Գործեր 17։1-34

17  Եւ Ամփիպօլիսի եւ Ապողոնիայի միջովը ման գալով՝ եկան Թեսաղոնիկէ, ուր էր Հրէաների ժողովարանը:  Եւ Պօղոսը սովորութեանը պէս մտաւ նորանց մօտ, եւ երեք շաբաթ օրեր նորանց հետ խօսեց գրքերիցը.  Բաց էր անում՝ եւ առաջներին դնում, թէ պէտք էր Քրիստոսը չարչարուէր՝ եւ մեռելներիցը յարութիւն առնէր. եւ թէ Քրիստոսը այս Յիսուսն է որ ես պատմում եմ ձեզ:  Եւ նորանցից ոմանք հաւատացին, եւ Պօղոսի եւ Շիղայի հետ միացան. եւ Աստուածավախ Յոյներից էլ շատ բազմութիւն, եւ գլխավոր կանանցից էլ ոչ սակաւ:  Բայց չ’հաւատացող Հրէաները նախանձելով եւ փողոցից մի քանի անպիտան մարդիկ առնելով աղմուկ արին եւ քաղաքի մէջ շփոթութիւն շինեցին. ե Յասոնի տան վերայ յարձակելով՝ ուզում էին, որ նորանց տանեն հրապարակը:  Եւ երբոր չ’գտան նորանց՝ Յասոնին եւ մի քանի եղբայրներին քաշելով տանում էին քաղաքապետների մօտ, եւ սաստիկ աղաղակում՝ թէ այս աշխարհքը շփոթեցնողներն այստեղ էլ հասան.  Որոնց Յասոնն ընդունել է. եւ սորանք ամենքը կայսեր հրամաններին հակառակ են գործում, ասելով թէ մի ուրիշն է թագաւոր՝ Յիսուսը:  Եւ շփոթեցրին ժողովրդին եւ քաղաքապետներին, որ լսում էին այս բաները:  Եւ Յասոնիցն ու ուրիշներիցն երաշխաւորութիւն առան, եւ նորանց արձակեցին: 10  Բայց եղբայրները Պօղոսին եւ Շիղային շուտով գիշերանց ճանապարհ գցեցին դէպի Բերիա. որ երբոր այնտեղ հասան, գնացին Հրէաների ժողովարանը: 11  Բայց սորանք աւելի ազնիւ էին քան թէ նորանք՝ որ Թեսաղոնիկէումն էին. որ խօսքը բոլոր յոժարութեամբ ընդունեցին. ամեն օր Գրքերը քննում էին, թէ այս այսպէ՞ս է: 12  Եւ նորանցից շատերը հաւատացին. եւ Յոյն պատուաւոր կանանցից եւ մարդկանցից էլ ոչ սակաւ: 13  Բայց երբոր Թեսաղոնիկէի Հրէաները գիտացին, թէ Բերիայի մէջ էլ Աստուծոյ Խօսքը պատմուեցաւ Պօղոսից, այնտեղ էլ եկան՝ ժողովուրդները գրգռելով: 14  Այն ժամանակ եղբայրները Պօղոսին շուտով ուղարկեցին՝ որ մինչեւ ծովը գնայ. եւ Շիղան եւ Տիմոթէոսն այնտեղ մնացին: 15  Եւ Պօղոսին տանողները նորան մինչեւ Աթէնք տարան. եւ պատուէր առնելով Շիղայի եւ Տիմոթէոսի համար՝ որ շուտով գան նորա մօտ, գնացին: 16  Եւ երբոր Պօղոսը Աթէնքումը նորանց սպասում էր, նորա հոգին սաստիկ զայրանում էր իրանում, որ տեսնում էր քաղաքը կուռքերով լիքը. 17  Եւ խօսում էր ժողովարանումը Հրէաների եւ բարեպաշտ մարդկանց հետ եւ փողոցումն ամեն օր պատահողների հետ: 18  Եպիկուրյան եւ Ստոյիկեան փիլիսոփաներից ոմանք նորա հետ հակառակում էին. եւ ոմանք ասում էին. Այս սերմնաքաղն ի՞նչ է ուզում ասել. բայց ուրիշներն էլ. Երեւում է, որ օտար աստուածների քարոզիչ է. որովհետեւ Յիսուս եւ յարութիւն էր աւետարանում: 19  Եւ առան նորան տարան Արիսպագոսն՝ ասելով. Կարո՞ղ ենք իմանալ, թէ ի՞նչ է քո խօսած նոր վարդապետութիւնը. 