Գործեր 2։1-47

2  Եւ երբոր Պենտէկոստէի օրերը լրացան, ամենքը միաբան մէկտեղ էին:  Եւ յանկարծակի երկնքիցը մի հնչիւն եղաւ՝ սաստիկ փչող քամու պէս, եւ լցրեց բոլոր տունը՝ ուր նստած էին:  Եւ երեւեցան նորանց բաժանուած լեզուներ ինչպէս կրակից. եւ նստեց նորանց ամեն մէկի վերայ:  Եւ ամենքը Սուրբ Հոգով լցուեցան, եւ սկսեցին ուրիշ լեզուներով խօսել , ինչպէս որ Հոգին նորանց խօսել էր տալիս:  Եւ Երուսաղէմումը բնակուած էին Հրէաներ՝ Աստուածավախ մարդիկ՝ երկնքի տակի ամեն ազգերից:  Եւ երբոր այս ձայնը եղաւ, բազմութիւնն եկաւ մէկտեղ եւ կիտուեցաւ. որովհետեւ ամեն մէկը լսում էր նորանց, որ իր լեզուովը խօսում էին:  Եւ ամենքը հիանում էին եւ զարմանում, եւ իրար ասում էին. Չէ՞ որ ահա սորանք ամենքը, որ խօսում են, Գալիլեացի են:  Եվ ի՞նչպէս մենք ամեն մեկս մեր լեզուովը լսում ենք որ նորանում ծնուած ենք.  Պարթեւներ եւ Մարք եւ Եղամացիք, եւ բնակողներ Միջագետի, Հրէաստանի եւ Կապադովկիայի, Պոնտոսի եւ Ասիայի մէջ, 10  Փռիւգիայի եւ Պամփիւլիայի մէջ, Եգիպտոսումը, եւ Լիբիացիների կողմերումը Կիւրենէի մօտ, 11  եւ նորաեկ Հռովմայեցիներ, Հրէացիներ եւ նորահաւատներ, Կրետացիներ եւ Արաբացիներ, լսում ենք, որ նորանք մեր լեզուներովը Աստուծոյ մեծամեծ բաները խօսում են: 12  Եւ հիանում էին ամենքը եւ զարմանում, եւ մէկը միւսին ասում էին, Սա ի՞նչ պիտի լինի: 13  Իսկ ուրիշները ծաղր անելով ասում ին, Քաղցուով արբած են: 14  Եւ Պետրոսը վերկացաւ այն տասնեւմէկի հետ, իր ձայնը բարձրացրեց, եւ նորանց հետ խօսեց. Ով Հրէաստանցի մարդիկ, եւ ամենքդ՝ որ բնակուած էք Երուսաղէմումը, սա ձեզ յայտնի լինի, եւ իմ խօսքերին ականջ դրէք: 15  Որովհետեւ չէ թէ ինչպէս դուք էք կարծում, սորանք արբած են. որովհետեւ օրուայ երրորդ ժամն է: 16  Այլ սա Յովէլ մարգարէի ձեռովն ասուածն է, 17  Եւ կ’լինի յետի օրերումը, ասում է Աստուած, որ իմ Հոգուցը կ’թափեմ ամեն մարմնի վերայ, եւ ձեր որդիները եւ ձեր աղջիկները կը մարգարէանան. եւ ձեր երիտասարդները տեսիլքներ կ’տեսնեն, եւ ձեր ծերերը երազներ կ’տեսնեն։ 18  Եւ իմ ծառաների վերայ եւ իմ աղախինների վերայ էլ այն օրերումն իմ Հոգուցը կ’թափեմ, եւ կ’մարգարէանան: 19  Եւ նշաններ կ’տամ վերեւը երկնքումը, եւ նշաններ ներքեւը երկրումը, արիւն եւ կրակ եւ ծխի մառախուղ: 20  Արեգակը խաւար կ’դառնայ, եւ լուսինն արիւն, Տիրոջ մեծ եւ երեւելի օրը դեռ չ’եկած: 21  Եւ կ’լինի, ամեն ով որ Տիրոջ անունը կ’կանչէ՝ կ’փրկուի: 22  Ով Իսրայէլացի մարդիկ, այս խօսքերը լսեցէք. Յիսուս Նազովրեցին՝ այն մարդը՝ որ Աստուածանից ցոյց տրուեցաւ ձեզանում զօրութիւններով եւ հրաշքներով եւ նշաններով, որ Աստուած նորա ձեռովն արաւ ձեր միջումը. ինչպէս դուք էլ գիտէք. 23  Նորան, որ Աստուծոյ սահմանուած խորհրդովը եւ կանխագիտութիւնովը մատնուած էր, առաք անօրէնների ձեռով փայտի վերայ բեւեռած, սպանեցիք. 