Առակներ 3։1-35

3  Որդեակս, իմ օրէնքը մի մոռանար, եւ թող պահէ քո սիրտը իմ պատուէրները.  Որովհետեւ նորանք երկայն օրեր եւ կենդանութեան տարիներ, եւ խաղաղութիւն կ’շատացնեն քեզ համար.  Շնորհքն ու ճշմարտութիւնը քեզ չեն ձգիլ. նորանց պնդացրու քո պարանոցի վերայ, նորանց գրիր քո սրտի տախտակի վերայ:  Այսպէս դու շնորհք եւ հաճութիւն կ’գտնես Աստուծոյ եւ մարդկանց առաջին:  Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր:  Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները:  Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր, վախիր Տէրիցը եւ հեռացիր չարից:  Սա առողջութիւն կ’լինի քո մարմնի* համար, եւ պարարտութիւն՝ քո ոսկորներին:  Պատուիր Տիրոջը քո ստացուածքիցը, եւ քո բոլոր բերքերի երախայրիներիցը. 10  Այն ժամանակ կ’լցուին քո շտեմարաններն առատութիւնով, եւ քո հնձանները պիտի զեղանեն նոր գինիով: 11  Որդեակս, մի անարգիր Տիրոջ խրատը, եւ նորա յանդիմանութիւնիցը մի ձանձրանար. 12  Որովհետեւ Տէրը որին որ սիրում է՝ յանդիմանում է, եւ ինչպէս մէկ հայր որ իր որդիին սիրում է: 13  Երանի այն մարդին որ իմաստութիւն է գտել, եւ այն մարդին որ հանճար է ստանում: 14  Որովհետեւ նորա շահը լաւ է արծաթի շահից, եւ նորա արդիւնքը՝ մաքուր ոսկիից: 15  Նա պատուական է գոհարներից*, եւ քո բոլոր ցանկալի բաները նորան չ’արժեն: 16  Նորա աջ ձեռքին օրերի երկայնութիւն կայ, նորա ձախ ձեռքին՝ հարստութիւն եւ փառք: 17  Նորա ճանապարհները հաճելի ճանապարհներ են, եւ նորա բոլոր շաւիղները խաղաղութիւն են: 18  Նա կենաց ծառ է նորանց համար որ բռնել են նորան, եւ նա իրան պինդ բռնողին երջանիկ կ’անէ: 19  Տէրն իմաստութիւնով հիմնեց երկիրը, հանճարով հաստատեց երկինքը: 20  Նորա գիտութիւնովն անդունդները յորդեցին, եւ ամպերը ցօղ ցանեցին: 21  Որդեակս, սորանք չ’գնան քո աչքի առաջից, պինդ պահիր խոհեմութիւնն ու խորհուրդը: 22  Եւ նորանք քո հոգիի համար կեանք լինին, եւ շնորհք՝ քո պարանոցի համար: 23  Այն ժամանակ ապահով կ’գնաս քո ճանապարհովը, եւ ոտքդ չի գայթիլ: 24  Եթէ պառկես, չես վախենալ. եւ կ’պառկես եւ քունդ քաղցր կ’լինի: 25  Յանկարծահաս երկիւղիցը չես վախենալ, եւ ամբարիշտների փոթորիկիցը, երբոր գայ: 26  Որովհետեւ Տէրը կ’լինի քո յոյսը, եւ նա կ’պահէ քո ոտքը, որ չ’բռնուի: 27  Բարութիւնը մի խնայիր որին որ կ’վայելէ, երբոր ձեռքումդ զօրութիւն կայ անելու. 28  Մի ասիր քո ընկերին. Գնա ՝ միւս անգամ եկ, եւ էգուց կ’տամ. քանի որ քեզ մօտ կայ: 29  Քո ընկերի դէմ չարութիւն մի մտածիր, քանի որ նա վստահաբար կենում է քեզ մօտ: 30  Մարդի հետ զուր տեղը մի վիճիր, եթէ նա քեզ չարութիւն չի արել: 31  Բռնաւոր մարդին մի նախանձիր, եւ նորա բոլոր ճանապարհներին մի հաւանիր. 32  Որովհետեւ խոտորնակ մարդը զզուելի է Տիրոջը, բայց Նորա մտերմութիւնը ուղիղների հետն է: 33  Ամբարշտի տանը Տիրոջ անէծքը կայ, բայց արդարների բնակարանը նա օրհնում է: 34  Իրաւ նա ծաղր անողներին ծաղրում է, իսկ խոնարհներին շնորհք է տալիս: 35  Փառք պիտի ժառանգեն իմաստունները, բայց յիմարները կ’բարձրանան անարգանքով:

Ծանոթագրություններ

3։8 Կամ՝ պորտի։
3։15 Կամ՝ բուստերից։