Գործեր 6։1-15

6  Եւ այն օրերումն՝ երբոր աշակերտները շատացան, Հելլենախօսների* կողմանէ տրտունջ եղաւ Եբրայեցիների դէմ թէ նորանց որբեւայրիները ամեն օրուայ մատակարարութիւնների մէջ անտես էին լինում:  Եւ տաներկուսը կանչեցին աշակերտների բազմութիւնը եւ ասեցին. Մեզ վայել չէ որ Աստուծոյ խօսքը թողած սեղանին ծառայենք:  Հիմա, եղբայրներ, ձեզանից եօթը վկայուած մարդիկ ընտրեցէք, Սուրբ Հոգով եւ իմաստութիւնով լցուած, որոնց այս պիտոյքի վերայ դնենք:  Իսկ մենք աղօթքին եւ խօսքի պաշտամունքին հետեւինք:  Եւ այս խօսքերը բոլոր բազմութեան առաջին հաւանելի երեւեցաւ. եւ ընտրեցին Ստեփաննոսին որ Սուրբ Հոգով եւ հաւատքով լցուած մարդ էր, եւ Փիլիպպոսին եւ Պրոքորոնին եւ Նիկանովրային եւ Տիմովնային եւ Պարմենային եւ Անտիոքացի նորահաւատ Նիկողայոսին:  Նորանց կանգնեցրին առաքեալների առաջին. եւ աղօթք անելով ձեռք դրին նորանց վերայ:  Եւ Աստուծոյ խօսքը աճում էր եւ աշակերտների համարը խիստ շատանում էր Երուսաղէմումը. եւ քահանաներից էլ շատ բազմութիւն հնազանդվում էին հաւատին:  Ստեփաննոսն էլ հաւատքով եւ զօրութիւնով լցուած, մեծ մեծ հրաշքներ եւ նշաններ էր անում ժողովրդի մէջ:  Եւ վերկացան ոմանք այն ժողովարանից՝ որ Լիբերտինացիների* էր կոչվում. եւ Կիւրենացիներից եւ Աղեքսանդրացիներից եւ նորանցից որ Կիլիկիայից եւ Ասիայից էին, եւ վիճաբանում էին Ստեփաննոսի հետ. 10  Եւ չէին կարողանում դէմ կենալ այն իմաստութեանը՝ եւ այն հոգուն, որով նա խօսում էր: 11  Այն ժամանակ մի քանի մարդկանց հրապուրեցին որ ասեն, թէ Մենք լսեցինք դորանից, որ հայհոյութեան բաներ էր խօսում՝ Մովսէսի եւ Աստուծոյ դէմ: 12  Եւ ժողովրդին եւ ծերերին եւ դպիրներին գրգռեցին. եւ վերայ հասան յափշտակեցին նորան՝ եւ տարան ատեանը. 13  Եւ սուտ վկաներ կանգնեցրին, որ ասում էին. Այս մարդը չէ դադարում այս սուրբ տեղի եւ օրէնքի դէմ հայհոյութեան բաներ խօսելուց: 14  Որովհետեւ մենք լսեցինք դորանից՝ որ ասում էր, թէ Այս Յիսուս Նազովրեցին այս տեղը կ’քանդէ, եւ կը փոխէ Մովսէսի մեզ տուած սովորութիւնները: 15  Եւ ատեանումը նստողների ամենը երբոր մտիկ տուին նորան՝ նորա երեսը հրեշտակի երեսի նման տեսան:

Ծանոթագրություններ

6։1 Այսինքն՝ Հելլենախօս Հրէաների։
6։9 Այսինքն՝ Ազատուածների։