Առակներ 27։1-27

27  Մի պարծենար վաղուայ օրովը. որովհետեւ չ’գիտես թէ օրը ինչ կ’ծնէ:  Թող քեզ ուրիշը գովէ, եւ ոչ թէ քո շրթունքները:  Ծանր է քարը եւ բեռ ունի աւազը, բայց յիմարի բարկութիւնը երկուսիցն էլ ծանր է:  Բարկութիւնը անգութ է եւ ցասումը հեղեղասաստ. բայց ո՞վ կարող է կանգնել նախանձի առաջին:  Լաւ է յայտնի յանդիմանութիւնը, քան թէ ծածուկ սէրը:  Անկեղծ են բարեկամի տուած վէրքերը. բայց առատ են ատողի համբոյրները:  Կուշտ անձը կոխ է տալիս մեղրախորիսխը, բայց սոված անձի համար ամեն լեղի բանը քաղցր է:  Ինչպէս որ իր բոյնիցն թափառական եղած թռչունն է, այնպէս է իր տեղիցը թափառական եղող մարդը:  Իւղն ու խունկը ուրախացնում են սիրտը, նաեւ ընկերի քաղցր խօսքը մտերիմ խրատով: 10  Քո բարեկամին եւ հօրդ բարեկամին մի ձգիր, եւ եղբօրդ տունը մի գնար քո նեղութեան օրը. լաւ է մօտիկ հարեւանը քան թէ հեռու եղբայրը: 11  Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին: 12  Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում, բայց պարզամիտները անց են կենում՝ վնասվում: 13  Առ նորա հանդերձը որ երաշխաւոր է դառել օտարին, եւ գրաւ պահիր նորան օտարի փոխարէն: 14  Ով որ առաւօտանց կանուխ իր դրացիին բարձր ձայնով օրհնէ, սա նորա համար անէծք կ’համարուի: 15  Անդադար ծլծլոցը, անձրեւոտ օրը եւ կռուասէր կինը, իրար նման են: 16  Ով որ նորան ծածկէ ՝ քամի է ծածկում, եւ նորա աջ ձեռքի իւղը ձայն կ’տայ: 17  Երկաթը երկաթով է սրվում, եւ մարդս սրում է իր ընկերի երեսը: 18  Թզենին պահողը կ’ուտէ նորա պտուղը, եւ իր տիրոջ պահպանողը կ’պատվուի: 19  Ինչպէս որ ջրումը երեսն է երեսի դէմ. այնպէս է սրտի մէջ մարդս մարդի դէմ: 20  Դժոխքը եւ կորուստը չեն կշտանալ, նոյնպէս չեն կշտանալ եւ մարդիս աչքերը: 21  Հալոցը արծաթն է փորձում, եւ քուրան ոսկին, նոյնպէս էլ մարդս՝ իրան գովասանող բերանը թող փորձէ: 22  Եթէ յիմարին թակովը ծեծես կորկոտի հետ սանդի մէջ, նորա յիմարութիւնը նորանից չի հեռանալ: 23  Լաւ հոգ տար քո ոչխարներին, ուշ դարձրու քո հօտերին: 24  Որովհետեւ հարստութիւնը մշտնջենաւոր չէ. եւ թագը տեւո՞ղ է դարէ ցդար: 25  Կանաչը կ’բուսնի եւ խոտը կ’երեւայ, եւ կ’ժողովուին սարերի խոտերը. 26  Գառները հագուստիդ համար են, եւ դաշտի գինն են նոխազները: 27  Եւ բաւական այծի կաթ կ’լինի քեզ կերակրելու եւ տունդ կերակրելու համար, նոյնպէս եւ ապրուստ քո աղախինների համար:

Ծանոթագրություններ