Գաղատացիներ 3։1-29

3  Ով անմիտ Գաղատացիներ, ո՞վ կախարդեց ձեզ որ ճշմարտութեանը չը հնազանդիք. որոնց համար աչքերի առաջին նկարագրուեցաւ Յիսուս Քրիստոսը խաչուած ձեր մէջ:  Այս միայն կամենում եմ սովորիլ ձեզանից. օրէնքի գործերի՞ցն ընդունեցիք Հոգին՝ թէ հաւատքի լսելուցը:  Այդքան ամի՞տ էք. հոգով սկսեցիք, եւ հիմա մարմնո՞վ էք վերջանում:  Այնքան նեղութիւնները զո՞ւր տեղը կրեցիք. թէ որ զուր էլ լինի:  Արդ ձեզ Հոգին բաժանողը եւ ձեր միջումը զօրութիւններ գործողը, օրէնքի գործերի՞ց է թէ հաւատքի լսելուցը:  Ինչպէս որ Աբրահամը հաւատաց Աստուծուն, եւ այն նորա համար արդարութիւն համարուեցաւ:  Ուրեմն գիտացէք. թէ նորանք որ հաւատքիցն են, նորանք են Աբարահամի որդիք:  Գիրքն էլ առաջուց գիտենալով, որ Աստուած հաւատքիցն է արդարացնում հեթանոսներին՝ առաջուց Աբրահամին խոստացաւ, թէ Քեզանում պիտի օրհնուին բոլոր ազգերը:  Ուրեմն նորանք որ հաւատքից են, օրհնվում են հաւատացեալ Աբրահամի հետ: 10  Որովհետեւ որոնք որ օրէնքի գործերից են, անէծքի տակ են. վասնզի գրուած է թէ Անիծեալ լինի ամեն մարդ, որ չէ կենում օրէնքի գրքի մէջի բոլոր գրուածներումը, որ ամենն անէ: 11  Եւ թէ օրէնքով ոչ ով չէ արդարանում Աստուծոյ առաջին, դա յայտնի է. որովհետեւ Արդարը հաւատքիցը կ’ապրէ: 12  Բայց օրէնքը հաւատքիցը չէ այլ՝ Նորանց կատարող մարդը կ’ապրէ նորանով: 13  Քրիստոս գնեց մեզ օրէնքի անէծքիցը մեզ համար անէծք լինելով. (վասնզի գրուած է թէ Անիծեալ լինի ամեն փայտից կախուածը:) 14  Որ Աբրահամի օրհնութիւնը հեթանոսների մէջ լինի Քրիստոս Յիսուսով, որ մենք Սուրբ Հոգու խոստմունքն ընդունենք հաւատքով: 15  Մարդկօրէն եմ ասում, եղբարք. ապաքէն մի մարդի հաստատուած կտակը ոչ ով չէ անարգում. եւ ոչ էլ նորա վերայ ուրիշ հրաման աւելացնում: 16  Եւ Աբրահամին խոստացուեցան այն խոստմունքները, եւ նորա զաւակին. չէ ասում, Եւ զաւակներին՝ ինչպէս շատերին, այլ ինչպէս մէկին. Եւ քո զաւակին. որ է Քրիստոսը: 17  Բայց սա եմ ասում. Այն կտակը, որ առաջուց Աստուածանից հաստատուած էր Քրիստոսի վերայ, չորս հարիւր եւ երեսուն տարուց յետոյ եղած օրէնքը չի քանդիլ որ խոստմունքը խափանուի: 18  Որովհետեւ եթէ ժառանգութիւնն օրէնքից լինէր, ապա խոստմունքից չէր. բայց Աստուած խոստմունքով շնորհեց Աբրահամին: 19  Արդ օրէնքն ի՞նչ է. նա յանցանքների պատճառով աւելացաւ. մինչեւ որ գայ այն զաւակը, որին եղաւ խոստմունքը հրեշտակներով կարգուած միջնորդի ձեռով: 20  Բայց միջնորդը մէկը չէ, սակայն Աստուած մէկ է: 21  Ուրեմն օրէնքն Աստուծոյ խոստմունքներին հակառա՞կ է. քաւ լիցի. որովհետեւ եթէ օրէնք տրուած լինէր որ կարող լինէր կենդանի անել, ապա իրաւի օրէնքից կ’լիներ արդարութիւնը: 22  Բայց գիրքը փակեց ամենքը մեղքի ներքեւ, որ խոստմունքը Յիսուս Քրիստոսի հաւատքիցը տրուի հաւատացողներին: 23  Դեռ որ հաւատքը չէր եկած՝ օրէնքի ներքեւ փակուած պահվում էինք այն հաւատքի համար, որ պէտք էր յայտնուէր: 24  Ուրեմն օրէնքը մեզ համար դաստիարակ եղաւ դէպի Յիսուս Քրիստոսը, որ հաւատքից արդարանանք: 25  Բայց երբոր հաւատքն եկաւ, այլեւս դաստիարակի տակ չենք: 26  Որովհետեւ ամենքդ Աստուծոյ որդիք էք Քրիստոս Յիսուսի հաւատքովը: 27  Վասնզի ամենքդ՝ որ Քրիստոսումը մկրտուեցաք, Քրիստոսին հագած էք: 28  Այլ եւս ոչ Հրէայ կայ եւ ոչ Յոյն, ոչ ծառայ կայ եւ ոչ ազատ, ոչ արու կայ եւ ոչ էգ. որովհետեւ դուք ամենքդ մէկ էք Քրիստոս Յիսուսումը: 29  Ապա եթէ դուք Քրիստոսինն էք, ուրեմն Աբրահամի զաւակ էք՝ եւ խոստմունքի համեմատ ժառանգներ:

Ծանոթագրություններ