Առակներ 8։1-36

8  Ահա իմաստութիւնը կանչում է, եւ հանճարը ձայն է տալիս.  Բարձրերի գլխին, փողոցների վերայ, շաւիղների մէջտեղը կանգնած է.  Դռների մօտ, քաղաքի մուտքումը դռների մտնելու տեղը աղաղակում է.  Ձեզ եմ կանչում, ով մարդիկ, եւ իմ ձայնը դէպի մարդկանց որդիներին է:  Ով անմիտներ, իմաստութիւն հասկացէք, եւ ով յիմարներ, խելք հասկացէք.  Լսեցէք, որովհետեւ ազնիվ բաներ եմ խօսելու, եւ իմ շրթունքները պիտի բանամ ուղիղ բաներով:  Որ իմ քիմքը ճշմարտութիւն է խօսելու, եւ իմ շրթունքների համար պիղծ է անզգամութիւնը:  Բերանիս բոլոր խօսքերը արդարութեամբ են, նորանց մէջ դարձուած ու ծռած բան չ’կայ:  Նորանք ամենքն էլ ուղիղ են հասկացողին, եւ շիտակ են գիտութիւն գտնողներին: 10  Առէք խրատը եւ ոչ թէ արծաթ, եւ գիտութիւնը ընտիր ոսկիից աւելի է: 11  Որովհետեւ իմաստութիւնը գոհարներիցը լաւ է, եւ բոլոր ցանկալի բաները չ’արժեն նորան: 12  Ես՝ իմաստութիւնս բնակվում եմ խորագիտութեան հետ, եւ խորհուրդների գիտութիւնը գտել եմ: 13  Տիրոջ երկիւղը չարն ատել է, հպարտութիւնն ու ամբարտաւանութիւնը եւ չար գնացքը եւ նենգաւոր եւ նենգաւոր բերանը ես ատում եմ: 14  Իմն է խորհուրդը եւ յաջողութիւնը. ես եմ հանճարը, զօրութիւնը իմն է: 15  Ինձանով են թագաւորները թագաւորում, եւ նախարարները արդարութեան կանոններ դնում: 16  Ինձանով են իշխում իշխանները, նաեւ ազնուականներն ու աշխարհքի բոլոր դատաւորները։ 17  Ես ինձ սիրողներին կ’սիրեմ, ինձ կանուխ որոնողները կ’գտնեն ինձ: 18  Հարստութիւն եւ փառք կայ ինձ մօտ, ընտիր ստացուածք եւ արդարութիւն: 19  Լաւ է իմ պտուղը ընտիր եւ մաքուր ոսկիիցը, եւ իմ արդիւնքը՝ ընտիր արծաթից: 20  Ես ման եմ գալիս արդարութեան ճանապարհումը, իրաւունքի շաւիղների միջումը, 21  Որի ինձ սիրողներին էական բարիք ժառանգեցնեմ, եւ նորանց շտեմարանները լցնեմ: 22  Տէրն ինձ ունէր իր ճանապարհի սկզբումը, իր վաղեմի գործքերիցն առաջ: 23  Ես օծուել եմ* յաւիտենից հետէ, ի սկզբանէ երկրիս յառաջ գալուցն առաջ: 24  Ես անդունդները չ’եղած եմ ծնուել, ջրառատ աղբիւրները չ’եղած: 25  Տակաւին սարերը չ’ձգուած, բլուրներիցն առաջ եմ ես ծնուել: 26  Երբոր նա տակաւին չէր ստեղծել երկիրը եւ դաշտերը եւ ախարհքի սկզբնական շամանդաղները: 27  Նա երկինքները պատրաստելիս՝ ես այնտեղ էի, երբոր նա անդունդների վերայ կամար էր գծում: 28  Երբոր նա պնդացնում էր վերի ամպերը, հաստատում էր անդունդների աղբիւրները: 29  Երբոր ծովի համար դնում էր նորա կանոնը, որ ջուրերն իրանց եզերքիցը դուրս չ’անցնեն, երբոր գցում էր երկրի հիմունքը, 30  Այն ժամանակ ես նորա կշտին ճարտարապետ էի, եւ նորա ուրախութիւնն էի ամեն օր՝ զուարճանալով նորա առաջին ամեն ժամանակ: 31  Ուրախանում էի նորա երկրի աշխարհքումը, եւ իմ զուարճութիւնը մարդկանց որդիների հետ էր: 32  Եւ հիմա, որդեակներ, լսեցէք ինձ. եւ երանի՜ նորանց, որ պահում են իմ ճանապարհները: 33  Խրատ լսեցէք եւ իմաստուն եղէք, եւ մի մերժէք: 34  Երանի՜ այն մարդին, որ ինձ մտիկ է անում, որ ամեն օր հսկում է իմ դռների մօտ, եւ իմ դրանդիքի մուտքերը պահում է: 35  Որովհետեւ ինձ գտնողը կեանք է գտել, եւ Տէրիցը շնորհք կ’ստանայ: 36  Բայց ինձ դէմ մեղանչողը կ’վնասէ իր հոգիին, բոլոր ինձ ատողները մահն են սիրում:

Ծանոթագրություններ

8։23 Կամ՝ հաստատուել եմ։