24  Որին Աստուած յարութիւն տուաւ մահի ցաւերը լուծելով. որովհետեւ կարելի չէր, որ նա բռնուի նորանից: 25  Վասնզի Դաւիթն ասում է նորա համար. Առաջուց տեսնում էի Տիրոջն ամեն ժամանակ իմ առաջին. որ իմ աջ կողմն է, որ չ’սասանիմ: 26  Սորա համար իմ սիրտն ուրախ եղաւ, եւ լեզուս ցնծացաւ, եւ իմ մարմինն էլ յուսով կ’բնակուէ: 27  Որովհետեւ իմ անձը չես թողիլ գերեզանումը*, եւ ոչ էլ քո Սուրբին ապականութիւն տեսնել կ’տաս: 28  Կեանքի ճանապարհները ճանաչեցրիր ինձ. քո երեսի ուրախութիւնովը կ’լցնես ինձ: 29  Մարդիկ եղբարք, պէտք է համարձակութեամբ ասեմ ձեզ Դաւիթ նահապետի համար. թէ նա մեռաւ էլ՝ թաղուեցաւ էլ. եւ նորա գերեզմանը մինչեւ այսօր մեր միջումն է: 30  Իսկ որովհետեւ մարգարէ էր, եւ գիտէր, որ Աստուած երդումով երդուաւ նորան, որ նորա երանքի պտղիցը մարմնի կողմանէ յարուցանէ Քրիստոսին նորա աթոռի վերայ նստեցնելու համար. 31  Առաջուց իմացած՝ խօսեց Քրիստոսի յարութեան համար, թէ՝ նորա անձը գերեզմանումը չ’թողուեցաւ՝ եւ ոչ էլ նորա մարմինն ապականութիւն տեսաւ: 32  Սոյն այս Յիսուսին Աստուած յարութիւն տուաւ որի վկաներն ենք մենք ամենքս: 33  Արդ Աստուծոյ աջովը բարձրացած, եւ Սուրբ Հոգու խոստմունքը Հօրիցն առած, թափեց այս, որ դուք հիմա տեսնում եւ լսում էք: 34  Որովհետեւ ոչ թէ Դաւիթն վեր ելաւ երկինքը. բայց ինքն ասում է, Տէրն իմ Տիրոջն ասաց. Իմ աջ կողմին նստիր, 35  Մինչեւ քո թշնամիները քո ոտների պատուանդան դնեմ: 36  Հիմա թող ստոյգ գիտենայ Իսրայէլի բոլոր տունը, որ Աստուած նորան Տէր եւ Օծեալ արաւ, սոյն Յիսուսին, որին դուք խաչեցիք: 37  Եւ երբոր այս լսեցին, իրանց սրտերումը զղջացին. եւ ասեցին Պետրոսին եւ միւս առաքեալներին, Ի՞նչ անենք, մարդիկ եղբարք: 38  Պետրոսն էլ նորանց ասեց. Ապաշխարեցէք՝ եւ ձեզանից ամեն մէկը թող մկրտուի Յիսուս Քրիստոսի անունովը՝ մեղքերի թողութեան համար, եւ Սուրբ Հոգու պարգեւը կ’ընդունիք: 39  Որովհետեւ ձեզ եւ ձեր որդկանց համար է այս խոստմունքը, եւ այն ամեն հեռավորների համար, որոնց մեր Տէր Աստուածը կ’կանչէ: 40  Եւ ուրիշ շատ խօսքերով վկայութիւն էր դնում, եւ յորդորում եւ ասում. Ազատուեցէք այս թյուր ազգիցը: 41  Եւ նորանք որ նորա խօսքը յօժարութեամբ ընդունեցին՝ մկրտուեցան. եւ այն օրը երեք հազարի չափ հոգիք աւելացան: 42  Եւ միշտ հետեւում էին առաքեալների վարդապետութեանը եւ հաղորդութեանը եւ հացի կտրելին՝ եւ աղօթքներին: 43  Եւ ամեն անձի վերայ վախ եկաւ. շատ հրաշքներ եւ նշաններ էլ էին գործվում առաքեալների ձեռովը: 44  Եւ բոլոր հաւատացեալներն իրար հետ մէկտեղ էին, եւ ամեն բան հասարակաց ունէին: 45  Եւ ապրանքները եւ բոլոր բաները ծախում էին, եւ բաշխում էին այն ամենին, ում ինչ բան որ պէտք էր լինում: 46  Ամեն օր միաբանութեամբ տաճարումն էին լինում, եւ հաց էին կտրում տներումը, եւ ուրախութիւնով եւ սրտի միամտութիւնով կերակուր էին ուտում. 47  Աստծուն օրհնում էին, եւ բոլոր ժողովրդի առաջին շնորհք ունէին. եւ Տէրն ամեն օր փրկուածներին աւելացնում էր եկեղեցու հետ:

Ծանոթագրություններ

2։27 Կամ՝ մեռելների բնակարանումը. Գրաբ. դժոխքումը։