Առակներ 25։1-28

25  Սորանք էլ են Սողոմոնի առակները, որ Յուդայի Եզեկիա թագաւորի մարդիկը օրինակեցին:  Աստծոյ փառքն է բանը ծածկելը. բայց թագաւորների փառքն բանը է քննելը:  Երկինքը բարձրութիւնով, եւ երկիրը խորութիւնով, եւ թագաւորների սիրտը չի քննուիլ:  Հանիր կղկղանքը արծաթից, եւ ոսկերչի համար անօթ դուրս կ’գայ:  Դուրս արա թագաւորի առաջից ամբարշտին, եւ նորա աթոռը կ’հաստատուի արդարութեամբ:  Մի պարծենար թագաւորի առաջին, եւ մեծամեծների տեղը մի կանգնիր:  Որովհետեւ լաւ է որ քեզ ասեն. վեր բարձրացիր այստեղ, քան թէ քեզ խոնարհեցնեն այն իշխանի առաջին, որին տեսնում են քո աչքերը:  Շուտով կռուի մի գնար, մի գուցէ չ’իմանաս թէ վերջումը ինչ պիտի անես, երբոր ընկերդ քեզ ամաչեցնէ:  Դատդ վարիր ընկերիդ հետ, բայց գաղտնիքը ուրիշին մի յայտնիր: 10  Որ մի գուցե լսողը քեզ անարգէ, եւ վատ անունդ միւս անգամ չ’գնայ: 11  Մէկ յարմար ժամանակին խօսուած խօսքը ոսկի խնձորներ են արծաթի զարդերի մէջ: 12  Ոսկի օղ եւ գոհարեղէն մանեակ է իմաստունի խրատը՝ լսող ականջի համար: 13  Ինչպէս է ձիւնի պաղութիւնը հունձքի ժամանակին, նոյնն է հաւատարիմ դեսպանն իրան ուղարկողի համար. նա զուարթացնում է իր տիրոջ հոգին: 14  Ամպեր եւ քամի՝ բայց առանց անձրեւի՝ այն մարդն է որ պարծենում է դարտակ պարգեւներով: 15  Երկայնամտութեամբ կ’համոզուի իշխանը, եւ կակուղ լեզուն ոսկոր կը կոտրէ: 16  Եթէ մեղր գտնես՝ կեր պէտքիդ չափ. մի գուցե նորանից կշտանաս եւ փսխես նորան: 17  Ոտքդ սակաւ յաճախէ ընկերիդ տունը, մի գուցէ քեզանից կշտանայ եւ զզուէ քեզանից: 18  Ուռ եւ սուր եւ սրած նետ է այն մարդը, որ սուտ վկայութիւն է տալիս իր ընկերի դէմ: 19  Կոտրած ատամ եւ դիւրագլոր ոտք է նեղ օրը անհաւատարիմ մարդի վերայ ապաւինելը: 20  Ցուրտ օրին զգեստը հանել, կամ բորակի վերայ քացախ ածել է երգեր երգելը տրտում մարդի առաջին: 21  Եթէ թշնամիդ սոված է՝ հաց տուր նորան, եւ եթէ ծարաւ է՝ ջուր խմեցրու նորան. 22  Որովհետեւ այսպէս անելով նորա գլխի վերայ կրակի կայծեր կ’դիզես. եւ Տէրը քեզ կ’հատուցանէ: 23  Հիւսիսային քամին անձրեւ է բերում, եւ խոժոռ դէմքը՝ գաղտնախօս լեզու: 24  Լաւ է բնակուիլ մի կտուրի անկիւնում, քան թէ կռուասէր կնոջ հետ մեծ տան մէջ: 25  Պաղ ջուր է ծարաւած սրտի համար բարի լուրը հեռու երկրից: 26  Պղտորած ակնի եւ քանդուած աղբիւրի նման է ամբարշտի առաջին ընկճուող արդարը: 27  Շատ մեղր ուտելը լաւ չէ, իր պատիւը որոնելը պատիւ չէ: 28  Քանդուած անպարիսպ քաղաք է այն մարդը, որ չէ զսպում իր ոգին:

Ծանոթագրություններ