Առակներ 26։1-28

26  Ինչպէս ձիւնը ամառը, եւ անձրեւը հունձին՝ այնպէս էլ յիմարին պատիւ չի վայելիլ։  Ինչպէս որ ճնճղուկը թռթռում եւ ծիծեռնակը թռչում է, այնպէս էլ զուր անէծքը չի կատարուիլ։  Խարազանը ձիու համար, եւ սանձը՝ էշի, եւ գաւազանը յիմարների մէջքի համար է։  Մի պատասխանիր յիմարին նորա տխմարութեան համեմատ, մի գուցէ դու էլ նորան նմանես։  Պատասխանիր յիմարին նորա տխմարութեան համեմատ, մի գուցէ իր աչքին իմաստուն երեւայ։  Իր ոտները կտրող եւ վնաս կրող է ով որ յիմարի ձեռքով խօսք ապսպրէ։  Ինչպէս որ սասանում են կաղի ոտները, այնպէս էլ առակը յիմարների բերանումը։  Ինչպէս որ քարն են ծրարում եւ պարսատիկի մէջ շպռտում, այնպէս է եւ յիմարին պատիւ տուողը։  Արբածի ձեռքը մտաւ փուշը, եւ առակը՝ յիմարների բերանը։ 10  Մեծ է ամեն բան ստեղծողը, վարձք է տալիս յիմարին էլ, վարձք է տալիս յանցաւորներին էլ։ 11  Ինչպէս որ շունը ետ է դառնում դէպի իր փսխածը, այնպէս է իր յիմարութիւնը կրկնող յիմարը։ 12  Տեսե՞լ ես մէկ ինքն իր աչքին իմաստուն երեւացող. յիմարիցն աւելի յոյս կայ քան թէ նորանից։ 13  Ծոյլն ասում է. Ճանապարհին առիւծ կայ, հրապարակների մէջ՝ առիւծ։ 14  Դուռը շուռ է տալիս իր ծղխնիի վերայ, ծոյլն էլ՝ իր անկողնի վերայ։ 15  Ծոյլը իր ձեռքը կ’կոխէ ամանի մէջը, եւ նորա համար դժուար է նորան ետ տանել իր բերանը։ 16  Ծոյլը իմաստուն է երեւում իր աչքին եօթը խելօք պատասխան տուողից աւելի։ 17  Շունը ականջներիցը բռնում է այն անցաւորը, որ գրգռվում է իրանը չեղած դատի համար։ 18  Ինչպէս մի գիժ որ կրակի կայծեր, նետեր եւ մահ է ցանում, 19  Այնպէս է այն մարդը որ իր ընկերին խաբում է, եւ ասում. Ահա կատակ եմ անում։ 20  Փայտ չ’լինելիս կրակը կ’հանգչի. եւ քսու չ’լինելիս կռիւը կ’դադարէ։ 21  Ինչպէս ածուխը կայծերին, եւ փայտը կրակին, նոյնպէս է կռուարար մարդը վէճ վառելու։ 22  Քսու մարդի խօսքերը քաղցր պատառների պէս են. նորանք էլ են իջնում փորի ներսերը։ 23  Կղկղանքի արծաթով պատած հողի ամանի պէս են սիրաբորբոք շրթունքը ու չար սիրտը միասին։ 24  Ատեցողը կեղծում է իր շրթունքներովը, եւ սրտումը նենգութիւն է դնում. 25  Երբոր նա անուշացնէ ձայնը նորան չ’հաւատաս. որովհետեւ եօթը գարշելի բան կայ նորա սրտումը։ 26  Թէկուզ՝ ատելութիւնը ծածկուի նենգութեամբ, նորա չարութիւնը կ’յայտնուի ժողովքի մէջ։ 27  Ով որ փոս փորէ՝ նորա մէջը կ’ընկնի. եւ ով որ քար գլորէ՝ նա նորա վերայ կ’դառնայ։ 28  Ստախօս լեզուն ատում է իր ծեծածներին, եւ շողոքորթող բերանը կորուստ է պատճառում։

Ծանոթագրություններ