Առակներ 22։1-29

22  Անունը աւելի ընտիր է շատ հարստութիւնից. արծաթից ու ոսկիից շնորհքն է լաւ:  Հարուստը եւ աղքատը հանդիպում են իրար. նորանց ամենքի անողը Տէրն է:  Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում, բայց պարզամիտները անց են կենում եւ վնասվում:  Խոնարհութեան եւ Տիրոջ երկիւղի վարձքն է հարստութիւն, եւ պատիւ եւ կեանք:  Փուշեր, որոգայթներ կան ծուռ մարդի ճանապարհումը. իր հոգին կ’պահպանէ ով որ նորանից հեռանայ:  Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից:  Հարուստը աղքատներին կ’տիրէ, եւ փոխ առնողը ծառայ կ’լինի փոխ տուողին:  Չարութիւն ցանողը անօրէնութիւն կ’հնձէ, եւ նորա բարկութեան գաւազանը պիտի կորչէ:  Բարի աչք ունեցողը օրհնուած կ’լինի, որովհետեւ իր հացիցը տալիս է աղքատին: 10  Դուրս արա ծաղրողին, եւ կռիւը դուրս կ’գնայ, եւ վէճն ու անարգանքը կ’դադարէ: 11  Սրտի մաքրութիւն սիրողին, որ շնորհք ունի իր շրթունքի վերայ, թագաւորը բարեկամ է: 12  Տիրոջ աչքերը պահում են գիտութիւնը, եւ նա աւերում է անօրէնի խօսքերը: 13  Ծոյլն ասում է. Առիւծ կայ դրսումը. հրապարակների մէջ կ’սպանուիմ: 14  Խօր փոս է օտար կնիկների բերանը. որի վերայ, որ Տէրը բարկացած է՝ նա այնտեղ կ’ընկնի: 15  Յիմարութիւնը կապուած է երեխայի սրտին. խրատի գաւազանը նորան կ’հեռացնէ նորանից: 16  Ով որ աղքատին զրկէ՝ իրանը շատացնելու համար է. ով որ հարուստին է տալիս՝ դա միայն կորուստի համար է: 17  Ծռիր ականջդ եւ լսիր իմաստունների խօսքերը, եւ սիրտդ տուր իմ գիտութեանը: 18  Որովհետեւ հաճելի է եթէ նորանց պահես սրտումդ. նորանք բոլորը միատեղ հաստատուին քո շրթունքի վերայ: 19  Որպէս զի քո ապաւինութիւնը Տիրոջ վերայ լինի, հենց քեզ սովորեցրի այսօր: 20  Չէ՞ որ քեզ համար գրեցի եռապատիկ խրատներով եւ գիտութեամբ. 21  Որ քեզ սովորեցնեմ ճշմարտութեան խօսքերի ստուգութիւնը, որ քեզ հարցնողներին* ճշմարտութեան խօսքեր պատասխանես: 22  Մի կողոպտիր աղքատին, որովհետեւ աղքատ է. եւ տնանկին մի կոխիր դատարանումը*. 23  Որովհետեւ Տէրն է վարում նորանց դատը, եւ նա կ’կողոպտէ՝ նորանց հոգին կողոպտողներին: 24  Մի ընկերանար բարկութեան տէր մարդի հետ, եւ բորբոքուող մարդի հետ մի գնար: 25  Որ մի գուցէ սովորես նորա ճանապարհները, եւ որոգայթ ստանաս քո հոգիի համար: 26  Մի լինիր ձեռքը գրաւի պէս տուողներից, որ պարտքի համար երաշխաւոր են լինում. 27  Եթէ դու չ’ունենաս վճարելու, ի՞նչու համար անկողինդ տակիցդ առնեն: 28  Մի շարժիր տեղիցը վաղեմի սահմանանշանները, որ շինել են քո հայրերը: 29  Տեսե՞լ ես մի մարդ որ շուտափոյթ է իր գործումը. նա թագաւորների առաջին է կանգնելու, աննշան մարդկանց առաջին չի կանգնիլ:

Ծանոթագրություններ

22։21 Եբր.՝ ուղարկողներին։
22։22 Եբր.՝ դռանը։