Գործեր 22։1-30
22 Մարդիկ եղբայրներ եւ հայրեր, հիմա իմ ձեզ պատասխան տալուս լսեցէք:
2 Եւ երբոր լսեցին թէ Եբրայեցիների լեզուով էր նորանց հետ խօսում, էլ աւելի լուռ կացին:
3 Եւ նա ասեց. Ես Հրէայ մարդ եմ Կիլիկիայի Տարսօնումը ծնուած՝ այս քաղաքումը մեծացած, Գամաղիէլի ոտքի մօտ, հայրենական օրէնքի ճշմարտութեան պէս վարժուած. Աստուծոյ մասին նախանձաւոր էին՝ ինչպէս այսօր դուք ամենքդ էք:
4 Որ այս ճանապարհը հալածեցի մինչեւ ի մահ. որ մարդկանց եւ կանանց կապում էի եւ մատնում բանտերի մէջ:
5 Ինչպէս քահանայապետն էլ ինձ վկայում է՝ եւ ծերերի բոլոր ժողովն էլ. որոնցից թղթեր էլ առած գնում էի Դամասկոս եղբայրների մօտ, որ այնտեղ լինողներին էլ կապած բերեմ Երուսաղէմ, որ պատժուին:
6 Եւ եղաւ որ երբ ես գնալիս Դամասկոսին մօտենում էի, կէս օրուայ դէմ յանկարծակի երկնքիցը մի սաստիկ լոյս փայլեց չորս կողմովը:
7 Եւ ես վայր ընկայ գետինը, եւ մի ձայն լսեցի՝ որ ասում էր ինձ. Սաւուղ՝ Սաւուղ, ինձ ի՞նչու ես հալածում:
8 Եւ ես պատասխանեցի, Տէր՝ դու ո՞վ ես. եւ նա ինձ ասեց. Ես Յիսուս Նազովրեցին եմ՝ որին դու հալածում ես:
9 Բայց ինձ հետ լինողները լոյսը տեսնում էին եւ վախով լեցվում էին, բայց ինձ հետ խօսողի ձայնը չէին լսում:
10 Եւ ես ասեցի, Ի՞նչ անեմ՝ Տէր. եւ Տէրն ասեց ինձ, վեր կաց՝ գնա Դամասկոս, եւ այնտեղ կ’ասուի քեզ ամեն բանի համար, որ քեզ համար որոշուած է անել:
11 Եւ երբոր այն լոյսի փառքիցը չէի տեսնում, ինձ հետ լինողները ձեռքիցս բռնեցին՝ եւ ես մտայ Դամասկոս:
12 Եւ մի Անանիա մարդ՝ օրէնքի համեմատ աստուածավախ, որ Դամասկոսումը բնակող բոլոր Հրէաներիցը բարի վկայութիւն ունէր,
13 Նա եկաւ ինձ մօտ կանգնեց եւ ասեց. Սաւուղ եղբայր, վեր նայիր:
14 Եւ ես նոյն ժամումն վեր նայեցի դէպի նա եւ նա ինձ ասեց. Մեր հայրերի Աստուածն առաջուց քեզ ընտրեց, որ նորա կամքը ճանաչես, եւ այն Արդարին տեսնես, եւ նորա բերանիցը ձայն լսես.
15 Որովհետեւ նորա համար վկա կ’լինես բոլոր մարդկանց առաջին այն բաների համար, որ տեսար եւ լսեցիր:
16 Եւ հիմա ի՞նչու ես ուշանում, վեր կաց մկրտուիր եւ քո մեղքերը լուա Տիրոջ անունը կանչելով:
17 Եւ եղաւ երբոր ես ետ դառայ Երուսաղէմ, եւ տաճարումն աղօթք էի անում, մտքի յափշտակութիւն ինձ բռնեց.
18 Եւ ես նորա տեսայ որ ինձ ասում էր. Շտապիր շուտ դուրս եկ Երուսաղէմից. որոիվհետեւ չեն ընդունիլ քո վկայութիւնը, որ ինձ համար տալիս ես:
19 Եւ ես ասեցի. Տէր՝ նորանք գիտեն՝ որ ես բանտն էի դնում եւ ժողովարաններումը ծեծում էի քեզ հաւատացողներին.
20 Եւ երբոր քո Ստեփաննոս վկայի արիւնը թափվում էր, ես ինքս նորա մօտ կանգնած էի, եւ նորա սպանմանը կամակից էի, եւ նորա սպանողների հանդերձները պահում էի:
21 Եւ նա ասեց ինձ. Գնա, որովհետեւ ես քեզ հեռու հեթանոսների մէջ կ’ուղարկեմ:
22 Եւ մինչեւ այս խօսքն ականջ էին դնում նորան. եւ իրանց ձայները բարձրացրին՝ եւ ասեցին. Այդպիսի մարդին երկրիցս վեր առ. որովհետեւ պէտք չէ դա ապրի:
23 Եւ երբոր նորանք աղաղակում էին եւ հանդերձները վեր գցում, եւ փոշին օդի մէջ ցանում,
24 Հազարապետը հրամայեց, որ նա բերդը տարուի. ասելով թէ պէտք է ծեծելով հարցնել նորան, որ իմանամ, թէ ինչ յանցանքի համար էին նորա վերայ այնպէս աղաղակում:
25 Եւ երբոր նորան կաշէ փոկերով պինդ կապեցին, Պօղոսն ասեց մօտը կանգնած հարիւրապետին թէ Արժա՞ն է որ դուք Հռովմայեցի եւ չ’դատապարտուած մարդին ծեծէք:
26 Եւ երբոր լսեց հարիւրապետը, մօտեցաւ հազարապետին պատմեց եւ ասեց. Զգուշացիր թէ ինչ ես կամենում անել, որովհետեւ այս մարդը Հռովմայեցի է:
27 Եւ հազարապետը մօտ եկաւ եւ նորան ասեց. Ասիր ինձ թէ դու Հռովմայեցի՞ ես. եւ նա ասեց. Այո.
28 Եւ հազարապետը պատասխանեց թէ Ես շատ փողով ստացայ այս քաղաքացիութիւնը, եւ Պօղոսը ասեց. Ես հենց դորանում ծնուած եմ:
29 Եւ նորանք՝ որ նորան ծեծելով հարցաքննելու էին, շուտով հեռացան նորանից. եւ հազարապետն էլ վախեցաւ երբոր իմացաւ թէ Հռովմայեցի է. որովհետեւ կապել էր նորան:
30 Եւ հետեւեալ օրը կամենալով ճշմարիտն իմանալ, թէ ի՞նչ է Հրէաների ամբաստանութիւնը, նորան արձակեց կապերիցը եւ հրամայեց որ քահանայապետները եւ բոլոր ատեանը կանչեն. եւ Պօղոսին էլ բերաւ նորանց մէջ կանգնեցրեց: