Գործեր 13։1-52

13  Եւ Անտիոքումն՝ այն տեղի եկեղեցու մէջ կային մի քանի մարգարէներ. Բառնաբասը եւ Նիւգէր ասուած Շմաւոնը, եւ Ղուկիոս Կիւրենացին, եւ Հերովդէս չորրորդապետի սննդակից Մանայէնը, եւ Սօղոսը:  Սորանք երբոր Տիրոջը պաշտօն էին մատուցանում եւ ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասեց. Ինձ համար որոշեցէք Բառնաբասին եւ Սօղոսին այն գործի համար, որ ես դորանց կանչել եմ:  Այն ժամանակ ծոմ պահեցին եւ աղօթք արին, նորանց վերայ ձեռք դրին՝ արձակեցին:  Եւ նորանք էլ Սուրբ հոգուցն ուղարկուած՝ իջան Սելեւկիա, եւ այն տեղից նաւով գնացին Կիպրոս:  Եւ Սաղամինա հասնելով Աստուծոյ խօսքը պատմում էին Հրէաների ժողովարաններումը. Յովհաննէսին էլ սպասաւոր ունէին:  Ման եկան կղզին մինչեւ Պափոս. եւ մի մոգ գտան՝ սուտ մարգարէ Հրէայ, որի անունը Բարեյեսու էր:  Որ փոխանորդ բդեշխ Սերգիոս Պօղոսի, իմաստուն մարդի, հետ էր. սա Բառնաբասին եւ Սօղոսին իրան մօտ կանչելով ուզում էր որ Աստուծոյ խօսքը լսէ:  Բայց նորան հակառակ կացաւ Եղիմաս մոգը. որովհետեւ այսպէս է թարգմանվում նորա անունը. սա ուզում էր փոխանորդ բդեշխին հաւատքիցը փոխել:  Բայց Սօղոսը, որ Պօղոսն է՝ Սուրբ Հոգով լցուած մտիկ տուաւ նորան, 10  Եւ ասեց. Ով ամեն խաբեբայութիւնով եւ ամեն խորամանկութիւնով լցուած սատանայի որդի, ամեն արդարութեան թշնամի. դու չե՞ս դադարում Տիրոջ ուղիղ ճանապարհները ծռելուց: 11  Եւ ահա հիմա Տիրոջ ձեռքը քեզ վերայ է, եւ կոյր կ’լինես որ չ’տեսնես արեգակը՝ մինչեւ մի ժամանակ. եւ իսկոյն մութ եւ խաւար ընկաւ նորա վերայ, եւ ման գալով ձեռք բռնող մարդիկ էր որոնում: 12  Այն ժամանակ փոխանորդ բդեշխն երբոր տեսաւ այդ եղածը, հաւատաց, եւ Տիրոջ վարդապետութեան վերայ զարմացաւ: 13  Եւ Պօղոսը եւ հետը լինողները Պափոսից դուրս ելան՝ եկան Պամփիւլիայի Պերգէն. բայց Յովհաննէսը նորանցից բաժանուեց ետ դառաւ Երուսաղէմ: 14  Եւ նորանք Պերգէից գնացին՝ եկան Պիսիդիայի Անտիոքը. եւ շաբաթ օրը ժողովարանը մտան նստեցին: 15  Եւ օրէնքն ու մարգարէները կարդալուց յետոյ, ժողովրդապետները նորանց մօտ ուղարկեցին եւ ասեցին. Մարդիկ եղբարք, եթէ դուք այդ ժողովրդին համար յորդորական խօսքեր ունիք՝ խօսեցէք: 16  Պողոսն էլ վերկացաւ՝ ձեռքը շարժեց եւ ասեց. Ով Իսրայէլացի մարդիկ, եւ դուք՝ որ Աստուածանից վախենում էք, լսեցէք: 17  Այս Իսրայէլ ժողովրդի Աստուածը ընտրեց մեր հայրերին. եւ ժողովուրդը բարձրացրեց պանդխտութիւնումն Եգիպտոսի երկրի մէջ. եւ բարձր բազուկով նորանց այնտեղից դուրս հանեց: 18  Եւ քառասուն տարու չափ ժամանակ նորանց կերակրեց անապատումը: 19  Եւ Քանանի երկրումը եօթն ազգեր խորտակեց եւ նորանց երկիրը նորանց ժառանգել տուաւ: 20  Եւ սորանից իբր չորս հարիւրեւյիսուն տարի յետո նորանց դատաւորներ տուաւ մինչեւ Սամուէլ մարգարէն: 21  Եւ ապա թագաւոր ուզեցին, եւ Աստուած տուաւ նորանց Կիսի որդի Սաւուղը՝ մի մարդ Բենիամինի ցեղիցը, քառասուն տարի: 22  Եւ նորան փոխելով, Դաւիթին նորանց համար թագաւոր կանգնեցրեց, որ նորա համար էլ վկայութիւն տուաւ եւ ասեց. Յեսսէի որդի Դաւիթին գտայ իմ սրտի պէս մարդ, որ նա իմ բոլոր կամքը կ’անէ: 23  Սորա զաւակիցն Աստուած իր խոստմունքի պէս Իսրայէլացիների համար Յիսուս Փրկիչը վերկացրեց: 24  Որ Յովհաննէսը՝ նորա գալուց* առաջ, կանխաւ ապաշխարութեան մկրտութիւնը քարոզեց Իսրայէլի բոլոր ժողովրդին: 25  Եւ երբոր Յովհաննէսը վերջացնում էր իր ընթացքը՝ ասում էր. Ինձ համար ո՞վ էք կարծում որ լինեմ. ես այն չեմ. բայց ահա իմ ետեւից գալիս է նա, որ ես չեմ արժանի նորա