն անողները հաճելի են նորան: 23  Խորագէտ մարդը գիտեցածը ծածկող է, բայց յիմարների սիրտը տխմարութիւն կ’հրատարակէ: 24  Աշխատասէրների ձեռքը կ’իշխէ, բայց ծոյլը հարկատու կ’լինի: 25  Մարդիս սրտին վիշտը կ’ճնշէ նորան, բայց բարի խօսքը նորան կ’ուրախացնէ: 26  Արդարը ճանապարհ է ցոյց տալիս իր ընկերին*, բայց ամբարիշտների ճանապարհը իրանց կ’մոլորեցնէ: 27  Թոյլը չի խորովիլ իր որսը, բայց մարդիս պատուական ստացուածքը աշխատասիրութիւնն է: 28  Արդարութեան ճանապարհումը կեանք կայ, եւ նորա շաւիղների ճանապարհումը մահ չ’կայ:

Ծանոթագրություններ

12։26 Կամ՝ գերազանց է իր ընկերից։