Գործեր 1։1-26

1  Առաջին պատմութիւնն արի, ով Թէոփիլէ, ամեն բանի համար, որ Յիսուսը սկսեց անել եւ սովորեցնել:  Մինչեւ այն օրը, որ Սուրբ Հոգու ձեռովը պատուէր տուաւ իր ընտրուած առաքեալներին, եւ վերացաւ.  Որոնց էլ իր չարչարանքից յետոյ իրան կենդանի կանգնեցրեց շատ ապացոյցներով քառասուն օրուայ միջոցում երեւելով նորանց՝ եւ Աստուծոյ արքայութեան համար խօսելով:  Եւ նորանց միասին ժողովուած ժամանակը, պատուէր էր տալիս նորանց՝ Երուսաղէմիցը չ’հեռանալ, այլ սպասել Հօր աւետիքին, որ ասեց՝ ինձանից լսեցիք:  Որովհետեւ Յովհաննէսը յիրաւի ջրով մկրտեց. բայց դուք Սուրբ Հոգով կ’մկրտուիք, ոչ թէ շատ օրեր սորանից յետոյ:  Եւ նորանք մէկտեղ գալով հարցնում էին նորան եւ ասում. Տէր, այս ժամանակո՞ւմն ես կանգնեցնում Իսրայէլի թագաւորութիւնը:  Եւ նա ասեց նորանց. Ձեր բանը չէ գիտենալ ժամերը եւ ժամանակները, Հայրն իր իշխանութիւնումը դրաւ:  Բայց դուք զօրութիւն կ’առնէք՝ երբոր Հոգին ձեր վերայ կ’գայ, եւ իմ վկաները կ’լինիք Երուսաղէմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը:  Եւ երբոր այս ասեց, նորան նայելիս վերացաւ. եւ մի ամպ վեր առաւ նորան նորանց աչքերիցը: 10  Եւ դեռ որ նորանք աչքերը ուղղած մտիկ էին տալիս դէպի երկինքը նորա գնալին, ահա երկու մարդիկ երեւեցան նորանց սպիտակ հանդերձներով, 11  Որ եւ ասեցին. Ով Գալիլեացի մարդիկ, ի՞նչ էք կանգնել եւ մտիկ էք անում դէպի երկինքը. այս Յիսուսը, որ ձեզանից վերացաւ երկինքը, այսպէս կ’գայ ինչպէս նորան տեսաք երկինքը գնալիս: 12  Այն ժամանակ ետ դառան Երուսաղէմ Ձիթենեաց անուանուած սարիցը, որ մօտ է Երուսաղէմին շաբաթ օրուայ ճանապարհի չափ: 13  Եւ երբոր մտան, վեր ելան վերնատունը որտեղ որ բնակվում էին, Պետրոսը եւ Յակոբոսը, եւ Յովհաննէսը եւ Անդրէասը, Փիլիպպոսը եւ Թովմասը, Բարթողոմէոսը եւ Մատթէոսը, Յակոբոս Ալփեանը եւ Սիմոն Նախանձայոյզը եւ Յուդա Յակոբեանը. 14  Սորանք ամենքը միշտ միաբան աղօթք եւ աղաչանք էին անում կանանց հետ, եւ Յիսուսի մայր Մարիամի եւ նորա եղբայրների հետ: 15  Եւ այն օրերումը Պետրոսը վերկացաւ եղբայրների մէջ ասեց, եւ այնտեղ հարյուր քսան հոգու չափ բազմություն կային. 16  Մարդիկ եղբարք, պէտք էր այն գրուածը կատարուէր. որ առաջուց ասեց Սուրբ Հոգին Դաւիթի բերանովը Յուդայի համար, որ Յիսուսի բռնողներին առաջնորդ եղաւ: 17  Որ նա մեզ հետ համարուած էր . եւ այս պաշտոնի վիճակը նորան էլ հասել էր: 18  Արդ սա անիրաւութեան վարձքովը մի ագարակ ստացաւ. եւ գլխի վայր ընկնելով միջիցը ճղուեցաւ, եւ նորա բոլոր փորը դուրս թափուեցաւ: 19  Եւ յայտնի եղաւ Երուսաղէմի բոլոր բնակիչներին. մինչեւ որ այն ագարակի անունն իրանց լեզուովը Ակեղդամա կոչուեցաւ. այսինքն Արիւնի ագարակ: 20  Որովհետեւ Սաղմոսների գրքումն գրուած է, թե Նորա բնակութիւնը ավերակ պիտի լինի, եւ նորան բնակող չ’լինի. եւ նորա պաշտոնն ուրիշն առնէ: 21  Հիմա պէտք է այս մարդկանցիցը, որ մեզ հետ են եղել այն բոլոր ժամանակը, որ Տէր Յիսուսը մեզ հետ մտաւ եւ դուրս ելաւ, 22  Յովհաննէսի մկրտութիւնիցն սկսած մինչեւ այն օրը, որ մեզանից վերացաւ, սորանցից մէկը մեզ հետ վկայ լինի նորա յարութեանը: 23  Եւ երկու հոգի կանգնեցրին՝ Յովսէփին՝ որ Բարսաբա է կոչվում, որ Յուստոս անվանուեցաւ, եւ Մատաթիային: 24  Եւ աղօթք անելով ասեցին. Դու, Տէր, ամենի սրտագէտ. այս երկուսից մէկը յայտնիր, որին ընտրեցիր, 25  Որ այս պաշտոնի եւ առաքելութեան վիճակն առնէ, որից Յուդան ընկաւ՝ իր տեղը գնալու համար: 26  Եւ նորանց վերայ վիճակ գցեցին, եւ վիճակն ընկաւ Մատաթիայի վերայ, եւ նա տասնեւմէկ առաքեալների հետ համարուեցաւ:

Ծանոթագրություններ