Առակներ 4։1-27

4  Որդիք, լսեցէք հօր խրատը. եւ ականջ դրէք որ իմաստութիւնն իմանաք.  Որովհետեւ ես ձեզ բարի ուսում եմ տալիս, իմ օրէնքը մի ձգէք.  Որովհետեւ ես իմ հօր որդին էի, փափուկ եւ միամօր* էի:  Նա ինձ սովորեցնում էր եւ ասում ինձ. Թող քո սիրտը բռնէ իմ խօսքերը, պահիր իմ պատուէրները, եւ կ’ապրես:  Իմաստութիւն ստացիր, հանճար ստացիր. Մի մոռանար, եւ մի խոտորիր իմ բերանի խօսքերիցը:  Մի թողիր նորան, եւ նա քեզ կ’պահէ. նորան սիրիր, եւ նա քեզ կ’պաշտպանէ:  Իմաստութեան սկիզբն է*, «Իմաստութիւն ստացիր». եւ քո ամեն ստացուածքի հետ հանճար ստացիր:  Դու նորան մեծարիր, եւ նա քեզ կ’բարձրացնէ. նա քեզ կ’պատուէ, երբոր նորան գրկես:  Նա քեզ գեղեցիկ պսակ կ’տայ քո գլխի համար, եւ փառքի թագ կ’պարգեւէ քեզ: 10  Լսիր, որդեակս, եւ ընդունիր իմ խօսքերը, եւ կ’շատանան քո կեանքի տարիները: 11  Իմաստութեան ճանապարհը քեզ սովորեցրի, քեզ առաջնորդեցի ուղղութեան շաւիղներումը: 12  Դու գնալիս՝ քո քայլերը պիտի չ’նեղուին, եւ վազելիս չես գայթակղուիլ: 13  Պինդ բռնիր խրատը, մի ձգիր. նորան պահիր, որ նա քո կեանքն է: 14  Անզգամների ճանապարհը մի մտնիր. եւ մի ման գար չարերի ճանապարհումը: 15  Թող տուր նորան, նորա վերայ մի գնար, նորանից խոտորիր եւ անցիր: 16  Որովհետեւ նորանք չեն քնիլ, մինչեւ որ չարութիւն չ’անեն. եւ քնից կ’զրկուին, եթէ չ’կործանեն: 17  Նորա համար որ նորանք ամբարշտութեան հացն են ուտում եւ անիրաւութեան գինին խմում: 18  Բայց արդարների ճանապարհը ծագող լոյսի պէս է. որ գնալով լուսաւորվում է, մինչեւ որ կատարեալ օր է դառնում: 19  Ամբարիշտների ճանապարհը խաւարի նման է, նորանք չ’գիտեն թէ ինչով են գայթակղում: 20  Որդեակս, ուշադիր եղիր իմ խօսքերին, եւ ականջդ տուր իմ ասածներին. 21  Թող նորանք չ’գնան քո աչքի առջեւից, պահիր նորանց քո սրտի մէջ: 22  Որ նորանք կեանք են նորանց գտնողներին, եւ նորանց բոլոր մարմնին՝ բժշկութիւն: 23  Ամեն զգուշութիւնից առաւել զգուշացիր քո սրտին, որ նորանից է կեանքի ելքը: 24  Հեռացրու քեզանից բերանի ծռութիւնը, եւ նենգաւոր շրթունքները թող հեռու լինին քեզանից: 25  Թող քո աչքերն ուղիղ նային, եւ քո արտեւանունքները ուղղուած լինին դէպի քո առաջը: 26  Շիտակ արա քո ոտների շաւիղը, եւ քո բոլոր ճանապարհները կ’հաստատուին: 27  Մի խոտորիր աջ եւ ձախ, ոտքդ հեռացրու չարիցը:

Ծանոթագրություններ

4։3 Կամ՝ սիրելի իմ մօր առաջին։
4։7 Կամ՝ Ամեն բանի գլուխը իմաստութիւնն է։