20  Որովհետեւ օտար բաներ ես բերում մեր ականջներին. հիմա կամենում ենք իմանալ՝ թէ դորանք ի՞նչ պիտի լինին: 21  Որովհետեւ բոլոր Աթենացիք եւ այն տեղ կենող օտարները՝ ուրիշ ոչ մի բան չէին պարապում, բայց միայն որ նոր բան ասեն կամ լսեն: 22  Պօղոսն էլ կանգնեց Արիսպագոսի միջին եւ ասեց. Ով աթենացի մարդիկ, ես ձեզ ամեն կերպով կրօնասէր եմ տեսնում. 23  Որովհետեւ ման գալիս եւ ձեր պաշտամունքներին մտիկ տալիս, մի սեղան էլ գտայ , որի վերայ գրուած էր, ԱՆԾԱՆՕԹ ԱՍՏՈՒԾՈՒՆ. այն որ դուք առանց ճանաչելու պաշտում էք. ես նորան եմ պատմում ձեզ: 24  Այն Աստուածը որ աշխարհքս եւ ամեն բան՝ որ նորանում կայ՝ արաւ, նա երկնքի եւ երկրիս Տէրը լինելով ձեռագործ տաճարներում չէ բնակվում: 25  Եւ ոչ էլ մարդկանց ձեռով է պաշտվում իբր թէ մի բան կարօտ. նա է ամենի կեանք եւ շունչ՝ եւ ամեն բան տուողը: 26  Եւ նա մէկ արիւնից մարդկանց բոլոր ազգերն արաւ, որ երկրի բոլոր երեսի վերայ բնակուեն. որոշուած ժամանակներ եւ նորանց բնակութեան սահմանները հաստատեց, որ Աստուծուն խնդրեն. 27  Որ լինի թէ խարխափեն նորան եւ գտնեն. թէ եւ ինքը հեռու չէ մեր ամեն մէկիցը: 28  Որովհետեւ մենք նորանով ենք ապրում եւ շարժվում եւ կանք. ինչպէս ձեր բանաստեղծներից ոմանք էլ ասեցին, թէ նորա ազգիցն ենք: 29  Արդ որովհետեւ Աստուծոյ ազգիցն ենք, պէտք չէ համարենք, թէ Աստուածութիւնը նման լինի ոսկու կամ արծաթի կամ քարի՝ մարդի վարդապետութեամբ կամ մտքով քանդակուած: 30  Բայց Աստուած տգիտութեան ժամանակներն անտես անելով, հիմա մարդկանց պատուիրում է, ամենին ամեն տեղ ապաշխարել: 31  Մէկ օր հաստատեց որ նորանում աշխարհքս արդարութեամբ պիտի դատէ այն մարդի ձեռովը, որ սահմանեց նորանով ամենին հաւատք տալ, որին մեռելներից յարութիւն տուաւ: 32  Երբոր լսեցին մեռելների յարութիւնը, ոմանք ծաղր էին անում. ոմանք էլ ասում էին, այդ բանի համար քեզանից դարձեալ կ’լսենք: 33  Եւ այսպէս Պօղոսը նորանց միջիցը դուրս եկաւ: 34  Բայց մի քանի մարդիկ նորանց կողմն անցնելով հաւատացին. որոնց հետ էր Դիոնեսիոս Արիսպագացին, եւ մի կին՝ անունը Դամարիս, եւ ուրիշներ էլ նորանց հետ։

Ծանոթագրություններ