Գործեր 4։1-37

4  Եւ նորանք տակաւին ժողովրդի հետ խօսելիս քահանաները* եւ տաճարի իշխանը եւ Սադուկեցիները նորանց վերայ հասան,  Սաստիկ բարկացած նորա համար՝ որ նորանք ժողովրդին սովորեցնում էին, եւ քարոզում էին Յիսուսի ձեռովը մեռելներից յարութիւն առնելը:  Եւ իրանց ձեռքերը գցեցին նորանց վերայ, եւ բանտի մէջ դրին մինչեւ հետեւեալ օրը. որովհետեւ արդէն իրիկուն էր:  Եւ այս խօսքը լսողներից շատերը հաւատացին. եւ մարդկանց համարը հինգ հազարի չափ եղաւ:  Եւ հետեւեալ օրը եղաւ որ նորանց իշխանները եւ ծերերը եւ դպիրները ժողովուեցան Երուսաղէմ:  Եւ Աննա քահանայապետը եւ Կայիափան, եւ Յովհաննէսը եւ Աղեքսանդրոսը, եւ այն ամենը որ քահանայական ցեղիցն էին:  Եւ նորանց կանգնեցնելով մէջտեղը՝ հարցնում էին թէ Ի՞նչ զօրութիւնով կամ ո՞ր անունով արիք դուք այս:  Այն ժամանակ Պետրոսը Սուրբ Հոգով լցուած ասեց. Ով ժողովրդի իշխաններ՝ եւ Իսրայէլի ծերեր.  Եթէ մենք այսօր հարցաքննվում ենք մի տկար մարդի երախտիքի համար, թէ ու ձեռովը սա բժշկուեցաւ, 10  Թող յայտնի լինի ձեզ ամենիդ՝ եւ բոլոր Իսրայէլի ժողովրդին, որ Յիսուս Քրիստոսի՝ Նազովրեցու անունը՝ որին դուք խաչեցիք, եւ որին Աստուած յարութիւն տուաւ մեռելներից, նորանով սա հիմա ձեր առաջին առողջ կանգնած է: 11  Նա է ձեզանից՝ շինողներիցդ անարգուած քարը, որ անկիւնի գլուխ եղաւ: 12  Եւ էլ մի ուրիշ ոչ մէկով փրկութիւն չ’կայ. որովհետեւ ուրիշ անուն էլ չ’կայ երկնքի ներքեւ մարդկանց տրուած, որով կարելի լինի մեզ փրկուիլ: 13  Եւ Պետրոսի եւ Յովհաննէսի համարձակութիւնը տեսնելով, եւ գիտենալով, որ առանց ուսմունքի եւ տգէտ մարդիկ են, զարմանում էին. միայն ճանաչում էին նորանց՝ որ Յիսուսի հետ էին: 14  Եւ այն բժշկուած մարդին էլ տեսնելով նորանց հետ կանգնած, ոչինչ չ’ունեին պատասխանելու: 15  Եւ հրամայեցին նորանց, որ ատեանիցը դուրս գնան, եւ իրար հետ խորհուրդ արին, 16  Եւ ասեցին. Ի՞նչ անենք այս մարդկանցը, որ երեւելի նշան եղաւ սորանց ձեռովը. որ Երուսաղէմի մէջ բոլոր բնակուողներին յայտնի է, եւ կարող չենք ուրանալ: 17  Այլ որպէսզի աւելի չ’տարածուի ժողովրդի մէջ, սաստիկ սպառնանք նորանց, որ այլ եւս այն անունովը չ’խօսեն մարդկանց ոչ մէկի հետ: 18  Եւ նորանց կանչեցին՝ պատուէր տուին, որ ամենեւին չ’խօսեն, եւ ոչ էլ սովորեցնեն Յիսուսի անունովը: 19  Բայց Պետրոսը եւ Յովհաննէսը պատասխանեցին նորանց եւ ասեցին. Եթէ արժան է Աստուծոյ առաջին՝ որ ձեզ աւելի ականջ դնենք քան թէ Աստուծուն, դուք դատեցէք: 20  Վասնզի մենք չենք կարող այն որ տեսանք եւ լսեցինք, չ’խօսել: 21  Իսկ նորանք սպառնալով արձակեցին նորանց, եւ ոչինչ չ’գտնելով թէ ինչպէս պատիժ տան նորանց ժողովրդի պատճառովը. որովհետեւ ամենքն էլ այն եղածի համար փառք էին տալիս Աստուծուն: 22  Վասնզի այդ մարդը քառասուն տարուց աւելի էր. որի վերայ այս բժշկութեան նշանը եղաւ: 23  Եւ արձակուելուց յետո եկան իրանցների մօտ, եւ պատմեցին ինչ որ քահանայապետները եւ ծերերն ասեցին նորանց: 24  Եւ նորանք երբոր լսեցին, միաբանութեամբ իրանց ձայները բարձրացրին դէպի Աստուած եւ ասեցին. Տէր, դու ես Աստուած, որ արիր երկինքը եւ երկիրը՝ ծովը եւ նորանց մէջի բոլոր բաները: 25  Որ քո Դաւիթ ծառայի բերանովը խօսեցիր եւ ասեցիր. Ի՞նչու համար ազգերը խռովեցին՝ եւ ժողովուրդներն ունայն բաներ մտածեցին: 26  Երկրի թագավորները վերկացան, եւ իշխանները մէկտեղ հաւաքուեցան Տիրոջ դէմ եւ նորա Օծեալի դէմ: 27  Որովհետեւ արդարեւ հաւաքուեցան քո սուրբ Որդի Յիսուսի վերայ, որին օծեցիր, Հերովդէսը եւ Պոնտացի Պիղատոսը՝ հեթանոսների հետ եւ Իսրայէլի ժողովուրդների հետ, 28  Որ անեն՝ ինչ որ քո ձեռքը եւ կամքն առաջուց սահմանեց լինելու: 29  Եւ հիմա, Տէր, նայիր նորանց սպառնալիքին, եւ տուր քո ծառաներին, բոլոր համարձակութիւնով քո խօսքը խօսել: 30  Որ քո ձեռքը մեկնես, որ բժշկութիւն, եւ նշաններ եւ հրաշքներ լինեն, քո Սուրբ Որդի Յիսուսի անունովը: 31  Եւ նորանք աղոթք անելիս՝ շարժուեցան այն տեղը, ուր որ ժողովուած էին, եւ ամենքը Սուրբ Հոգով լցուեցան. եւ Աստուծոյ խօսքը խօսում էին համարձակութեամբ: 32  Եւ հաւատացեալների բազմութեան սիրտը եւ հոգին մէկ էր. եւ ոչ ոք չէր ասում իր ստացուածքի մէկի համար՝ թէ իրանն է. այլ նորանց համար ամեն բաները հասարակաց էին: 33  Եւ առաքեալները մեծ զօրութիւնով վկայութիւն էին տալիս Տէր Յիսուսի յարութեան համար. եւ մեծ շնորհք կար նորանց ամենքի վերայ: 34  Որովհետեւ նորանց մէջ ոչ մէկը կարօտութիւն չ’ունէր. վասնզի նորանք որ ագարակների կամ տների տէր էին, ծախում էին, եւ ծախուածի գինը բերում էին, 35  Առաքեալների ոտների մօտ էին դնում. եւ ամեն մէկին տրվում էր ինչ որ պէտք էր ունենում: 36  Եւ Յովսէփը որ առաքեալներիցը Բառնաբաս կոչուեցաւ, որ Մխիթարութեան որդի կ’թարգմանուի, Ղեւտացի ծննդեամբ Կիպրացի, 37  Նա մի ագարակ ունէր, ծախեց եւ գինը բերաւ առաքեալների ոտների մօտ դրաւ:

Ծանոթագրություններ

4։1 Ոմանք՝ քահանայապետները։