Առակներ 15։1-33
15 Մեղմ պատասխանը կ’հանգստացնէ բարկութիւնը, բայց վիրաւորիչ խօսքը բարկութիւն կ’գրգռէ:
2 Իմաստունների լեզուն գիտութիւն է ճարտարախօսում, բայց յիմարների բերանը տխմարութիւն է բղխում:
3 Տիրոջ աչքերը ամեն տեղ են, քննում են չարերին եւ բարիներին:
4 Բուժող լեզուն կենաց ծառ է. բայց լեզուի վերայի նենգութիւնը հոգիի վերք է:
5 Յիմարը կ’անարգէ իր հօր խրատը, բայց յանդիմանութիւն պահողը խելացի է:
6 Արդարի տանը շատ գանձ կայ, բայց ամբարիշտների եկամուտներումը՝ աւերմունք:
7 Իմաստունների շրթունքները գիտութիւն են տարածում, բայց յիմարների սիրտը այսպէս չէ*։
8 Անզգամների զոհը զզուանք է Տիրոջ համար, բայց ուղիղների աղօթքը նորան հաճելի է:
9 Զզուելի է Տիրոջ համար ամբարշտի ճանապարհը, բայց արդարութեան հետեւողին սիրում է նա:
10 Չար պատիժ կայ ճանապարհից ծռուողի համար, յանդիմանութիւն ատողը կ’մեռնի:
11 Դժոխքն ու կորուստը Տիրոջ առաջին են. էլ ո՞ւր մնաց որ մարդկանց որդիների սիրտերը:
12 Ծաղր անողը չի սիրիլ իր յանդիմանիչին, նա չի գնալ իմաստունների մօտ:
13 Ուրախ սիրտը կ’զուարթացնէ երեսը, բայց սիրտը վշտանալիս հոգին կ’ճնշուի:
14 Խոհեմ սիրտը գիտութիւն կ’որոնէ, բայց յիմարների բերանը յիմարութիւնով է սնանում:
15 Թշուառի բոլոր օրերը վատ են, բայց ուրախ սիրտը մշտական խնջոյք է:
16 Լաւ է քիչը Տիրոջ երկիւղով, քան թէ մեծ գանձը՝ խռովութիւնով:
17 Լաւ է խոտեղեն կերակուր, եւ հետը սէր, քան թէ գէր զուարակը՝ ատելութիւնով:
18 Բարկացոտ մարդը կռիւ կ’գրգռէ, բայց երկայնամիտը վէճ կ’հանգստացնէ:
19 Ծոյլի ճանապարհը փշեղէն ցանկի նման է, բայց ուղիղների ճանապարհը հարթուած է:
20 Իմաստուն որդին կ’ուրախացնէ իր հօրը. բայց յիմար մարդը կ’անարգէ իր մօրը:
21 Յիմարութիւնը ուրախութիւն է պակասամիտի համար. բայց խոհեմ մարդը կ’ուղղէ իր ընթացքը:
22 Դիտաւորութիւնները խանգարվում են խորհուրդ չ’լինելիս, բայց խորհրդականների շատութիւնովը հաստատվում են:
23 Ուրախութիւն է մարդիս համար իր բերանի յարմար պատասխանը. եւ խօսքն իր ժամանակին ի՜նչ լաւ է:
24 Կենաց ճանապարհը դէպի վեր է իմաստունի համար, որ խոյս տայ ցածումը դժոխքից:
25 Հպարտների տունը Տէրը քանդում է, բայց հաստատում է որբեւայրիի սահմանը:
26 Տիրոջը զզուելի են չար մտածմունքները, բայց մաքուր են պարկեշտ խօսքերը:
27 Իր տունը քանդում է ով որ ագահութեան մոլի է. բայց կաշառքներն ատողը կ’ապրի:
28 Արդարի սիրտը մտածում է թէ ինչ պատասխանէ, բայց անզգամի բերանը չարութիւններ է բղխում:
29 Հեռու է Տէրը ամբարիշտներից, բայց լսում է արդարների աղօթքը:
30 Աչքի զուարթութիւնը ուրախացնում է սիրտը. բարի լուրը պարարտացնում է ոսկորները:
31 Կեանքի յանդիմանութիւն լսող ականջը իմաստունների մէջ է բնակվում:
32 Խրատ մերժողն իր անձն է անարգում, բայց յանդիմանութիւն լսողը խելք կ’շահէ:
33 Տիրոջ երկիւղն է իմաստութեան խրատը, եւ փառքի առաջին խոնարհութիւն է գնում:
Ծանոթագրություններ
^ 15։7 Կամ՝ հաստատ չէ։