ոտների կօշիկն արձակելու: 26  Մարդիկ եղբարք, Աբրահամի ցեղի որդիքներ, եւ ով որ ձեզանում աստուածավախ են. ձեզ ուղարկուեցաւ այս փրկութեան խօսքը: 27  Որովհետեւ Երուսաղէմում բնակողները, եւ նորանց իշխանները՝ չ’ճանաչեցին նորան, եւ ոչ էլ մարգարէների ձայները՝ որ ամեն շաբաթ օրեր կարդացվում են. այլ դատապարտելով կատարեցին: 28  Եւ թէպէտ մի մահի պատճառ չ’գտան, Պիղատոսիցն ուզեցին որ նա սպանուի: 29  Եւ երբոր այն ամենը որ նորա համար գրուած էր, կատարեցին, փայտիցը վար բերին, դրին գերեզման: 30  Բայց Աստուած նորան մեռելներից յարութիւն տուաւ, որ շատ օրերով երեւեցաւ նորանց, 31  Որ նորա հետ Գալիլեայից ելել էին Երուսաղէմ, որոնք նորա համար վկաներ են ժողովրդի առաջին: 32  Եւ մենք աւետարանում ենք ձեզ այն խոստմունքը, որ հայրերին եղած էր. 33  Որ Աստուած այն կատարեց մեզանում՝ որ նորանց որդիքն ենք, Յիսուսին յարուցանելով. ինչպէս երկրորդ սաղմոսումն գրուած է. Դու իմ Որդին ես. ես այսօր ծնեցի քեզ: 34  Եւ թէ մեռելներից յարութիւն տուաւ նորան, որ էլ չ’պիտի դառնայ ապականութեան մէջ՝ այսպես ասեց. թէ Ձեզ կ’տամ Դավիթի հաւատարիմ սուրբ խոստմունքները: 35  Որովհետեւ ուրիշ տեղում էլ ասում է. Քո սուրբին ապականութիւն տեսնել չես տալ: 36  Բայց Դաւիթն իր դարումը ծառայեց Աստուծոյ կամքին, եւ ննջեց, եւ իր հայրերի հետ դրուեցաւ եւ ապականութիւն տեսաւ: 37  Բայց նա, որին Աստուած յարութիւն տուաւ, ապականութիւն չ’տեսաւ: 38  Արդ թող յայտնի լինի ձեզ, մարդիկ եղբարք, որ սորանով մեղքերի թողութիւն է աւետարանվում ձեզ. 39  Եւ այն ամեն բաներիցը, որ Մովսէսի օրէնքովը չ’կարողացաք արդարանալ, սորանով ամեն հաւատացողը կ’արդարանայ: 40  Արդ զգոյշ կացէք՝ որ չ’լինի թէ ձեզ վերայ գայ մարգարէներից ասուածը թէ 41  Տեսէք, անարգողներ, եւ զարմացէք եւ փճացէք. որ ես մի գործ եմ գործում ձեր օրերումը. մի գործ, որ նորան չէք հաւատալ եթէ մէկը պատմէ ձեզ: 42  Եւ երբոր այնտեղից դուրս եկան, աղաչում էին* որ միւս շաբաթումն էլ այն բանը խօսեն իրանց համար: 43  Երբոր ժողովուրդն արձակուեցաւ, Հրէաներից՝ եւ նորահաւատ բարեպաշտ մարդկանցից շատերը գնում էին Պօղոսի եւ Բառնաբասի ետեւից. որոնք նորանց հետ խօսելով նորանց համոզում էին որ շարունակեն Աստուծոյ շնորհքի մէջ կենալ: 44  Եւ հետեւեալ շաբաթ օրն, համարեա թէ բոլոր քաղաքը հաւաքուեցաւ՝ Աստուծոյ խօսքը լսելու: 45  Երբոր Հրէաներն ամբոխը տեսան՝ նախանձով լցուեցան եւ Պօղոսից ասուած խոսքերին դէմ խօսելով հակառակում եւ հայհոյում էին: 46  Պօղոսը եւ Բառնաբասն էլ համարձակութեամբ ասում էին. Առաջ պէտք է որ Աստուծոյ բանը ձեզ խօսուէր. բայց որովհետեւ դուք մերժում էք նորան եւ արժան չէք համարում ձեզ յաւիտեական կեանքին, ահա դէպի հեթանոսներն ենք դառնում: 47  Որովհետեւ Տէրն այսպէս պատուիրեց մեզ թէ Քեզ հեթանոսների լոյս դրի, որ դու փրկութիւն լինես մինչեւ երկրի ծայրերը: 48  Հեթանոսներն այս լսելով ուրախանում էին. եւ Տիրոջ խօսքը փառաւորում էին. եւ հաւատացին քանիսը որ կարգուած էին դէպի յաւիտենական կեանքը:. 49  Եւ Տիրոջ խօսքը տարածվում էր այն բոլոր գաւառը: 50  Բայց Հրէաները գրգռեցին բարեպաշտ եւ պատուաւոր կանանցը եւ քաղաքի գլխաւորներին, եւ հալածանք վերկացնելով Պօղոսի եւ Բառնաբասի վերայ՝ նորանց դուրս արին իրանց սահմաններիցը: 51  Եւ նորանք իրանց ոտների փոշին թօթափեցին նորանց վերայ, եւ եկան Իկոնիոն: 52  Եւ աշակերտները լցվում էին ուրախութիւնով՝ եւ Սուրբ Հոգով:

Ծանոթագրություններ

13։24 Կամ՝ մտնելուց։
13։42 Ոմանք՝ աղաչում էին Հեթանոսները։