Առակներ 29։1-27

29  Յանդիմանութիւններ ստացող մարդը՝ եթէ իր պարանոցը խստացնէ, յանկարծ կ’ջարդուի եւ բժշկութիւն չի գտնիլ:  Արդարները շատանալիս ժողովուրդը կ’ուրախանայ, բայց երբոր ամբարիշտը իշխէ, ժողովուրդը կ’հեծէ:  Իմաստութիւն սիրող մարդը կ’ուրախացնէ իր հօրը, բայց պոռնիկների ընկեր եղողը ստացուածքը կ’փչացնէ:  Թագաւորը արդարութեամբ կ’հաստատէ երկիրը, բայց կաշառակեր մարդը նորան կ’քանդէ:  Իր ընկերին շողոքորթող մարդը որոգայթ է լարում նորա քայլերի համար:  Չար մարդի յանցանքումը որոգայթ կայ, բայց արդարը ցնծում է եւ ուրախանում:  Արդարը գիտէ աղքատների դատը, բայց անզգամ մարդը գիտութիւն չ’ունի:  Ծաղր անող մարդիկը քաղաք տակն ու վերայ կ’անեն, բայց իմաստունները բարկութիւնը կ’հանգստացնեն:  Իմաստուն մարդը յիմարի հետ վիճելիս, թէ բարկանայ թէ ծիծաղի՝ հանգիստ չի լինիլ: 10  Արիւնահեղ մարդիկը կ’ատեն կատարեալին, բայց ուղիղները նորան կ’որոնեն: 11  Յիմարն իր սրտինը բոլորը դուրս կ’տայ, բայց իմաստունը նորան ետ է պահում: 12  Մէկ իշխան որ սուտ խօսքերի ականջ է դնում, նորա բոլոր սպասաւորները չար կ’լինեն: 13  Աղքատը եւ բռնաւորը հանդիպում են իրար. բայց երկուսին էլ աչքի լոյսը տուողը Տէրն է: 14  Այն թագաւորը որ աղքատներին դատում է արդարութեամբ, նորա աթոռը յաւիտեան կ’մնայ: 15  Գաւազանը եւ յանդիմանութիւնը իմաստութիւն կ’տայ, բայց բաց ընկած տղան անարգանք կ’բերէ իր մօր համար: 16  Անզգամները շատանալիս յանցանքը կ’շատանայ, բայց արդարները կ’տեսնեն նորանց վայր ընկնելը: 17  Խրատիր որդիիդ, եւ նա էլ քեզ կ’հանգստացնէ. եւ սփոփանք կ’պատճառէ քո հոգիին: 18  Առանց մարգարէութեան ժողովուրդը կ’վայրենանայ. բայց ով որ օրէնքը պահէ՝ երանի՜ նորան: 19  Խօսքերով չի խրատուիլ այն ծառան, որ հասկանում է բայց չէ պատասխանում: 20  Իր խօսքերի մէջ շտապող մարդ տեսա՞ր. յիմարիցն աւելի յոյս կայ քան թէ նորանից: 21  Ով որ իր ծառային մանկութիւնիցը փափուկ պահէ, այն ծառան յետոյ որդի կ’դառնայ: 22  Բարկացող մարդը կռիւ կ’հնարէ, եւ ցասկոտ մարդը շատ յանցանք կ’ունենայ: 23  Մարդիս ամբարտաւանութիւնը նորան կ’կործանէ, բայց հեզահոգին փառք կ’ստանայ: 24  Գողի հետ վարուողը իր անձն է ատում. նա երդումը անելուց յետոյ էլ բան չի յայտնիլ: 25  Մարդի վախը որոգայթի մէջ կ’գցէ, բայց Տիրոջն ապաւինողը կ’ապաստանուի: 26  Շատերը կ’որոնեն իշխանի երեսը, բայց մարդիս իրաւունքը Տէրիցն է: 27  Անօրէն մարդը զզուելի է արդարներին, բայց ամբարշտի համար զզուելի է ուղիղ վարուողը:

Ծանոթագրություններ