Առակներ 13։1-25

13  Իմաստուն որդին կ’լսէ իր հօր խրատը, բայց ծաղր անողը չի լսիլ կշտամբելը:  Մարդս բերանին պտղիցը բարիքներ կ’ուտէ, բայց անօրէնների հոգին՝ բռնութիւն:  Իր բերանը զսպողը կ’պահէ իր հոգին. իր շրթունքները լայն բաց անողը կործանում է իրան համար:  Ծոյլի հոգին փափաքում է եւ չ’ունի. բայց աշխատասէրների հոգին կը պարարտանայ:  Արդարը ատում է սուտ խօսքը, բայց ամբարիշտը այպանում է ու խայտառակում է իրան:  Արդարութիւնը կ’պահէ կատարեալ վարքը, բայց անզգամութիւնը կ’կործանէ մեղաւորին:  Կան որ իրանց հարուստ են ձեւացնում եւ ոչինչ չ’ունին. իրանց աղքատ ձեւացնողներ էլ՝ որ շատ ստացուածք ունին:  Մարդիս կեանքի փրկանքը իր հարստութիւնն է, բայց աղքատը յանդիմանութիւն չի լսիլ:  Արդարների լոյսը պիտի զուարթանայ, բայց ամբարիշտների ճրագը կը հանգչի: 10  Միմիայն կռիւ կ’ծագէ ամբարտաւանութիւնից, բայց խրատուածների մօտ իմաստութիւն կայ: 11  Ունայնութեամբ ժողովուած ստացուածքը կ’պակասուի, բայց քիչ քիչ ժողովողը կ’շատացնէ: 12  Ուշացած յոյսը սիրտը կ’հիւանդացնէ, բայց կատարուած փափաքը կենաց ծառ է: 13  Խօսքն արհարմարհողն իրան է վնասում, իսկ պատուիրանքից վախեցողը կ’վարձատրուի: 14  Իմաստունին օրէնքը կենաց աղբիւր է, մահուան որոգայթներիցը խոյս տալու համար: 15  Բարի իմաստութիւնը շնորհք կը տայ, բայց խորամանկների ճանապարհը կոշտ է: 16  Ամեն խորագէտ իմաստութիւնով կ’գործէ, բայց անմիտը յիմարութիւն կ’տարածէ: 17  Անզգամ պատգամաւորը չարիքի մէջ կ’ընկնի, բայց մի հաւատարիմ դեսպան բժշկութիւն է: 18  Աղքատութիւն եւ նախատինք կայ խրատը մերժողի համար, իսկ յանդիմանութիւնը պահողը կ’պատվուի: 19  Կատարուած փափագը ախորժելի է հոգիին, բայց յիմարների համար զզուելի է չարութիւնից հեռանալը: 20  Իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ. բայց տխմարների հետ ընկերացողը կ’չարանայ: 21  Մեղաւորի ետեւից կ’գնայ չարիքը, բայց արդարներին բարիք կ’հատուցուի. 22  Բարին ժառանգութիւն կ’թողէ որդկանց որդիների համար, բայց արդարի համար է պահուած մեղաւորի կայքը: 23  Աղքատների խրամհատումը շատ ուտելիք է լինում. բայց կայ որ կորչում է իր անիրաւութիւնից: 24  Գաւազանը խնայողը ատում է իր որդիին. բայց նորան սիրողը կանուխ կ’խրատէ նորան: 25  Արդարը կ’ուտէ մինչեւ իր անձը կ’կշտանայ. բայց ամբարիշտների փորը կարօտ կ’մնայ:

Ծանոթագրություններ