Առակներ 23։1-35

23  Երբոր մի իշխանի հետ հաց ուտելու նստես, լաւ ուշադրութիւն արա թէ ինչ կայ առաջիդ,  Եւ դանակ դիր կորկորդիդ վերայ, եթէ մեծ ախորժակի տէր ես:  Նորա կերակուրներին մի ցանկանար, որովհետեւ նորանք խաբէութեան հաց են:  Մի աշխատիր հարստանալու. քո այդ հասկացողութիւնիցը դադարիր:  Մի՞թէ աչքդ պիտի դնես այն բանին որ ոչինչ է. որ իրան համար անշուշտ թեւեր կ’շինէ, արծիւի պէս երկինքը կ’թռչի:  Մի ուտիր չարաչք մարդի հացը, եւ նորա կերակուրներին մի ցանկանար:  Որովհետեւ նա ինչպէս որ իր սրտումը հաշիւներ անողն է՝ այնպէս է. քեզ կ’ասէ. Կեր եւ խմիր, բայց սիրտը քեզ հետ չէ:  Այն պատառդ, որ կերել ես՝ կ’փսխես, եւ դու կորցրել ես այն անոյշ խօսքերդ:  Յիմարի ականջներին բան մի ասիր. որովհետեւ նա կ’անարգէ քո խօսքերի իմաստութիւնը: 10  Մի շարժիր տեղիցը վաղեմի սահմանանշանները, եւ որբի արտերի մէջը մի մտնիր: 11  Որովհետեւ նորանց վրեժխնդիրը զօրաւոր է. Նա կ’վարէ նորանց դատը քեզ հետ: 12  Սիրտդ տուր խրատի, եւ ականջներդ՝ գիտութեան խօսքերի: 13  Երեխայից մի խնայիր խրատը, որովհետեւ եթէ նորան գաւազանով ծեծես՝ չի մեռնիլ: 14  Դու նորան գաւազանով կ’ծեծես, բայց հոգին կ’ազատես դժոխքիցը: 15  Որդեակս, եթէ սիրտդ իմաստուն լինի, իմ սիրտն էլ կ’ուրախանայ, 16  Եւ իմ երիկամունքները կ’ցնծան, քո շրթունքները ուղիղ բաներ խօսելիս: 17  Թող սիրտդ չ’նախանձէ մեղաւորներին այլ Տիրոջ վախի մէջ եղիր ամեն օր: 18  Յիրաւի մի վախճան կայ, եւ քո ապաւինելը պիտի չ’կտրուի: 19  Լսիր դու, որդեակս, եւ իմաստուն եղիր, եւ ուղղիր ճանապարհիդ մէջ քո սիրտը: 20  Գինեմոլների մէջ մի լինիր, եւ ոչ էլ որկրամոլութիւնով միս ուտողների հետ: 21  Որովհետեւ գինեմոլն ու որկրամոլը պիտի աղքատանան, եւ քնափութիւնը պատառոտած հանդերձներ կ’հագցնէ: 22  Լսիր քո ծնող հօրը, եւ մի անարգիր քո մօրը, երբոր պառաւ է: 23  Ճշմարտութիւնը շահիր՝ եւ մի ծախիր. նաեւ իմաստութիւն, խրատ եւ հանճար: 24  Արդարի հայրը անշուշտ պիտի ցնծայ, իմաստունի ծնողը նորանով պիտի ուրախանայ: 25  Թող ուրախանայ հայրդ ու մայրդ, եւ ցնծայ քո ծնողը: 26  Սիրտդ ինձ տուր, որդեակս, եւ թող աչքերիդ հաճելի լինին իմ ճանապարհները: 27  Որովհետեւ պոռնիկը խոր փոս է, եւ օտար կինը նեղ ջրհոր. 28  Իրաւ նա աւազակի պէս դարան է մտնում եւ մարդկանց մէջ շատացնում է անհաւատարիմները: 29  Ո՞ւմն է վա՜յը, ո՞ւմն է վո՜ւյը, ո՞ւմն են կռիւները, ո՞ւմն են տրտունջները, ո՞ւմն են ի զուր ստացուած վէրքերը, ո՞ւմն են կարմրոտած աչքերը: 30  Նորանցը, որ ուշանում են գինիի մօտ, նորանցը, որ գնում են խառնած գինին քննելու: 31  Մի նայիր գինիին, որ կարմրի է տալիս, որ բաժակի մէջ աչքով է անում, որ ուղիղ ուղիղ ինքն իրան գնում է. 32  Նա վերջը օձի պէս կ’կծէ, եւ իժի պէս կ’ծակէ: 33  Աչքերդ օտար կնիկների կ’նայեն եւ սիրտդ ծուծումուռ բաներ կ’խօսէ, 34  Եւ ծովի միջումը քնողի նման կը լինես, եւ կայմի վերայ քնողի նման: 35  Կ’ասես. Ինձ ծեծել են, բայց չեմ զգացել, ինձ զարկել են, բայց չեմ իմացել. ե՞րբ եմ սթափուելու. նորան դարձեալ պիտի որոնեմ:

Ծանոթագրություններ