Առակներ 19։1-29

19  Լաւ է իր ուղղութիւնով գնացող աղքատը, քան թէ նենգաւոր շրթունք ունեցողը որ նաեւ յիմար է:  Առանց գիտութեան հոգին էլ չէ լաւ, եւ ոտքերովը շտապողը կ’սահի:  Մարդիս յիմարութիւնը աւերում է նորա ճանապարհը, եւ նորա սիրտը տրտնջում է Տիրոջ դէմ:  Ստացուածքը շատ բարեկամներ կ’աւելացնէ, բայց աղքատը կ’բաժանուի իր ընկերիցը:  Ստախօս վկան անպատիժ չի մնալ, եւ սուտեր փչողը չի պրծնիլ:  Շատերն են խնդրում իշխանի երեսը, եւ ամենը բարեկամ են ընծայ տուողին:  Աղքատի բոլոր եղբայրները զզվում են նորանից, ո՞ւր մնաց որ նորանից չ’հեռանան նորա բարեկամները. նա վազում է խօսքերի ետեւից որ ոչինչ են:  Խելք աշխատողը իր հոգին է սիրում, խոհեմութիւնը պահողը բարիք կ’գտնէ:  Ստախօս վկան անպատիժ չի մնալ, եւ սուտեր փչողը կ’կորչի: 10  Յիմարին չի վայելիլ փափկութիւն, ո՞ւր մնաց մի ծառայի՝ իշխանների վերայ իշխել: 11  Մարդիս իմաստութիւնը նորան երկայնամիտ կ’անէ, եւ նորա փառքը յանցանք ներելն է: 12  Առիւծի մռնչիւնին է նման թագաւորի բարկութիւնը, իսկ նորա հաճութիւնը խոտի վերայի ցողին պէս է: 13  Անմիտ տղան տրտմութիւն է իր հօր համար, եւ կնոջ վէճերը շարունակուող կաթկթոց է: 14  Տունը եւ ստացուածքը ժառանգութիւն է հայրերից, բայց իմաստուն կինը՝ Տէրիցն է: 15  Ծուլութիւնը կ’գցէ մրափի մէջ. եւ թոյլ անձը կ’սովածանայ: 16  Պատուիրանքը պահողն իր հոգին է պահում. նորա ճանապարհները անարգողը կ’մեռնի: 17  Աղքատին ողորմողը Տիրոջն է փոխ տալիս, եւ նա կ’հատուցանէ նորա վարձը: 18  Խրատիր որդիիդ քանի որ յոյս կայ, եւ ուշդ մի դարձնիր նորա աղաղակին: 19  Շատ բարկասիրտը վնաս կ’կրէ, որովհետեւ եթէ ազատես, էլի պիտի շարունակես: 20  Խորհուրդ լսիր եւ խրատ ընդունիր, որ յետի ժամանակումդ իմաստուն լինես: 21  Շատ դիտաւորութիւններ կան մարդիս սրտումը, բայց Տիրոջ խորհուրդը կ’մնայ հաստատ: 22  Մարդիս զուարճանքն իր ողորմածութիւնն է, եւ աղքատը լաւ է ստախօս մարդիցը: 23  Տիրոջ երկիւղը դէպի կեանք է տանում. Եւ մարդս նորանով կուշտ կ’պառկէ, առանց չարիքի հանդիպելու: 24  Ծոյլը իր ձեռքը կ’կոխէ ամանի մէջը, բայց դէպի բերանն էլ չի դարձնիլ: 25  Ծաղր անողին ծեծիր, եւ միամիտը կ’խոհեմանայ. Եւ եթէ բանիմացին յանդիմանես՝ նա գիտութիւն կ’սովորէ: 26  Հօրը կողոպտողը ու մօրը դուրս անողը ամօթ եւ խայտառակութիւն բերող տղայ է: 27  Ձգիր, որդակս, այն խրատը լսելը, որ քեզ կ’մոլորեցնէ գիտութեան խօսքերիցը: 28  Անպիտան վկան ծաղրում է արդարութիւնը, եւ ամբարիշտների բերանը անիրաւութիւն կուլ կ’տայ: 29  Պատրաստ են ծաղր անողների համար դատաստանները, եւ ծեծեր՝ յիմարների մէջքի համար:

Ծանոթագրություններ