Առակներ 6։1-35

6  Որդեակս, եթէ դու երաշխաւոր եղար քո ընկերի համար, եւ ձեռքդ տուիր օտարի համար.  Դու բռնուել ես քո բերանի խօսքովը, եւ քեզ բռնել ես տուել քո բերանի ասածներովը:  Սա այսպէս արա, որդեակս, եւ ազատիր քեզ, որվհետեւ քո ընկերի ձեռքն ընկար. գնա խոնարհուիր եւ թախանձիր քո ընկերին:  Քուն մի տար աչքերիդ, եւ նինջ՝ արտեւանունքիդ.  Քեզ ձեռքիցը ազատիր այծեամի պէս, կամ հաւորսի ձեռքից ազատուած թռչունի պէս:  Գնա մրջիւնին մօտ, ով ծոյլ, նորա ճանապարհները տես եւ իմաստուն եղիր.  Որ իշխան, ոստիկան եւ տիրող չ’ունի.  Բայց իր կերակուրը պատրաստում է ամառը, եւ իր ուտելիքը հունձի ժամանակին է ժողովում:  Մինչեւ ե՞րբ ես պառկելու, ով ծոյլ, ե՞րբ ես զարթնելու քնիցդ: 10  Մի քիչ քուն, մի քիչ ննջել, մի քիչ էլ ձեռք ձեռքի դնել պառկել. 11  Այն ժամանակ քո աղքատութիւնը ճանապարհորդի պէս կ’գայ, եւ քո կարօտութիւնը՝ սպառազինեալ մարդի պէս: 12  Անպիտան մարդը՝ անօրէն մարդը ծուռ բերանով է ման գալիս, 13  Նա ակնարկում է աչքերովը, ոտներովը խօսում է, մատներովը՝ բան սովորեցնում. 14  Նենգութիւն կայ նորա սրտումը, նա միշտ չարութիւն է հնարում, կռիւներ տարծում: 15  Սորա համար յանկարծ կ’գայ նորա կորուստը, նա յանկարծ պիտի կոտրուի, եւ ողջութիւն պիտի չ’գտնէ: 16  Վեց բան կայ որ Տէրն ատում է, եւ եօթը՝ զզուելի են նորա հոգիի առաջին. 17  Ամբարտաւան աչքեր, ստախօս լեզու, եւ անմեղ արիւն թափող ձեռքեր. 18  Չար խորհուրդներ հնարող սիրտ, չարութեան համար վազելու շտապող ոտքեր. 19  Սուտեր փչող անիրաւ վկայ, եւ եղբայրների մէջ կռիւներ գցող: 20  Որդեակս, պահիր քո հօր պատուիրանքը, եւ քո մօր օրէնքը մի մերժիր: 21  Նորանց միշտ կապիր քո սրտի վերայ, քո վզին փաթաթիր նորանց: 22  Թող գնալուդ ժամանակդ քեզ առաջնորդեն, քնած ժամանակդ քեզ պահպանեն, եւ երբոր զարթնես, թող քեզ հետ խօսակցեն: 23  Որովհետեւ պատուիրանքը ճրագ է եւ օրէնքը՝ լոյս, եւ խրատի յանդիմանութիւնները՝ կեանքի ճանապարհ: 24  Որ քեզ պահէ չար կնկանիցը, օտար կնկայ շողոքորթող լեզուիցը. 25  Մի ցանկանար նորա գեղեցկութեանը քո սրտումը, եւ թող նա քեզ չ’յափշտակէ իր արտեւանունքներովը: 26  Որովհետեւ մի պոռնիկ կնկայ պատճառով աղքատանում են մինչեւ մի նկանակ հացի. եւ շնացող առնակինը պատուական հոգին կ’որսայ: 27  Հնա՞ր է, որ մի մարդ կրակ կրէ իր ծոցումը, եւ նորա հանդերձները չ’այրուին: 28  Կամ կարելի՞ է որ մի մարդ կայծերի վերայ ման գայ, եւ նորա ոտները չ’խանձուին: 29  Այսպէս է նաեւ իր դրացիի կնկայ մօտ գնացողը. ամեն նորան դիպչողը անմեղ չէ: 30  Այն գողին չեն արհամարհիլ, որ գողացել է իր սովը կշտացնելու համար, որովհետեւ սոված էր: 31  Սակայն եթէ բռնուի, եօթնապատիկ պիտի վճարէ, իր տան բոլոր ստացուածքը պիտի տայ: 32  Բայց կին պղծողն անմիտ է. իր հոգին է փչացնում, ով որ անէ այս: 33  Նա վէրք եւ անարգանք կ’գտնէ, եւ նորա նախատինքը չի ջնջուիլ: 34  Որովհետեւ նախանձը մարդիս կատաղութիւնն է, եւ նա չի խնայիլ վրէժխնդրութեան օրը: 35  Նա ոչ մի փրկանքի երեսին մտիկ չի անիլ, եւ նա չի հաճիլ, որքան էլ շատացնես դու կաշառքը:

Ծանոթագրություններ