Գործեր 24։1-27

24  Եւ հինգ օրից յետոյ Անանիա քահանայապետը ծերերի եւ մի ճարտարախօս Տերտիւղոս անուն մարդի հետ իջաւ, եւ իմաց արին կուսակալին Պօղոսի համար:  Եւ երբոր նորան կանչեց, Տերտիւղոսը սկսեց ամբաստանել եւ ասել.  Որովհետեւ քեզանով շատ խաղաղութիւն ենք գտել՝ եւ այս ազգի համար շատ բաների կարգադրութիւն է եղել քո խնամք տանելովը, ամեն կերպով եւ ամեն տեղ շատ գոհութեամբ շնորհակալ ենք քեզանից, ով պատուական Փելիքս:  Բայց որպեսզի աւելի նեղութիւն չ’տամ քեզ, աղաչում եմ՝ որ համառօտաբար լսես մեզ քո հեզութեամբ:  Որովհետեւ մենք գտանք այս մարդին որ ապականիչ եւ խռովարար է այն ամեն Հրէաներին, որ բոլոր աշխարհքումը կան. եւ Նազովրեցիների աղանդի* առաջնորդն է.  Որ տաճարն էլ ուզեց պղծել. որին բռնեցինք էլ. եւ մեր օրէնքի պէս ուզեցինք դատաստան էլ անել:  Բայց Լիւսիաս հազարապետն եկաւ՝ եւ մեծ բռնութեամբ մեր ձեռքերիցը հանեց,  Հրամայելով որ նորա դատախազներն էլ գան քեզ մօտ. որ դու վերաքննելով կարող ես տեղեկանալ այն ամեն բանի համար, որ մենք գանգատում ենք դորանից:  Հրէաներն էլ միաբան եղած ասեցին, թէ Այդպէս է: 10  Պօղոսն էլ պատասխանեց՝ երբոր կուսակալը նորան ակնարկեց որ խօսէ. Գիտենալով որ դու շատ տարուց հետէ այս ազգի դատաւորն ես, աւելի յոժարութեամբ իմ մասին պատասխան եմ տալիս: 11  Որովհետեւ դու կարող ես գիտենալ, որ տասներկու օրից աւելի չէ՝ որ ես եկայ երկրպագութիւն անել Երուսաղէմումը: 12  Եւ ոչ տաճարումն են գտել ինձ մի մարդի հետ խօսելիս, կամ շատ մարդ մէկտեղ հաւաքելիս, եւ ոչ ժողովարանումը, 13  Եւ ոչ էլ քաղաքումը. եւ ոչ էլ կարող են քո առաջին ցոյց տալ այն, որոնց համար հիմա ամբաստանում են ինձանից: 14  Բայց սա եմ խոստովանում քեզ, թէ այն ճանապարհովն՝ որ ասում են հերձուած, այնպէս պաշտում եմ հայրենական Աստուծուն, ամեն բաների հաւատալով՝ որ օրէքումը եւ մարգարէներումը գրուած է. 15  Յուսալով այն Աստուծուն որին դորանք էլ սպասում են, թէ արդարների եւ մեղաւորների յարութիւն պիտի լինի: 16  Որ հենց սորա համար ինքս ջանք եմ անում, որ ամեն ժամ մաքուր խղճմտանք ունենամ Աստուծոյ առաջին եւ մարդկանց առաջին: 17  Արդ շատ տարիներից յետոյ եկայ որ իմ ազգին ողորմութիւն անեմ եւ ընծաներ բերեմ. 18  Որ այդ բանի մէջ մի քանի Ասիացի Հրէաներ ինձ գտան տաճարումը սրբուած, ոչ շատերի եւ ոչ էլ ամբոխի հետ: 19  Որ նորանց պէտք էր գալ քո առաջին եւ գանգատ անել, եթէ մի բան ունենային ինձանից: 20  Կամ հենց սորանք իրանք թող ասեն, թէ ինձանում ինչ անիրաւութիւն գտան՝ դեռ քանի որ ատեանումը կանգնած էի: 21  Բայց այս մէկ խօսքի համար, որ նորանց միջումը կանգնած աղաղակեցի, թէ Մեռելների յարութիւն առնելուն համար եմ ես այսօր դատվում ձեզանից: 22  Փելիքսն էլ երբոր լսեց այս բաները, նորանց ուշացրեց, որովհետեւ շատ լաւ տեղեկացած էր այն ճանապարհի համար, եւ ասեց. Երբ որ Լիւսիաս հազարապետը իջնէ, կ’տեղեկանամ ձեր գործին: 23  Եւ հարիւրապետին հրամայեց՝ որ Պօղոսին պահէ՝ բայց արձակութիւն տայ. եւ նորա մարդկանցից ոչ մէկին չ’արգիլէ՝ նորան ծառայութիւն անելու կամ նորա մօտ գնալու: 24  Եւ մի քանի օրից յետոյ Փելիքսն եկաւ իր Դրուսիլա կնկայ հետ, որ Հրէայ էր, Պօղոսին կանչեց՝ եւ նորանից Քրիստոսի հաւատքի համար բան լսեց: 25  Եւ երբոր նա խօսում էր արդարութեան եւ ժուժկալութեան եւ գալու դատաստանի համար, Փելիքսը շատ ահով բռնուեցաւ, եւ պատասխանեց. Դու հիմա գնա. երբոր ժամանակ ունենամ, կ’կանչեմ քեզ: 26  Բայց նա յոյս էլ ուներ, որ Պօղոսիցը մի բան կ’տրուի իրան, որ նորան արձակէ եւ նորա համար շատ անգամ կանչում էր նորան եւ նորա հետ խօսում: 27  Եւ երբոր երկու տարին լրացաւ, Փելիքսի տեղ եկաւ Փեստոս Պորկիոսը. եւ որովհետեւ Փելիքսը կամեցաւ Հրէաներին մի շնորհք անել, Պօղոսին կապած թողեց:

Ծանոթագրություններ

24։5 Կամ՝ հերձուածի։