Առակներ 24։1-34

24  Մի նախանձիր չար մարդկանցը, եւ մի ցանկանար նորանց հետ լինելը:  Որովհետեւ նորանց սիրտը բռնութիւն է խորհում, եւ տանջանք են խօսում նորանց շրթունքները:  Տունը կ’շինուի իմաստութիւնով, եւ հանճարով՝ կ’հաստատուի:  Գիտութիւնով կ’լցուին շտեմարանները եւ կ’ստացուին ամեն պատուական ստացուածք եւ վայելչութիւնք:  իմնաստուն մարդը զօրաւոր կ’լինի, եւ գիտուն մարդը իր ոյժը կ’աւելացնէ:  Որովհետեւ պատերազմդ խոհեմութեամբ կ’անես, եւ յաջողակութիւնը խորհրդականների շատութիւնովը կը լինի:  Խիստ բարձր է յիմարի համար իմաստութիւնը, նա դռան մէջ չի բանալ իր բերանը:  Ով որ մտածում է վնասել, նորան նենգամիտ մարդ կասեն:  Յիմարութիւն մտածելը մեղք է, եւ ծաղրողը զզուելի է մարդկանց համար։ 10  Եթէ նեղութեան օրը թուլացար, ոյժդ նեղ կ’լինի։ 11  Ազատիր մահուան տարուողներին, եւ դէպի սպանուելու դողդոջացողներին ազատելու ոչինչ մի խնայիր: 12  Եթէ ասես թէ Մենք չ’գիտենք. ահա սիրտերը կշռողը գիտէ, եւ հոգիդ պահողը իմանում է, նա որ մարդիս հատուցանում է իր գործին համեմատ: 13  Մեղր կեր, որդեակս, որ լաւ է, եւ մեղրախորիսխ, որ քաղցր է քո քիմքի համար. 14  Այդպէս է իմաստութեան գիտութիւնը քո հոգիի համար, եթէ նորան գտել ես, եւ մի վախճան կայ, որ քո յոյսը չի կոտրուիլ: 15  Դարանակալ մի լինիլ, ով անզգամ, արդարի բնակարանին. մի աւերիր նորա հանգստութեան տեղը: 16  Որովհետեւ եօթն անգամ վայր կ’ընկնէ արդարը եւ կ’կանգնէ, բայց անզգամները չարիքի մէջ կ’կործանուին։ 17  Թշնամիդ վայր ընկնելիս մի ուրախանար, եւ նա կործանուելիս սիրտդ չ’ցնծայ: 18  Մի գուցե Տէրը տեսնէ, եւ նորա աչքին անհաճո երեւայ. եւ իր բարկութիւնը ետ դարձնէ նորանից: 19  Մի վառուիր չարերի պատճառովը. մի նախանձիր անզգամներին: 20  Որովհետեւ վերջ չ’ունի չարը, ամբարիշտների ճրագը պիտի հանգչի: 21  Որդեակս, վախիր Տերիցը եւ թագաւորիցը. եւ յեղափոխականների հետ մի ընկերանար. 22  Որովհետեւ նորանց կործանումը յանկարծ վեր կ’կենայ. եւ այն երկուսի էլ պատուհասը ո՞վ գիտէ: 23  Սրանք էլ են իմաստուններինը՝ դատաստանում աչառութիւն անելը լաւ չէ: 24  Ով որ անզգամին ասէ՝ Արդար ես, ազգերը նորան կ’անիծեն. ժողովուրդները նորան կ’անարգեն: 25  Բայց յանդիմանողներին բարիք կը լինի, եւ նորանց վերայ բարի օրհնութիւն կ’գայ: 26  Շրթունքներ է համբուրում նա, որ յարմար պատասխան է տալիս: 27  Պատրաստիր դրսի գործքդ, եւ բանդ կարգադրիր դաշտումը, յետոյ էլ շինիր տունդ: 28  Քո ընկերի դէմ զուր վկայութիւն մի տար, եւ մի խաբիր քո շրթունքներովը: 29  Մի ասիր. Ինչպէս որ ինձ արաւ, ես էլ իրան այնպէս եմ անելու, այն մարդին հատուցանելու եմ նորա գործքին համեմատ: 30  Ծոյլ մարդի արտի մօտովն անց կացայ, եւ պակասամիտ մարդի այգիի մօտովը. 31  Եւ ահա բոլորը փուշեր էին դուրս եկել, նորանց երեսը ծածկել էին եղինճներ, եւ նորա քարի պատը փուլ էր եկած: 32  Եւ երբոր տեսայ՝ դրի մտքիս մէջ, մտիկ արի եւ խրատ վեր առայ: 33  Մի քիչ քուն, մի քիչ ննջել, մի քիչ էլ ձեռք ձեռքի տալ պառկել. 34  Այն ժամանակ քո աղքատութիւնը կ’գայ իբրեւ ճանապարհորդ, եւ քո կարօտութիւնը՝ սպառազինեալ մարդի պէս:

Ծանոթագրություններ